Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք փաստաբանը պետք է հիմնավորի, որ Բունդեսթագի որոշումը խախտում է անձի իրավունքները». Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)

Հունիս 15,2016 17:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունելու որոշումը չեղարկելու հայց է ներկայացվել Գերմանիայի Սահմանադրական դատարան. հեղինակն Անկարայի թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթն է: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր` հունիսի 15-ին, նշյալ հայցի շուրջ դիտարկումներ արեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

«Հաջողության հասնելու համար անձը պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Գերմանիայի սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը: Այս դեպքում նման խնդիր չկա: Բանաձեւը խորհրդարանական է եւ չունի օրենքի մակարդակ, չի կարող խախտել անձի իրավունքները, այդ թվում` թուրք փաստաբանինը, որը նման կերպ փորձում է ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրը: Թուրք փաստաբանները սպառել են բանաձեւը չեղյալ ճանաչելու նպատակով բոլոր հնարավոր միջոցները: Հայցադիմումի ընդունման փուլում գերմանական դատարանը հստակ կարտահայտի իր դիրքորոշումը»,-ասաց նա:

Խոսելով Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի բովանդակության մասին` Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ դրանում առավելապես խոսվում է Գերմանական կայսրության, այլ ոչ թե ներկայիս Գերմանիայի պատասխանատվության մասին. «Խոսվում է ավելի շատ Գերմանիայի անգործության, քան մեղսակցության մասին: Վտանգավոր եմ համարում այն հանգամանքը, որ  պատասխանատվության թիրախը Թուրքիայից տեղափոխվի Գերմանիա, որովհետեւ վերջինս ընդգծել է իր պատասխանատվությունը, բայց չի նշել, որ նա հանցակից է ցեղասպանության կատարմանը»:

Ինչ վերաբերում է կարծիքին, թե Հայաստանն անմիջապես պետք է մշակի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շրջանառումը Բունդեսթագում, Վարդանյանի խոսքով` համաեվրոպական տիրույթում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատասխանատվության ենթարկելու համընդհանուր մոտեցում չկա, ինչը կարող է խոչընդոտել նման օրենքների ընդունմանը. «Բայց եվրոպական իրավական տիրույթի շրջանակում մարդատյացության դեմ պայքարի լուրջ գործընթաց է ծավալվել եւ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է անձանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ` անգամ համապատասխան օրենքի բացակայության պարագայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930