«Կարեւոր է, որ ունենանք մատնահետքերի բազա, որ տեսանկարահանում լինի: Հիմա սա եղածից լա՞վ է, թե վատ: Իհարկե, լավ է»,-ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում հունիսի 15-ին 4+4+4 ձեւաչափով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունների ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր հերթին տեղեկացրեց, որ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը եւս ԸՕ շուրջ քննարկումները վերսկսելու հիմքեր է տեսնում, իսկ լայն կոնսենսուսի հասնելու համար առաջարկ ունի` անդրադառնալ համամասնական ընտրակարգին. «Դա կբերի լայն կոնսենսուսի: Ինչ վերաբերում է առաջարկներին, մենք կարեւորում ենք դրանք եւ կշարունակենք տեսակետներ հայտնել»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ընդդիմության հինգ պահանջներն ընթերցեց. «Առաջինը ստորագրված ցուցակների հրապարակումն էր, 2-րդը` մատնահետքերով ընտրողների իդենտիֆիկացիան, 3-րդը` ցուցակների մաքրումը վրացական տարբերակով, 4-րդը` տեսախցիկների տեղադրումը եւ 5-րդը` ռեյտինգային քվեարկությունից հրաժարվելը: Ըստ էության, իշխանությունը 4 պահանջների դեպքում ներկայացրել է լուծումներ: Ցուցակների հրապարակման կապակցությամբ հնարավորություն կունենանք պաշտոնապես իմանալ` ո՞վ է քվեարկել: Ցուցակների մաքրման հարցում, ըստ էության, ընդունվում է ավելի լավ տարբերակը, քան վրացականը: Ստացվում է, որ մատնահետքերը հանձնողներն են քվեարկելու իրավունք ստանում, ինչն ավելի ճշգրիտ գործընթաց է ցուցակները մաքրելու ուղղությամբ: Փաստորեն, ունենք նաեւ մատնահետքերի իդենտիֆիկացիան, նախագրանցման ինստիտուտն էլ շատ կարեւոր է, տեսախցիկների տեղադրումը եւ ուղիղ հեռարձակումը` նույնպես: Մեր խնդիրը կապված է ռեյտինգային քվեարկության հետ: Այստեղ իշխանությունը ոչ մի զիջման չի գնացել»:
Զուրաբյանը որոշակի մեջբերումներ առանձնացրեց ընդդիմության եւ իշխանության միջեւ քննարկման դրված համաձայնության տեքստից: «Համաձայնությունը կոչվելու է «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական տեխնիկական մեխանիզմերի սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն»: Սա մասնակի համաձայնություն է, որը վերաբերում է օրինականության տեխնիկական վերահսկման խնդիրներին: Տեքստի վերջին կետում գրված է, որ սույն համաձայնությունը չի նշանակում կոնսենսուս ողջ ընտրական օրենսգրքի շուրջ: Համաձայնող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկման ընթացքում հասնել համաձայնության` նաեւ այլ դրույթների վերաբերյալ»,-ասաց Զուրաբյանը եւ պնդեց, որ ռեյտինգային քվեարկության խնդիրը եւս համաձայնության տեքստի մեջ նշվի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ