Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների հարցով բողոք կուղարկվի ՄԻԵԴ

Հունիս 15,2016 18:33
shirxanyan

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշումը նախկին փոխնախարարի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը համարում է հոգեբանական ճնշում իր պաշտպանյալի նկատմամբ:

«Մեր կողմից բարձրաձայնված այն հիվանդությունները, որոնք ունի Վահան Շիրխանյանը որեւէ գնահատականի չարժանացան նախաքննության ընթացքում, նախաքննական մարմինը դրանք անտեսեց, նախաքննության ժամանակ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ էլ փորձեցին  հիմնավորել նրա՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքը, որ նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Այնինչ խնդիրը միայն այն չէ, որ Վահան Շիրխանյանը առողջական վիճակի պատճառով  կարող է գտնվել կալանքի տակ կամ չգտնվել, այլ այն է, որ առողջական վիճակն ու նրա անձը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ խափանման այլ միջոց պետք է ընտրեին»,- ասաց փաստաբանը:

Պարոն Ոսկանյանը իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու միտում է տեսնում. «Ցանկանում են դրանով հոգեբանական ճնշում գործադրել Վահան Շիրխանյանի նկատմամբ, քանի որ սպառվել են արդեն նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, չկա նաեւ այդպիսի որեւէ ապացույց, որը կարող են ձեռք բերել ու արդարացված համարել Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելը, այդ պատճառով գտնում ենք, որ վարույթ իրականացնող մարմինը գտնվում է  անելանելի վիճակում եւ փորձում է, այսպես ասած, ժամկետ ձգձգելով՝ Շիրխանյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ ձեռք բերել ու ներկայացնել»:

Ստեփան Ոսկանյանի խոսքով, Շիրխանյանի՝ կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում իրենց հաջողվել է ապացուցել, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց պաշտպանյալի ոչ միայն առողջական վիճակն է վատացել, այլեւ առողջական վիճակի վրա ազդել են նոր հիվանդությունները, որոնք ի հայտ են եկել նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամանակ. «Բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք առաջին ատյանի դատարան, բայց դատարանը հաշվի չառավ ներկայացված որեւէ հանգամանք»:

Վահան Շիրխանյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտը Վերաքննիչ դատարանում, իսկ նրա առողջական վիճակի մասով կդիմեն նաեւ ՄԻԵԴ. «Քանի որ այդ բոլոր միջամտությունները հանգեցրել են  նրա առողջական վիճակի կտրուկ վատացման, որոնք անհամատեղելի են կյանքի հետ: Գտնում ենք ՝ կարող է առաջանալ մի վիճակ, որ բժշկական որեւէ  միջամտություն այդ պայմաններում չկարողանա օգնել նրան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930