Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրաչյա Գևորգյանը շարունակում է պահվել անմարդկային պայմաններում

Հունիս 15,2016 16:15

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2016թ. ապրիլի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ այցի ժամանակ հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Հրաչյա Գևորգյանին: Վերջինս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և առողջական վիճակի ծանր լինելու պատճառով բազմիցս տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հ․Գևորգյանն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի կարող ինքնուրույն տեղաշարժվել և հոգալ իր կարիքները, օգտվում է անվասայլակից: Ըստ Հ.Գևորգյանի, նա որևէ բուժում չի ստանում, բուժակներից մի քանիսը իրեն չեն այցելում, իսկ մի քանիսը շատ ուշադիր են և օգնում են` կախված հերթափոխից: Հացադուլ հայտարարելուց հետո, հիվանդասենյակում մնացել է մենակ: Քանի որ տեղաշարժվելու համար օգտագործում է անվասայլակը, իր համար դժվար է ինքնուրույն հոգալ իր կարիքները, զուգարանը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող անձանց համար, իսկ թեքահարթակի փոխարեն խցում տեղադրել են փայտաթեփային սալիկի կտոր (ДСП):

Ելնելով վերը նշվածից և այցելության ընթացքում արձանագրված իրավիճակից դիտորդական Խումբը 2016 թվականի մայիսի 2-ին Հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն։ Համաձայն Խմբի Կարգի՝ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են՝ քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, տրվում են եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հաշվետվությամբ դիտորդական Խումբը հայտնում էր իր մտահոգությունը Հ․Գևորգյանի պահման պայմանների վերաբերյալ: Դիտորդական Խումբը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Հ.Գ․-ին իր կարգավիճակից բխող համապատասխան հարմարություններով սենյակ տեղափոխել, ինչպես նաև՝ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

2016 թվականի մայիսի 11-ին դիտորդական Խումբը Հրատապ հաշվետվության վերաբերյալ ստացել է նախարարության պատասխան գրությունը (Նախարարության գրությունը տես հետևյալ հղումով)։ Համաձայն նախարարության կողմից տրամադրված պատասխանի՝ 2016 թվականի մայիսի 3-ին Հ․Գ․-ն զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն և առաջարկվել է շարունակել դինամիկ հսկողություն։ Ինչ վերաբերվում է Հ․Գևորգյանին համապատասխան հարմարություններով սենյակ կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուն, արդարադատության նախարարության պատասխանում նշված է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման ստացիոնար բաժինը ապահովված է անհրաժեշտ պայմաններով և ներկայումս չկա անհրաժեշտություն Հ․Գևորգյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու։

Հ․Գևորգյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը 2016 թ. մայիսի 11-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տիգրան Սաֆարյանի խոսքերով իր պաշտպանյալը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և կարիք ունի անհապաղ մասնագիտացված բժշկական օգնության։ Տիգրան Սաֆարյանի խոսքերով՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումի հիմնական կետերն են՝ կառավարությանը պահանջ ներկայացնել Հ․Գևորգյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, համալիր հետազոտություն իրականացնելու, ինչպես նաև՝ պարզելու վերջինիս պահման պայմանների և առողջական իրավիճակի համատեղելիությունը: Ինչպես նաև՝ հարցադրումներ են ներկայացվել` Հ. Գևորգյանին նախկինում տրամադրված բժշկական օգնության և խնամքի վերաբերյալ: ՄԻԵԴ ներկայացված միջնորդությունը արդեն իսկ կոմունիկացվել է Դատարանի կողմից: Տիգրան Սաֆարյանի խոսքերով ՀՀ Կառավարությունն այս հարցադրումներին պետք է պատասխանի մինչև 2016 թ. մայիսի 29-ը:

2016 թվականի մայիսի 11-ին դիտորդական Խմբի անդամները կրկին այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Հ․Գևորգյանին հանդիպելու նպատակով։ Խմբի անդամները այցելության ընթացքում արձանագրել են միևնույն խնդիրները, ինչ և նախորդ այցելության ընթացքում՝ Հ․Գևորգյանի պահման պայմանները որևէ բարելավման չեն ենթարկվել, վերջինիս խոսքերով իր առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

2016 թվականի մայիսի 12-ին դիտորդական Խումբը տարածել է հայտարարություն, որում հայտնել է մտահոգություն՝ Հ.Գևորգյանի առողջական վիճակի, ինչպես նաև՝ պահման պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2016 թվականի մայիսի 11-ին կատարված այցելության ընթացքում արձանագրել են նույն խնդիրները, ինչ և նախորդ այցելության ընթացքում՝ Հ․Գ․-ի պահման պայմանները որևէ բարելավման չեն ենթարկվել: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ քրեակատարողական հիմնարկը պատշաճ չի ապահովել Հ. Գևորգյանի բուժսպասարկումը, Հ.Գևորգյանն տեղաշարժվում է սայլակով, իսկ սանհանգույցը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, բնական կարիքները հոգալու համար Հ.Գ.-ն ստիպված պետք է դիմի երրորդ անձանց օգնությանը` այդ թվում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների, և այդ վիճակը կրում է արդեն տևական բնույթ, դիտորդական Խումբը ազատազրկված անձի նկատմամբ նման վերաբերմունքը բնորոշել է որպես խոշտանգում և հիշեցրել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է՝ ցանկացած միջոցով ապահովել ազատությունից զրկված անձի առողջական վիճակին համապատասխան պահման պայմաններ: (Ամբողջական հայտարարությունը տես հետևյալ հղումով)

Հ․ Գևորգյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքերով 2016 թվականի հունիսի 15-ի դրությամբ առկա են նույն խնդիրները՝ ինչ և արձանագրվել են նախորդ այցելությունների ընթացքում։ Հ․Գևորգյանի պահման պայմանները որևէ բարելավման չեն ենթարկվել:

Դիտորդական Խումբը կրկին անգամ դատապարտում է ազատազրկված անձի նկատմամբ նման մոտեցումը և բնորոշում է այն որպես խոշտանգում և հիշեցնում, որ պետության պոզիտիվ պարտականությունն է՝ ցանկացած միջոցով ապահովել ազատությունից զրկված անձի առողջական վիճակին համապատասխան պահման պայմաններ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930