Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ ղուրբան…ուզո՞ւմ եք` առավոտ սուրճ բերենք, արձանագրությունները, բան…». Դավիթ Հարությունյան

Հունիս 15,2016 23:58

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խորհրդարանում հունիսի 15-ին կայացավ «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի  շուրջ հերթական քննարկումը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի շարք հարցադրումներ արեցին, օրինակ` ի՞նչ է լինելու, եթե էլեկտրոնային համակարգը չճանաչի քաղաքացու մատնահետքը: «Եթե մեկի մատնահետքը համընկնի մեկ այլ քաղաքացու մատնահետքի հետ, կամ քաղաքացու մատնահետքն առկա լինի համակարգում, սակայն վերջինս այն չճանաչի, իդենտիֆիկացումը կարվի քաղաքացու «դեմքով եւ անձնագրով»` ինչպես արվում է օդանավակայաններում»,-հստակեցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` հորդորելով հեծանիվ չհորինել:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, թե ընտրողների անձնագրի սերիան չի՞ տրամադրվում, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը հակադարձեցին` «ոչ»: «Ձեր ինչների՞ն է պետք սերիան: Ձեզ հետաքրքրում է` ովքեր են իրականում մասնակցել քվեարկությանը: Ձեզ ասում եմ` քվեարկությանը մասնակցել են համար 1-ը, 3-ը, 7-ը, իսկ 14-ը եւ 15-ը նույնականացվել են անձնագիր ներկայացնելով: Դուք համացանցից կարող եք ցուցակը ներբեռնել եւ տեսնել, որ համար 1-ը այսինչն է…»,-ասաց Դավիթ Հարությունյանը, ապա հավելեց. «Գնացեք, դուռը ծեծեք, հարցրեք` այստե՞ղ է այդ մարդը, թե ոչ»:

Հարցին` հնարավոր չէ՞ կուսակցությունները ոչ թե քվեարկությունից հետո 40 ժամվա ընթացքում, այլ ավելի շուտ ստանան քվեարկած քաղաքացիների համարները, Հարությունյանը պատասխանեց. «Եթե մեկը երազում է ստանալ այդ տվյալները, թող վստահված անձ ունենա: Ես ձեզ ղուրբան, եթե կուսակցությունը որոշել է ընտրատեղամասում վստահված անձ չունենալ, «ոտը ոտին գցել», մենք էլ ի՞նչ անենք…Ուզո՞ւմ եք` առավոտ սուրճ բերենք, արձանագրությունները, բան…»։

Եգորյանը նկատեց, որ ըստ ԸՕ-ի` ընտրություններին մասնակցող կուսակցություններին իրավունք է տրվում տարածքային հանձնաժողովներից ստանալ էլեկտրոնային գրանցման համակարգերի տեղեկանքները` ընտրությանը մասնակցած քաղաքացիների համարների վերաբերյալ. «Ասվում է, որ այդ տեղեկանքները ստանալու համար կարելի է դիմել քվեարկության ավարտից հետո 40 ժամվա ընթացքում»: Քաղհասարակության ներկայացուցիչներն ակնարկեցին, որ դա բավարար ժամանակահատված չէ եւ պետք է նախապես բողոքարկել: «Իսկ կարելի է՞ ես մեկ տարի առաջ նախապես բողոքարկեմ եւ պահանջեմ վերահաշվարկ: Ողջամիտ չէ»,-կրկին հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավական ոլորտի հարցադրումները նյարդայնացրին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին: «Քաղաքական փաստաթուղթ ենք քննարկում ի վերջո, իսկ դուք ասում եք` եթե այսպես լինի, եթե այնպես լինի…Բավական է»: Տիկին Զոհրաբյանին հորդորեցին խնայել նյարդերը. «Դուք դիտավորյալ տանում եք տապալման»,-հավելեց նա:

Քննարկման ավարտին Դավիթ Հարությունյանն ընդդիմության ներկայացուցիչներին խնդրեց ԸՕ շուրջ առաջարկներն ուղարկել իրեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930