«Օրենսգրքի համար մենք պայքարը սկսել ենք դեռևս նախագծի քննարկման փուլում, երբ կարծիքների հավաքագրման նպատակով այն դրվեց շրջանառության մեջ: Մասնավորապես, ՓՄՁ գործունեության դաշտին վերաբերող մի շարք դրույթների մասով մեր դիտարկումներն ու դիտողությունները վերլուծել ու ներկայացրել ենք Կառավարություն` դեռևս անցած տարեվերջին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն` անդրադառնալով խորհրդարանում, Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հնչեցրած սպառնալիքին, թե Հարկային նոր օրենսգիրքը տապալելու համար պետք է բողոքի ցույցով դուրս գալ փողոց:
«Տնտեսվարողներն իրենք պիտի դուրս գան փողոց, մենք համենայնդեպս դրա խրախուսողը չենք, մեր մանդատը երկխոսություն ապահովելն է կառավարման օղակի ու տնտեսվարողների միջև, ինչպես որ դա եղավ 2014-15-ին` շրջանառության հարկի շուրջ ծավալված բողոքի ցույցերի ժամանակ: Մենք իհարկե կաջակցենք իրենց դժգոհությունն արտահայտող տնտեսվարողներին, բայց այդ աջակցությունը կդրսևորվի միայն ու միայն այս երկու կողմերի միջև առողջ քննարկումների միջոցով քաղաքակիրթ երկխոսություն ապահովելով»,- ասաց մեր զրուցակիցը:
Բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը թերահավատորեն է նայում այս փուլում տնտեսվարողների հնարավոր ընդվզումներին և դրա համար ունի այսպիսի հիմնավորում. «Ձեռներեցներն իմ կարծիքով փողոց դուրս կգան 2018-ին, երբ ուժի մեջ կմտնի Հարկային նոր օրենսգիրքը և գործարարներին իրենց մաշկի վրա կզգան նոր փոփոխությունների ազդեցությունը: Այսօրվա դուրս եկողներն, ըստ իս, քաղաքական շահեր հետապնդողները կլինեն, զուտ այն պատճառով, որ գործարար խավը դեռևս տեղյակ չէ, թե ի՞նչ է սպասվում իրեն Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո:
Փողոց դուրս գալուց առաջ այդ մարդիկ նախ պետք է ծանոթ լինեն իրենց բիզնես գործունեությանը սպառնացող վտանգներին, բայց արդյոք առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ լիազոր մարմինը տարել է բավարար չափով իրազեկման աշխատանքներ: Ես վստահ եմ, որ`ոչ: Երկրի տնտեսական ոլորտի գլխավոր փաստաթուղթը կազմելիս պետք էր ձևավորել ֆոկուս խմբեր, մինչդեռ շահագրգիռ խմբերի հետ չի քննարկվել նոր օրենսգրքով առաջ քաշվող և ոչ մի հարց:
Կարդացեք նաև
Իսկ եթե Հարկային նոր օրենսգիրքն իսկապես հավակնում է լինել երկրի տնտեսության զարգացման առաջիկա տարիների գենպլանը, նոր ռազմավարությունը պիտի երաշխավորի տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումն ու աշխուժացումը, ապա այն առնվազն նախնական փուլում պիտի համատեղ քննարկման դրվեր ամեն մի ոլորտի ներկայացուցիչների խմբերի հետ, համատեղ քննարկումների արդյունքում պիտի կազմվեր կամ խմբագրվեր ոլորտը կարգավորող օրենսդրությունը»:
Հակոբ Ավագյանի խոսքով, նոր օրենսգրքում բիզնեսին վերաբերող 100-ից ավելի դրույթներին ծանոթանալու համար բիզնեսմենը չունի նաև դրա ժամանակը, նրանց տրված չէ մասնագիտական կարծիք հայտնելու հնարավորություն, իսկ այս մեծ բացն ըստ փորձագետի, իրեն չպիտի թույլ տա հակակոռուպցիոն պայքար սկսած կառավարությունը. «Կառավարությունը պետք է հակված լինի ներդրումային միջավայրի ձևավորմանը, տնտեսության գերակա ճյուղերի տնտեսվարողների համար հարկային նոր օրենսդրությամբ ստեղծի նոր ու նպաստավոր պայմաններ, այլ ոչ թե թաքնված դրույթներով բերի հարկային բեռի բարձրացմանը»:
Նկատենք, որ խորհրդարանում, Հարկային օրենսգրքի քննարկումների ողջ ընթացքում, մեղմ ասած, խոսք ասելուց ձեռնպահ են մնում բիզնես-ոլորտի շահերը ներկայացնող ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը`ի դեմս պալատի նախագահ, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի, ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ մի շարք հասարակական կառույցներ, որոնք ներգրավված են եղել նախագծի քննարկումներում`ՊԵԿ-ին կից խորհրդում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ