Կռատուկը 100-150 սմ բարձրությամբ երկամյա բույս է, որը ծաղկում է ամռանը: Այն համարվում է մոլախոտ, սակայն շատ արժեքավոր հատկություններով է օժտված: Բուժական նպատակով օգտագործվում է հիմնականում բույսի արմատը, որը պետք է հավաքել կամ գարնանը, կամ աշնանը:
Ռեւմատիկ ցավերի, ուռուցքների, մաշկային գոյացությունների, տաքության, տենդի դեպքում թարմ տերեւը տրորում են ու կապում հիվանդ մասի վրա:
Ունի միզամուղ, քրտնամուղ, նյութափոխանակությունը խթանող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող հատկություններ: Կիրառվում է երիկամային, միզաքարային, ստամոքսի խոցային հիվանդությունների, դերմատիտների, քոր եկող մաշկային ցաների դեպքերում: Օգտագործվում է արտաքին ողողումների ձեւով, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ: Տեղային օգտագործմամբ նպաստում է մազերի արագ աճին:
Օգտագործելու համար կարելի է պատրաստել ե՛ւ ջրաթուրմ, ե՛ւ եփուկ, ե՛ւ քսուք:
Ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, որից հետո այն կարելի է խմել մեկական ճաշի գդալ, օրական 4 անգամ, ուտելուց առաջ:
Եփուկ պատրաստելու համար 110 գրամ կռատուկի արմատը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ եռացրած ջուր, փակել կափարիչով եւ տաքացնել եռացող ջրի մեջ, ջրային բաղնիքում, 30 րոպե` հաճախակի խառնելով այն: Մնացորդային հումքը քամել, մզել ու թափել: Ստացված եփուկի քանակը դարձնել 200 միլիգրամ` ավելացնելով համապատասխան չափի եռման ջուր:
Խմել կես բաժակ, գոլ վիճակում, օրական 2-3 անգամ:
Արմատից քսուք պատրաստելու համար 15 գրամ հումքը 200 միլիգրամ ջրում եփել մինչեւ ծավալով կիսվելը, հետո տաք վիճակում ավելացնել 100 գրամ խոզի ճարպ եւ ջեռոցում պահել 2 ժամ: Օգտագործել մազաթափության դեպքում:
Չբուժվող վերքերի բուժման համար եւս կարելի է քսուք պատրաստել: 75 գրամ թարմ, բայց մանրացված արմատը թրմել 200 միլիգրամ արեւածաղկի յուղի մեջ ընդամենը 1 օր, որից հետո եփել 15 րոպե ու քամել:
Տերեւի հյութը, ներս թափանցելով մաշկից, արագ կերպով սկսում է ազդել: Այս մեթոդի կիրառման դեպքում տերեւը պետք է լվանալ, լույսին նայող մակերեսը դեպի ներքեւ շուռ տված դնել սեղանի վրա` մի քանի հատ` մեկը մյուսի վրա. վրայից դնել եռացող ջրով թաս եւ պահել 5 րոպե, այնուհետեւ այդ «գաթան» լույսին նայող մակերեսով` ըստ բույսի աճի, դնել հիվանդ մասին, փաթաթել թղթով կամ շորով, ինչպես կոմպրեսի ժամանակ ու պահել 1 ժամ, օրը 2-3 անգամ:
Ճապոնիայում, ելնելով այս բույսի արժեքավոր հատկությունից, ցանում են այն ու արմատները օգտագործում սննդի մեջ:
Տերեւների հյութն օժտված է ուժեղ հակաբորբոքիչ հատկություններով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
15.06.2016