Լրահոս
Օրվա լրահոսը

Բացված է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը (Տեսանյութ)

Հունիս 15,2016 17:58

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։  2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես  փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին  ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։ Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել  այդ ճանապարհահատվածում  հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

«Այժմ մենք գտնվում ենք Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի սկզբնամասում, որտեղ, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում է բացվել երկկողմանի երթևեկությունը: Երկկողմանի երթևեկությունը ժամանակավոր կարգավորում էր ստացել այն պատճառով, որ պայմանագրային հարաբերություններում կա շինարարի պարտավորություն: Յուրաքանչյուր հայտնաբերված թեկուզ չնչին թերություն պետք է շտկվի աշխատանքներն իրականացնող կազմակերպության միջոցներով մինչև հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումը: Դրա համար իրենց տրվում է եղանակային բարենպաստ պայմաններով 42 աշխատանքային օր: Դրանք տեխնիկական աշխատանքներ են, այսինքն՝ աշխատում է տեխնիկա, անձնակազմ: Գործընթացն ավելի արագացնելու համար իսպանական կազմակերպությունը խնդրեց երթևեկությունը ժամանակավոր դարձնել միակողմանի: Դրանով մենք ժամանակ շահեցինք, ինչպես նաև պահպանվեց անվտանգությունը: Ինձ թվում է՝ դա ավելի ճիշտ է, քան շարժի տակ աշխատանքներ իրականացնելը»,- նշեց  «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրեն Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»  կապալառու ընկերության, տեխհսկողությունը և ծրագրի կառավարումն իրականացնող կազմակերպության, հատուկ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման համար ստեղծված գերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարեցին վերջնական ավարտական թեստավորման աշխատանքները, որից հետո վերաբացվեց այդ  ճանապարհահատվածի երկկողմ երթևեկը:

Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք),  24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ)   հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Նոր ծրագիր է մշակվել կառավարության կողմից: Տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի Տրանշ 3-ի ֆինանսավորման շրջանակներում պատրաստվել են նախագծեր, հայտարարվել է մրցույթ՝ 10 վերգետնյա անցումներ և կամուրջներ վերանորոգելու և նորերը կառուցելու համար: Դրանից բացի, հիմնանորոգվելու են առկա 6 կամուրջները, համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ հատվածներում ևս կազմակերպվելու է երթևեկության կարգավորում»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը:

Հատկանշական է, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված միջազգային մրցույթներում մրցակցելով իտալական և չինական կազմակերպությունների հետ՝ հաղթող են ճանաչվել հայկական կազմակերպությունները:

«Մասնակցելով միջազգային մրցույթին` մեր ընկերությունը հաղթել է: Պետք է կամուրջը դեմոնտաժենք և բարձրացնենք 70սմ-ով, հիմա բարձրությունը 4,50 մ է և չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Աշխատանքների ավարտից հետո այն կդառնա 5.20: Աշխատանքները տևելու են 540 օր»,- ասաց «Մոնտաժ տրանշին» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Սեդրակյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի հենց այս հատվածում է կառուցվելու  3 նոր վերգետնյա ուղեանցերից մեկը:  Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Սահակյանշին» կազմակերպությունը:

– Մարմարաշեն գյուղի ծայրամասում, կառուցելու ենք դեպի Մասիս գնացող կամուրջը, որի թռիչքը 72 մետր է, իսկ լայնությունը` 14,5: Իրականացնելու ենք սկզբից հողային աշխատանքներ, նախապատրաստական աշխատանքներ, հետո կսկսենք հենարանների տեղադրումը, ապա հողայիններով կգնանք-կլծորդվենք ճանապարհին: Կառուցապատման աշխատանքները տևելու են 18 ամիս,- նշեց «Սահակյանշին» կազմակերպության աշխղեկ Լևոն Ղազարյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի վերջնական դիտարկումն ավարտելուց և  այդ հատվածի երկկողմ երթևեկն ապահովելուց հետո  մասնագետներն ուղևորվում են  Երևան-Աշտարակ ավտոճանապարհ: Հերթն այդ հատվածի երկկողմ երթևեկի ապահովմանն է:

Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատանքներն կատարված են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Տեղադրված են «ՖԻԼԻՊՍ» կազմակերպության արտադրության լեդ լուսատուներ, բետոնե ծածկն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային չափորոշիչներին,- շեշտեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության Հայաստանի գրասենյակի աշխատախմբի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը վստահեցնում է, որ  կատարված լրացուցիչ աշխատանքների ընթացքում շտկվել են բոլոր թերությունները:

– Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնականում եղել են կահավորման աշխատանքներ, եթե եղել են թերություններ, վերացրել ենք: Կարող եմ վստահորեն ասել, որ սա լավ ճանապարհ է։ Այս որակի ճանապարհ դուք կտեսնեք Իսպանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում,- փաստեց Սանտիագո Ռոդրիգեսը:

Որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության  աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը բավարար գնահատեց կատարված աշխատանքների որակը. «Աշխատանքների որակը բավարար եմ գնահատում: Համաձայն տեխնիկական մասնագրերի՝ ամեն ինչ չափանիշներին համապատասխան է կատարվել: Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի մասշտաբներով առաջին լայնածավալ ծրագիր է: Շատ բարձր էին դրված պահանջները, թե՛ տեխնիկական, թե՛ իրավական և թե՛ նախագծային տեսանկյունից»:

Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո  կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը:  Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու  պարտավոր է շտկել դրանք:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930