«Իշխանությունը ներկայացրել է մի առաջարկ, մի փաստաթուղթ, նախագիծ, որը, մեր կարծիքով, պարունակում է բավականին լուրջ քայլեր` ընդառաջ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության առաջարկներին: Դա թույլ է տալիս սկսել 4+4+4 ձեւաչափով բանակցությունները»,-ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում հունիսի 15-ին 4+4+4 ձեւաչափով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունների ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Քննարկման սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իշխանության մի շարք առաջարկներ: «Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգիրքն իրականում ընդունվել է շատ լայն կոնսենսուսով: Այնուամենայնիվ, համարում ենք, որ ինչքան լայն կոնսենսուս, այնքան ավելի լավ: Մեր առաջարկի գաղափարը բաժանվում է մի քանի խմբերի: Առաջինը դա ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային համակարգի ներդրումն է, որը թույլ կտա իրականացնել նախագրանցում` պայմանով, որ անվճար կտրամադրվի նույնականացման քարտ: Այս պահի դրությամբ նույնականացման քարտ տրամադրվում է երկու մատնահետքի գրանցման հիման վրա: Այդ մատնահետքերի շտեմարանը հասանելի կլինի աուդիտի համար, իսկ աուդիտը կարող է ձեւավորվել Կառավարության որոշմամբ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը մասնավորեցրեց, որ նույնականացման քարտ չունեցողների նախնական գրանցումը պետք է ավարտվի քվեարկության օրից քսան օր առաջ. «Հստակ նշել ենք, թե նախագրանցումը որ խմբերի անձանց վրա չի տարածվում: Կարող ենք մատնահետքերը զետեղել համապատասխան սարքավորման մեջ, եւ անձը գրանցվի ոչ թե անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով, այլ մատնահետքով»:
Կարդացեք նաև
Իշխանության մյուս առաջարկը վերաբերում է արդեն իսկ քվեարկած ընտրողների ցուցակների հասանելիությանը: «ԸՕ-ում զետեղվել է մեխանիզմ, որը, մեր խորին համոզմամբ, ամբողջությամբ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ այդ ցուցակներին` միաժամանակ չխախտելով Վենետիկի հանձնաժողովի կողմից ամրագրված սկզբունքները: Վստահված անձանց հնարավորություն է տրվում ստանալ այն համարները, որոնք քվեարկել են: Սա ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Խնդիրը երկու կարեւոր նորամուծություններն են: Եթե ինչ-որ քաղաքական ուժ ընտրատեղամասում չի կարողանում ապահովել վստահված անձի ներկայություն, պետք է հնարավորություն ունենա դիմելու տարածքային հանձնաժողովին եւ խնդրելու, որ վերջինս տրամադրի ընտրություններին մասնակցած անձանց համարները: Երկրորդ փոփոխությունը հետեւյալն է` կան դեպքեր, երբ մատնահետքը հնարավոր չէ ինդենտիֆիկացնել: Օրինակ` կոշտուկների առկայության դեպքում մի շարք անձանց մատնահետքերը բավարար ինֆորմատիվ չեն: Այդպիսի անձանց պարագայում քվեարկությունը պետք է իրականացվի անձը հաստատող փաստաթղթերով»:
Իշխանության մյուս առաջարկը նախկինում էլ է արվել, միայն թե այն ժամանակ ասվել էր, որ քվեարկության ուղիղ հեռարձակման ժամանակ կապի խափանումներ են հնարավոր: «Գտնում ենք, որ գործընթացը պարտադիր պետք է նկարահանվի եւ հեռարձակվի: Եթե կա նկարահանում, այն չի կարող ստվեր գցել գործընթացի վրա: Այն միշտ կարող է օգտագործվել` ապացուցելու համար, որ այս կամ այն տեղամասում խնդիր չկա: Կողմերը պետք է դիմեն դոնոր-կազմակերպություններին` առաջարկելով ֆինանսավորել սա: Միայն ֆինանսավորման դեպքում այս փաթեթը կյանքի կկոչվի»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ