Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչում՝ իմ տոհմը

Հունիս 16,2016 14:30

Տոհմասիրության ակունքը տոհմաճանաչողությունն է

Չիլինգարյանները հայ ժողովրդի այն հին տոհմերից են, ովքեր կարողացել են ուսումնասիրել իրենց պատմությունը, կատարել բանահավաք մեծ ծավալի աշխատանքներ: Այս ամենը դեռեւս դպրոցահասակ տարիներից կատարել է տոհմի եւ հայ ժողովրդի նվիրյալ, գրող-գիտնական Էդվարդ Սարգսյանը: Հավաքված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1975-1980 թվականների ընթացքում կազմել է Չիլինգարյանների-Մամիկոնյանների գրեթե 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 արական սեռի տոհմակիցների շարունակական կառուցվածքը՝ սկսած 1650 թվականից: Տոհմը ընդգրկում է շուրջ 13500 մարդ, որոնք կրում են 78 տարբեր ազգանուններ (Չիլինգարյան, Չիլինկիրյան, Չլինգարյան, Սարգսյան, Վարդանյան, Գրիգորյան, Հայրապետյան, Առաքելյան, Հովսեփյան, Պետրոսյան… եւ այլն): Չիլինգարյաններն իրենց պատմության ընթացքում հիմնադրել կամ վերաբնակեցրել են 20 գյուղ (Վանք, Կոճողոտ, Մեծ Պարնի, Նավուր, Իծաքար, Վարդաբլուր, Քարինջ, Մարց եւ այլն): Այս բնակավայրերում ներկայում էլ բնակվում են Չիլինգարյանները՝ պահպանելով իրենց տոհմական պատմություններն ու ավանդույթները, այս բնակավայրերը հարազատ են բոլոր տոհմակիցների համար: Հասարակական կազմակերպություն ստեղծելուց հետո (2010 թվական, նախագահ՝ Մելս Չիլինգարյան), Չիլինգարյանների տոհմը իր առջեւ խնդիր է դրել հաշվառել տոհմակիցներին, հորդորել երիտասարդներին ճանաչելու սեփական տոհմի պատմությունը: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել:

7-2

Սերտ կապեր են հաստատվել Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 դպրոցի հետ, համալրել թանգարանը տոհմական նյութերով:

2013 թվականին Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ռուբեն Սեւակի թանգարան-պատկերասրահը, որն ընդգրկում է մեծ բանաստեղծի անձնական իրերը, նամակներն ու հայ նկարիչների շուրջ 200 բարձրարժեք գեղարվեստական գործեր: Այս ամենը նվիրաբերել է գրողի եղբորորդին՝ գրող-հրապարակախոս, մեծ բարերար Հովհաննես Չիլինկիրյանը:

2014 թվականին երկարատեւ աշխատանքներից հետո Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանում բացվեց Չիլինգարյանների տոհմական մշտական ցուցադրությունը (տոհմածառը, որպես թանգարանային նմուշ այնտեղ էր գտնվում դեռեւս 1983 թվականից), որտեղ ցուցադրվում են տարբեր վայրերում բնակվող (Արցախ, Տավուշ, Լոռի) Չիլինգարյան զինագործ-դարբինների պատրաստած զենքերը, կենցաղային իրերը, արհեստավորական գործիքները:
Վերը նշված այս երեք օջախները Չիլինգարյանների համար նվիրական են ու հարազատ, որոնց ճանաչողության համար այս տարվա մայիսի 29-ին կազմակերպվեց «Ճանաչում՝ իմ տոհմը» միջոցառումը: Այդ օրը առավոտյան կազմակերպության գրասենյակից մեքենաները շարժվեցին դեպի Սարդարապատ: Վարդաբլուրից, Ջուջեւանից, Ճամբարակից, Քարինջից եւ Երեւանից 23 պատանի Չիլինգարյաններ իրենց ավագ տոհմակիցների ուղեկցությամբ գնում էին տոհմաճանաչության վայրեր: Նրանցից շատերն առաջին անգամ էին գտնվում Երեւանում: Ամբողջ ճանապարհին ավագ տոհմակիցներ Սեյրան Չիլինգարյանը, Կարեն Առաքելյանը պատմում էին տոհմի անցած պատմության, նրա նշանավոր մարդկանց, հասարակական կազմակերպության ստեղծման մասին:

Սարդարապատի թանգարանում պատանիներին ջերմորեն ընդունեց թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, իսկ ցուցադրությունների բացատրությունները կատարում էր փորձառու թանգարանագետ տիկին Թագուհին: Բոլորի ոգեւորվածությունը իր գագաթնակետին հասավ, երբ վերջում խումբը կանգնեց տոհմածառի եւ տոհմական ցուցադրությունների հատվածում: Դա յուրատեսակ հանդիպում էր անցյալի եւ ներկայի հետ:

13479422_992110747577337_1089642777_n

Սարդարապատից պատանիների խումբը ուղեւորվեց Էջմիածին՝ Ռուբեն Սեւակի թանգարան-պատկերասրահ: Պատկերասրահի աշխատակից Լուսինեն հանգամանալից ներկայացրեց Ռուբեն Սեւակի՝ մի կողմից ռոմանտիկ, մյուս կողմից՝ ազգասեր-հեղափոխական կյանքն ու եղերական մահը: «Զի թուրն ավելի արդար է խաչեն, զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են, անոնց, որ կապրին ուրիշի մահով», – Ռուբեն Սեւակը այս խոսքերը գրել է ընդամենը 24 տարեկանում, մի ուղերձ, որն արդիական ու պահանջված է նաեւ այսօր, ոգեշնչող դարձավ պատանիների համար, որոնք ինքնաբուխ սկսեցին երգել հայրենասիրական երգեր, արժանացան թանգարանի տնօրեն տեր Սեւակ քահանայի օրհնությանը:
Օրն ավարտվեց «Երեւան թայմ» պանդոկում, որտեղ ճանաչողական զրույցներին հաջորդում էին երգն ու տոհմական պատմությունները: Վերջում՝ որպես այդ օրվա հուշ, պատանիները նվեր ստացան մեկական տոհմածառ եւ հասարակական կազմակերպության տարեգրության բրոշյուր: Հաստատ է, որ տոհմասիրության ակունքը տոհմաճանաչողությունն է:

«Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմա-ազգագրական հասարակական կազմակերպության լրատվական ծառայություն

 

«Առավոտ»

15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ Սարգսյան says:

    Սիրելի երիտասարդներ,
    Ամեն անգամ, երբ մեր ժողովրդի գլխին վտանգ է կախվել, բոլորը հայացքներն ուղղել են Մամիկոնյաններին:
    Մամիկոնյանների ժամանակը մոտենում է: Մենք դեռ միասին շատ գործեր ունենք անելու:
    Ձեր՝ Էդվարդ Սարգսյան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930