Հոգեբան Կարինե Նալչաջյանի բնորոշմամբ, տասնհինգամյա պատանին միայն խեղված հոգեբանության արդյունքում կարող է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել հնգամյա ու իննամյա երեխաների նկատմամբ:
«Երբ փոքրիկ երեխաների նկատմամբ են նման գործողություններ արվում, իհարկե, խեղված հոգեբանական վիճակի բարձր աստիճանի մասին է վկայում: Կա սեռական ցանկությունը, եւ այդ երեխաները, որպես ավելի փոքրիկ ու անօգնական, կարծում եմ, որ ավելի մատչելի են, ավելի մեծերը դժվար մատչելի են, նրանք կարող են դիմադրել, գնալ,կատարվածի մասին պատմել ուրիշներին: Հավանաբար, մեծերի նկատմամբ վախի զգացողությունը մեծ է եղել, իսկ փոքրիկներն անօգնական են ու այդ պատճառով թիրախ են դարձել հենց նրանք»,- ասաց հոգեբանը:
Հիշեցնենք, որ մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա եւ 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության եւ գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբերին նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Հոգեբանի խոսքով, պատանիներին սեռական գործողություններ անելուն մղում են հաճախակի պոռնոգրաֆիական ֆիլմեր դիտելն ու նյութեր կարդալը.
Կարդացեք նաև
«Մտնում ես ինտերնետ, ամենասովորական նյութը նայելու, այնպիսի նկարներ են գալիս: Մենք հասուն մարդիկ ենք, կարող ենք նույնիսկ չնկատել դրանք, բայց սովորական երեխաների համար դրանք շատ հետաքրքիր ու գրավիչ են: Որոշ ժամանակ առաջ ինձ մի մայր սարսափահար զանգահարեց, պատմեց, որ տասնամյա տղան դպրոցում լավ սովորող, կազմակերպված երեխա է ու պատահաբար է հայտնաբերել, որ երկար ժամանակ նա հրապուրված է պոռնոգրաֆիկ նյութերով:
Կան սոցիալհոգեբանական հետազոտություններ, որոնք հաստատում են՝ դեռահասների կյանքում բռնաբարությունների դեպքերը, կանանց նկատմամբ հատուկ ագրեսիայի դեպքերը կապված են պոռնոգրաֆիական բովանդակությամբ ֆիլմեր, նյութեր դիտելով: Այդ պոռնոգրաֆիական նյութերի արդյունքում էլ ձեւավորվում է կնոջ նկատմամբ սիրո աղավաղված ֆիզիկական գրավչությունը: Աղավաղված ձեւով են ընկալում, նրանց կարծիքով կնոջ նկատմամբ այդպիսի վերաբերմունքն է նորմալ:
Ամերիկացի հոգեբանների հետազոտությունների արդյունքներին եմ ծանոթ, արդյունքները վկայում են՝ շատ դեպքերում դեռահասները պոռնոգրաֆիական ֆիլմեր են նայում ու հետո այդ տրամադրություններով դուրս են գալիս փողոց ու տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Երեխաների համար սեռական կյանքի ոլորտը, ինտիմ հարաբերությունների ոլորտը միշտ էլ խորհրդավորության շղարշով ծածկված ոլորտ է: Կապված թե ինչպես կձեւավորվի այդ ոլորտը, այդպես էլ կձեւավորվի նրանց դիրքորոշումները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ