Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` ԶԼՄ-ների խմբագիրների հայտարարությունում բարձրացվող խնդիրներն իրավական դաշտում լուծվել չեն կարող:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սամվել Մարտիրոսյանը շեշտեց, որ նշված այն խնդիրներին լուծում չտալը կարող է հանգեցնել մամուլի սնանկացման. «Մասնավորապես այն, որ պորտաբույծները գողանում ու վաճառում են լրատվամիջոցների արտադրանքը»:
Դառնալով հայտարարության թույլ կողմերին` պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ստորագրողների մեջ կան ԶԼՄ-ներ, որոնց դեմ էլ է ուղղված այդ ամենը: Իրար է խառնված երկու ոլորտ`տպագիր մամուլը և էլեկտրոնայինը»:
Սամվել Մարտիրոսյանը տարբերակեց, որ կան գողացող ԶԼՄ-ներ, որոնք նորմալ դաշտում են գտնվում, իրենց հետ հարցը դատարանում պետք է լուծվի: Մյուս շերտը կուսակցական ու տարբեր բիզնեսների շահերն ապահովող կայքերն են. «Այս ոլորտը կարգավորելը բարդ է, քանի որ լրատվականն ու կուսակցականը խառնված են: Կան նաև այնպիսիք, որոնք լրատվամիջոց չեն, այլ ուղղակի ինչ-որ մեկն արագ կայքեր է ստեղծում ու գողանում նյութեր և դրանք տարածելով` գումար աշխատում: Դրանց պոչը գտնելը հնարավոր չէ»:
Կարդացեք նաև
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանցից որոշները նույնիսկ Հայաստանում չեն գործում. Կրասնոդարում նստած հայկական լրատվամիջոց են սարքում, կամ լրատվամիջոց կա, որ Նիկոլսկայա պլազայից է գործում, ֆինանսավորումն էլ ՌԴ-ից է, բայց գործում են մեր դաշտում:
Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` նրանց դեմ ոչ թե պետք է պայքարել իրավական դաշտում, այլ խնդիրը տանել ինքնակարգավորման ու հասարակական իրազեկման ոլորտ:
«Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը մտահոգություն ունի, որ այս կարգավորումները կարող են հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման:
Ըստ նրա` կարգավորումները պետական մակարդակով պետք է նվազագույնի հասցվեն. «ՀՀ-ում ամենակոռումպացված մարմիններից մեկը` հարկայինը, բերվում է հաշիվներ մաքրելու դաշտ: Մյուս խնդիրն այն է, որ հայտարարությամբ կոչ է արվում սահմանափակել լրատվամիջոցներին իշխանությունների գործունեությունը լուսաբանել: Պատմության ընթացքում իշխանությունն է եղել խոսքի ազատություն ամենամեծ սահմանափակողը»:
Արմեն Գրիգորյանը պնդում է, որ ինչպես խմբագիրներն են կարծում, հայտարարությունը գրագողության հարց չի լուծում: Պարոն Գրիգորյանը նորմալ է համարում նաև, որ, օրինակ, բլոգերը հնարավորություն ունենա լուսաբանել ԱԺ աշխատանքը` թվիթ անի, ֆեյսբուքում փոստ անի:
«168 ժամ» թերթի եւ 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, մինչ բուն խնդրին անդրադառնալը, հիշատակելով այն լրատվամիջոցը, որտեղ աշխատում է Արմեն Գրիգորյանը, նշեց. «Այդ լրատվամիջոցի սեփականատերերը, երբ իշխանության էին, սարսափելի գրաքննություն կար մամուլի նկատմամբ, նույնիսկ այն աստիճան, որ ընտրում էին`որ գործուղմանը որ լրատվամիջոցը գնա»:
Դառնալով իշխանության դերակատարության մասին հնչող քննադատություններին` Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Եթե իշխանությունները վատն են, դա չի նշանակում, որ իշխանություն չպետք է լինի, եթե հարկային մարմիններից դժգոհություն ունենք, դա չի նշանակում, որ չպետք է վերահսկողություն լինի: Մենք կոչ ենք անում, որ բոլորս աշխատենք հավասար պայմաններում: Մենք ներքոստորագրյալներս միայն չպետք է հարկեր վճարենք, արտադրանք ստեղծենք, աշխատողներ պահենք, խմբագրակազմ ունենանք, բայց հայտնվեն պորտաբույծներ դաշտում և առանց ջանք գործադրելու կարողանան գողանալով ու այլ ձևերով ինքնահաստատվել ու այլ խնդիրներ լուծել: Այս իրավիճակը ձեռնտու է հենց իշխանություններին և այն ուժերին, որոնք ուզում են հայտնվել քաղաքական դաշտում»:
Իրենց խոսքի ազատության պաշտպան համարողներին ու խմբագիրներին քննադատողներին ի պատասխան Սաթիկ Սեյրանյանը շեշտեց. «ՀՀ-ում խոսքի ազատությունը նվաճել է տպագիր մամուլը, մենք դրա գինը գիտենք: Խոսքի ազատությունը փնթի, գողացված, անօրինական նյութը չէ»:
Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, թե, փառք Աստծո, հիմա ով որտեղ և ինչպես ցանկանա կարող է արտահայտվել, իսկ խմբագիրների հայտարարությունն ուղղված է գրագողերից պաշտպանված լինելուն և հավասար պայմաններում գործելուն:
Սաթիկ Սեյրանյանը նաև փաստեց, թե «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ պետք է փոխել, քանի որ օրենքն ընդունվել է 2003-ին:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հստակեցրեց այն հիմնական կետերը, որոնց վրա շեշտադրում են կատարել խմբագիրները. «Պետք է հարկային դաշտ մտնեն իրենց լրատվամիջոց համարող այդ օղակները, այլ խոսքով` ՍՊԸ-ներ լինեն, սուբյեկտների վերածվեն, դառնան իրավաբանական անձ, և սրա մեջ ոչ մի ազատության սահմանափակման խնդիր առաջանալ չի կարող: Մյուսն այն է, որ սանձարձակությունը, անարխիան չափազանց շատ է, և, իսկապես, նրանք, որոնք փորձում են այդ դաշտում աշխատել, դժվարություն են ունենում՝ կապված քոփի փեյսթերի հետ»:
Հակոբ Ավետիքյանը նաև նկատեց, թե մեր հասարակությունն այդ պատճառով անվստահություն ունի դեպի լրատվամիջոցներն, ընդհանրապես, ինչը վաղուց գոյություն ունեցած խնդիր է:
Այնուհետև «Ազգ»-ի գլխավոր խմբագիրն ընդունեց իրենց` խմբագիրների սխալը, որ հասարակության հետ բավարար աշխատանք չի տարվել ժամանակին, որպեսզի հստակ տարանջատվեն որակյալ և անորակ լրատվամիջոցները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի