Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընթերցող Երևան». մանկական գրականությունն ամենապահանջվածն է

Հունիս 15,2016 23:00

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այսօր բացվեց «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը: «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում արդեն երրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսում հրատարակչությունները ներկայանում են մանկական, մասնագիտական, գեղարվեստական, թարգմանական գրականությամբ:

«Բուկինիստ» հրատարակչության տաղավարում, օրինակ, մեծ տեղ էին զբաղեցնում մանուկների համար նախատեսված գրքերը:

Հրատարակչության մենեջեր Սյուզաննա Շահնազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հենց դրանք էլ ամենամեծ պահանջարկն ունեն: Երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է:

«Մի շրջան եղավ, որ գրքի նկատմամբ սերը, կարծես թե, պակասեց: Դա այն ժամանակ էր, երբ համացանցն արագորեն մտավ մեր կյանք: Հիմա մարդիկ նորից սկսել են նախապատվությունը տալ գրքի ավանդական՝ թղթային տարբերակին, թերթել, զգալ գրքի արժեքը»,- ասաց Սյուզաննա Շահնազարյանը:

Մանկական գրականության նկատմամբ մեծ հետաքրքրության, պահանջարկի մասին փաստեց նաև «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

«Նկարազարդումները մեզ համար մեծ կարևորություն ունեն, որովհետև հատկապես մանուկ ընթերցողներին այսօր այնքան շեղող բաներ կան՝ համացանց, խաղեր և այլն, որ գիրքը նույնպես պետք է խաղային որոշ տարրեր պարունակի, որպեսզի ընթերցանությունը երեխայի համար գրավիչ ու կլանող լինի: Այդպիսի գրքեր մենք արդեն մի քանի տարի է՝ հրատարակում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Մեսրոպյանը:

Հետաքրքրություն կա նաև մեծահասակների համար նախատեսված գրականության նկատմամբ. «Հատկապես վերջին տարիներին գրված գործերի թարգմանություններն ավելի են նպաստում դրան: Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպերի թարգմանությամբ մենք մոտեցնում ենք հայ ընթերցողին արտասահմանյան ժամանակակից գրականությանը, նա կարողանում է հայերենով հաղորդակցվել դրան, ու գրականության հանդեպ հետաքրքրությունը կարծես թե ավելի է մեծանում»,- նշեց Արթուր Մեսրոպյանը:

Հավելենք, որ «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը բաց կլինի նաև վաղը՝ հունիսի 16-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930