Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը:
ՀՀ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է նոր սերնդի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի մարտահրավերներն ու ծանոթանալու նրանց նորարարական գաղափարներին: «Բառացիորեն մի քանի օր առաջ հենց այս դահլիճում հանդիպեցի Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ, և մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց: Ես լիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու: Տեղյակ եմ, որ ձեր կազմակերպությունն իր ստեղծման օրվանից կոչված է եղել ակտիվացնելու երկխոսությունը տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների հետ, սերտացնելու հարաբերությունները, ամրապնդելու փոխգործակցությունը, ինչպես նաև խթանելու երիտասարդների գործունեությունը: Կազմակերպության նպատակներն ամբողջովին համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, և մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի մեր պետական տարբեր կառույցների կողմից որոշումների ընդունման գործընթացում ներգրավենք երիտասարդներին և որ ամենակարևորն է՝ այդ որոշումներն իրականացնելիս ակտիվ դերակատարություն տանք երիտասարդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ աշխատանքը երիտասարդների հետ օրենսդիր, գործադիր մարմիններում կամ կուսակցական աշխատանքում:
Նախագահը կարևորել է, որ համաժողովի մասնակիցները Հայաստան այցելությամբ հնարավորություն են ստացել նաև որոշ չափով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր և առաջարկել է հետագայում ծրագրել այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Տեղյակ եմ, որ ձեր քննարկումներում անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի և իշխանությունների մասին, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը»,-նշել է ՀՀ Նախագահը:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և հեռանկարին, ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտմանն ու ԼՂ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ագրեսիային, այնպես էլ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններին ու բարենպաստ պայմաններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և դրա զարգացմանը միտված նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացին, համայն մարդկության համար այդ գործընթացի կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման հեռանկարին, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և մի շարք այլ թեմաների:
Հանրապետության Նախագահը հանդիպման ավարտին հաջողություններ է մաղթել «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երևանյան համաժողովին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ