Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր տարի են անում, պարտադիր ա էշի պես խմեն-հարբեն, ընկնեն սեղանների վրա՞». ՀՀԿ-ականը օղու թանկացմանը կողմ է

Հունիս 15,2016 16:20

Երեկ ԱԺ նիստում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, որպես ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ասաց, որ կառավարության բերած Հարկային օրենսգիրքը աղքատության վրա ազդեցություն չի թողնի, աղքատությունը չի կրճատվի: Այսօր նա կողմ է քվեարկել օրենսգրքին ու լրագրողների հետ զրույցում ասում էր, որ կառավարության մոտեցումները նայել է, օրենսգրքի փիլիսոփայությունը շատ էլ լավն է:

Մեր հարցին՝ բա որ աղքատությունն էլ չի նվազեցնելու, դրա լավը ո՞րն է, ինչո՞ւ է լավը դարձել՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, աղքատությունը չի նվազեցնի: Հենց հիմա քննարկում է գնում, որպեսզի բոլորը կարողանան հասկանան այն հակասությունները, այն բացերը, որոնք օրենսգրքում կան: Կա մեկ սկզբունք՝ պետական բյուջեին շատ գումարներ տալը, սրան բոլորը կողմնակից են: Մասնագետների, կառավարիչների մի մասը գտնում է, որ դա պետք է անել ա տարբերակով, մյուս մասը գտնում է, որ դա պետք է անել բ տարբերակով: Սա հեշտ վերլուծելու խնդիր չի»:

Մենք ճշտեցինք՝ այնպես չի՞, որ ձեզ համոզել են կողմ քվեարկել՝ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց. «Տենց բան չկա, ժողովուրդ: Ես երեկ պարզ ասել եմ, որ որոշ կատեգորիաների աշխատողների համար սա դառնալու է ռիսկային, ի՞նչ կարծիք փոխել, չեմ հասկանում: Ես երեկվա ելույթից հետո ուրիշ բան ասե՞լ եմ»:

Մեր դիտարկմանը, որ կողմ եք քվեարկել՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, մի անգամ էլ դեմ էի ամբիոնից արտահայտվել, բայց երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվեարկեցի, որովհետեւ կառավարությունը ձգեց ժամանակի մեջ, կիրառումը 1 տարի անց արեց: Ես ամբիոնից ասեցի երեկ էլ՝ իմ տեսակետը սա է, դուք հակառակը ասեք»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ակցիզային հարկերի բարձրացման հետ կապված մտահոգություններ չունի՞՝ նա պատասխանեց. «Ծխախոտի եւ օղու՝ խմիչքի վրա ես կողմ եմ, որ բարձրանա: Թող չծխի մարդը, ինչի՞ եմ ես ծխում՝ համ առողջությունս եմ քայքայում, համ փող եմ ծախսում»:

Մեր հարցին՝ ինչքան էլ թանկանա, Դուք ծխելու եք, չէ՞, ծխողը էլի ծխելու է՝ նա պատասխանեց. «Ոչ, եթե իմ նման անխելք է՝ թող փողը տա եւ ծխի»:

Երբ հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ «մարդիկ Նոր տարի չե՞ն անելու, ծնունդ չե՞ն անելու, բա մարդկանց տունը մի օր հյուր չի՞ մտնելու, մի շիշ արաղ չունենա՞ն դնեն հյուրի առաջ»՝ Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Նոր տարի են անում, պարտադիր ա էշի պես խմեն-հարբեն, ընկնեն սեղանների վրա՞: Պարտադիր ա, որ բոլորը օղիները վերցնեն, դնեն գրպանները ու գնան ուրիշի տուն հյո՞ւր: Պարտադի՞ր է դա, լսեք: Պարտադիր չի, չէ՞: Ավանդույթները պետք է զարգանան: Նոր տարին պարտադիր չի 10 օր ուտել-խմել, ուտել-խմել, տանել թափել, թափել, թափել: Պետք չի՛, պարտադիր չի՛ դա անել: Կարելի ա նորմալ Նոր տարի անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930