Լույս է տեսել ծնունդով սպիտակաշենցի (Շամխորի շրջան), երկար տարիներ մանկավարժական գործունեություն ծավալած, ապա իրավաբանի կրթություն ստացած ու դատախազության համակարգում աշխատած Մարտին Բարսեղյանի «Սպիտակաշենը գերության մեջ է…» գիրքը:
Գրքում տեղ են գտել Սպիտակաշենի վերաբերյալ փաստեր, լուսաբանվել պատմական անցյալի հուշ դարձած ցավոտ էջերը: Հեղինակն ուրույն կերպով է ներկայացրել հայրենի բնաշխարհը, մարդկանց, տարածաշրջանի պատմական ու մշակութային մեծ արժեք ներկայացնող տեսարժան վայրերը: Այս գիրքը հեղինակի վեցերորդ հոգեզավակն է: Հեղինակը գրքի վերջաբանում նշում է. «Այլեւս համագյուղացիներս չեն կարող լինել հայրենի գյուղում, մոտիկից շփվել միմյանց հետ, մասնակցել նրանց ընտանիքների ուրախություններին ու տխրություններին:
Այս կամ այն առիթով գյուղ գնալիս ոտքով բարձրանալ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված համագյուղացիների հիշատակին կառուցած հուշարձանի համալիրը, անուն առ անուն կարդալ նրանց ազգանունները, եւ իրենց հետ այցի գնացած երիտասարդներին բացատրել, թե ով ով է, ում հարազատն է, մտքով մի պահ վերհիշել, վերապրել անցյալը…Թող այս գիրքը տարեց համագյուղացիների համար դառնա հայրենի գյուղից, նրա մարդկանցից ինչ-որ չափով ու ձեւով կարոտը մարելու, ծարավը հայրենի բնաշխարհի սառնորակ աղբյուրների ջրերով հագեցնելու միջոց, երիտասարդների համար՝ պապերի ու նախապապերի մարդկային վեհ հատկանիշների ու արժանիքների հետ առնչվելու, նրանց դրական շատ գծեր վերցնելու եւ կյանքում արժանապատիվ մարդ մնալու ձգտում, իսկ նրանցից սերվածների համար Հայրենիքի կարոտը միշտ վառ պահելու փափագը»:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»
15.06.2016