Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի առաջնային հարցը սեփական ժողովրդի և երկրի անվտանգությունն ապահովելն է»

Հունիս 15,2016 17:40

Ապրիլյան պատերազմից հետո բարձրացվող խնդիրներն ու հարցադրումները` սխալների, դասերի ու անհապաղ փոփոխությունների պահանջով, դեռ հասարակական քննարկումների փուլում էր, երբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ, կրկին բարձրացնելով Արցախում քաղաքական ազատությունների, խոսքի ազատության ու ընդհանրապես ժողովրդավարական գործընթացների հարցերը և կրկին խնդիրները դիտարկելով հայաստանցի-ղարաբաղցի տիրույթում:

Այս ու այլ հարցերի շուրջ խոսել ենք Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ

-Պարոն Բաբայան, գիտեք, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավորը բռնության էր ենթարկվել, հարուցվել է քրեական գործ։ Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այդ ամենի մեջ:

-Կարծում եմ, յուրաքանչյուր դեպք, որը կապված է քաղաքականությամբ զբաղվող անձանց հետ, հիմնականում իր մեջ կրում է քաղաքական ենթատեքստ: Իհարկե, քննությունը ցույց կտա իրականությունը, եթե այն անցկացվի օբյեկտիվ, բայց կարծում եմ նաև սա որոշակի անհանդուրժողականության արդյունք է, երբ մենք համարում ենք, որ գոյություն կարող է ունենալ միայն մեր կարծիքը և վերջ: Եթե առավել ևս մարդիկ, որոնք նման մոտեցում ունեն, նաև ունեն իշխանական լծակներ, ապա օգտագործում են թվացյալն հօգուտ իրենց: Բայց իրականում ի վնաս ամեն ինչի, որովհետև չի լինում այնպես, որ հասարակության մեջ շահի միայն մի խավը կամ խումբը: Եթե տուժում է հասարակությունը, տուժում են բոլորը: Ես միշտ ասել եմ՝ մեր միակ ճանապարհը, եթե մենք ուզում ենք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացել են, համապատասխան քաղաքակրթական դաշտում հայտնվելն է, համապատասխան արժեքներ յուրացնելն է, ոչ թե ձևականորեն ցույց տալու հերթական գրանտը ստանալու համար, այլ որպեսզի դա դառնա մեր կյանքի իրական պահանջ: Որո՞նք են այդ արժեքները: Առաջին հերթին հանդուրժողականությունը, առաջին հերթին այն, որ դու հասկանում ես, որ քո բազմակարծության մեջ հենց քո զորությունն է, հենց քո ուժն է: Բռունցքը կազմված է հինգ տարբեր մատներից, փորձեք մեկ մատից կազմել բռունցք: Անցում անեմ Գերմանիա. Բունդեսթագի որոշումը կարծում եմ նրանով է հետաքրքիր, որ այդ երկիրը գիտի ուժեղ, արդար լինելու դեղատոմսը՝ առերեսվել սեփական պատմության հետ, և այն որոշումը, որ կայացվել է, հենց առաջին հերթին ուղղված է իրեն: Նա ուզում է մինչև վերջ մաքրվել: Մենք պետք է մինչև վերջ մաքրվենք:

-Պարոն Բաբայան, տարբեր շրջանակներ համարում էին, որ Արցախը «ժողովրդավարության կղզյակ է», ձեր նշած արժեքները, համարվում էր, որ արդեն կային այնտեղ:

-Չէ, չեմ կարծում: Արցախը շատ է կապված Հայաստանի հետ՝ ամեն ինչով: Նաև կյանքի հանդեպ մոտեցումներով: Իհարկե, լավ կլիներ, որ Արցախը Հայաստանից տարբերվեր: Բայց իրականում այդպես չէ: Իրականում նույն կոռուպցիան է: Բավական է լինել Ստեփանակերտում, տեսնել այն դղյակ-ամառանոցները, որը կառուցել է իր համար զինվորական բարձրագույն էշելոնը: Ուրիշ բան է, որ մենք չէինք բարձրաձայնում հաճախակի այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում շատ հասկանալի պատճառներով: Բայց իրականում դա չի բուժում: Կյանքը ցույց է տալիս, որ շատ ավելի ճիշտ է բարձրաձայնել, բոլոր պրոբլեմները ջրի երես բերել, պայքարել, քան փորձել թաքցնել՝ կարծես թե ինչ-որ շահ հետապնդելով, նույնիսկ շատ արդարացի, որպեսզի չվարկաբեկվի: Բայց դա միամտություն է: Միամտություն է, որովհետև բոլորը ամեն ինչ գիտեն: Որևէ բան թաքցնել հնարավոր չէ: Ինչքան էլ փորձի Իլհամ Ալիևը տարբեր միջազգային ատյաններում ասել, որ Ադրբեջանը տոլեռանտության կղզյակ է աշխարհում, բոլորը հասկանում են, որ դա այդպես չէ: Հիմա նույնն էլ մեր տեսակետից. մենք պետք է անկեղծ խոսենք և փորձենք բուժել սեփական հիվանդությունները, նման պարագայում կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ, միակ բանը, որը կարելի է անել և որով կարելի է բավարարվել, դա լիակատար քրեական հետապնդումն է, այդ հանցանքը անողներին, պատվիրողներին և այլն, և այլն: Պետք է բացառվեն նման բաները: Մարդկանց ճնշել կարծիք հայտնելու համար, օրենքով նախատեսված գործողություններ անելու համար, անկախ նրանից՝ թե ինչքանով համարում ես դա ճիշտ է կամ սխալ է, անթույլատրելի է: Հակառակ դեպքում, մենք ցույց ենք տալու, որ մենք որևէ բանով չենք տարբերվում հարևաններից: Իսկ ինչո՞վ պետք է տարբերվենք հարևաններից: Մենք մշտապես փորձում ենք այդ տարբերությունը գտնել անցյալում՝ մենք էսպիսի պատմություն ենք ունեցել, նրանք պատմություն չեն ունեցել և այլն: Ես կարծում եմ, որ նրանցից պետք է տարբերվել ոչ թե անցյալով, այլ ներկայով: Եվ միայն այդ ժամանակ դու իրավունք կունենաս առաջ բերել այն բոլոր պահանջները, որոնք այսօր բերում ես: Որովհետև եթե դու քո ներկայով չես տարբերվում կամ տարբերվում ես շատ քիչ, դա դառնում է երկու վայրի ցեղի կռիվ:

-Ասում էին՝ ազատ ընտրություններ են անցկացվել Արցախում: Հպարտանում էին նաև:

-Ազատ ընտրություն ես համարում եմ, որ կայացել է այն ժամանակ, երբ իշխանության է գալիս ընդդիմությունը … հիմնականում: Եկեք անկեղծ խոսենք. Ի վերջո կա մարդկային շատ կարևոր գործոն՝ հոգնածություն նույն իշխանությունից, նույն դեմքերից: Եվ իշխանափոխությունը պարտադիր չէ, որ լավը փոխվում է ավելի լավով կամ վատը՝ լավով, լինում է, որ նաև լավը փոխվում է վատով: Ես անձամբ կարծում եմ, որ երբ Մեծ Բրիտանիայում 1945-ին Չերչիլը պարտվեց ոչ թե այն պատճառով, որ վատն էր, հակառակը՝ նա պատերազմը հաղթած էր, հրաշալի դիվանագետ ու պետական գործիչ էր: Պարզապես անգլիացիները հոգնել էին: Դա շատ բնական բան է, և փոփոխությունը, շարժը տալիս է հնարավորություն, որպեսզի ջուրը չճահճանա: Սա է կարևորը: Ես կարծում եմ, որ Արցախը ամեն ինչով պետք է շատ կտրուկ տարբերվի Ադրբեջանից: Որպեսզի այդպես լինի, այդ տարբերությունը չպետք է կրի ձևական բնույթ: Մտածողության տարբերություն է պետք: Երբ դու չես ընկալում կողքի ժողովրդին թշնամի: Երկիրը կարելի է ընկալել, ժողովուրդը ուրիշ բան է:

-Ովքե՞ր պետք է զբաղվեն այդ հարցով, որ փոխվի իրավիճակը:

-Հիմնականում դրանով պետք է զբաղվեն մտավորականները և պետական գործիչները, եթե նրանք իսկապես պետություն են կառուցում, որովհետև պետություն կառուցելը նշանակում է առաջնորդվել պետություն կառուցելու հիմունքներով: Երբ դու քարոզում ես ատելություն ինչ-որ ազգի հանդեպ, դու պետություն չես կառուցի: Այդպես պետություն հնարավոր չի կառուցել: Ուժեղ պետությունն այդպես չի լինում: Ուժեղ պետություն չէ Ադրբեջանը: Հավատացեք: Ատելության վրա կառուցվածը այդպես չի կարող լինել: Եվ մենք էլ իհարկե, ամեն ինչով չենք նմանվում իրենց, բայց եկեք անկեղծ խոսենք և մեր կենցաղում, և ամենուր տարածված են քսենոֆոբիական արտահայտությունները: Եթե դու ուժեղ ես, դու ամուր ես, եթե դու պետություն ես կառուցում քո համար, քո հարաբերությունները ուրիշ պետությունների հետ կապ չունեն ուրիշ հիմունքներով, այլ ոչ թե ազգային ատելության հիմունքներով: Շատ կարևոր մի բան էլ կա՝ այդ ատելությունը, որն ուղղված է լինում օտարի հանդեպ, շատ արագ տեղափոխվում է ուրիշ դաշտ: Շատ հասարակ ֆորմուլա բերեմ՝ եթե մենք թուրք բառը օգտագործում ենք որպես վիրավորանք, հետո մենք այդ բառը տեղափոխում ենք ներքին դաշտ ու ասում՝ սա թուրքից վատն է: Խնդրեմ: Միանգամից ատելությունը տեղափոխվեց սեփական դաշտ: Չի կարելի: Մարդու սիրտը չի կարող իր մեջ հավասար պահի և ատելությունը, և սերը: Որևէ մեկը վերջիվերջո կհաղթի: Ընդհանրապես, մեր պայքարի մեջ ներկայացվում է, թե ինչպես կպայքարենք, ինչը կհաղթի: Հաճախակի լինում է, իհարկե, որ առաջին արձագանքը հուզական է լինում, բայց նաև ուղեղ է տրված, որ կարողանաս հասկանալ, որ այդ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Ես համաձայն եմ, որ լինի երկու հայկական պետություն, ինչու ոչ, թող միմյանց հետ մրցակցեն՝ ով ավելի առաջատարը կլինի: Մենք պետք է պահենք մեզ ոչ թե որպես մի վայրի ցեղ, համայնք, այլ որպես իսկապես պետություն, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր կարծիք, առավել ևս պետական գործիչներ, որտեղ շատ հանդուրժող են մոտենում, որտեղ զինվորը առաջին հերթին պաշտպանում է իր հողը, իր ժողովրդին, այլ ոչ թե կռվում թուրքի դեմ, որտեղ էլեմենտար սպորտային հաղորդումները հեռուստատեսությամբ չեն քարոզում որպես թուրքի կամ ադրբեջանցու դեմ հաղթանակ՝ հասկանալով, որ դա սպորտ է, հաղթանակը հաղթանակ է: Նեղ ազգայնական վիճակը կործանիչ է։ Կործանվեց ժամանակին մի հզոր պետություն՝ Գերմանիան: Կործանումից հետո եկավ բուժումը՝ հրաժարվել այդ ամեն ինչից, հասկանալ, որ չի կարելի այդպես ապրել, ու այսօր արդեն առաջին դասարանցի գերմանացին իր դասագրքում կարդում է, թե ինչ բան է նացիզմը: Նման բան չկատարվեց Սովետական միությունում և շատ-շատ հանրապետություններում: Երկիր, որը հաղթեց համաշխարհային երկրորդ պատերազմում, կործանվեց ու մինչև հիմա չի կարողանում բուժվել: Պետք է փոխվել, եթե ոչ կգնաք, գլուխ կջարդեք, մեկ պատգամավորին, երկրորդ պատգամավորին, ինչ-որ մի թերթ կփակեք, ինչ-որ մեկին բանտ կնստացնեք, կգնաք փող կգողանաք, դղյակ կկառուցեք և հետո ինչքան ուզեք, կասեք՝ էս ինչի՞ աշխարհը մեզ չի նայում, էս ինչի՞ աշխարհը չի արձագանքում մեր արդար պահանջին: Աշխարհը շատ լավ հասկանում ու տեսնում է՝ իսկ ո՞վ է այդ արդար պահանջը ներկայացնողը, արդյոք ինքն իր ներսում արդա՞ր է: Դու արդար պետությո՞ւն ես կառուցել, դու արդար պահո՞ւմ ես այդ պետությունը:

-Դուք հանդուրժողականության անհրաժեշտության մասին եք խոսում, բայց Խանումյանի հետ կատարվածից հետո սոցիալական ցանցերի քննարկումներում դարձյալ գերակշռում էր ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը, կար նաև ընդգծված ատելություն: Խանումյանը, հիշեցնեմ, Տավուշի մարզից էր:

-Նման տարանջատման դեմը շատ կտրուկ պետք է առնել: Վայրի ցեղին բնորոշ տարանջատում է: Ի՞նչ, որպես ի՞նչ: Ի՞նչն ենք անջատում իրարից: Նախ նորմալ երկրներում ազգերը չեն անջատվում իրարից, խնդրեմ հոյակապ օրինակ է Գերմանիայի Բունդեսթագը, որտեղ 11 պատգամավոր ազգությամբ թուրք էին և քվեարկեցին կողմ: Ինչո՞ւ: Որովհետև զգացին իրենց Գերմանիայի քաղաքացի: Մեր պարագայում, օտարազգիներ չկան, ու այդ բաժանումը մեր մեջ ենք անում: Վայրենություն է: Սրա դեմը պետք է առնել շատ ուժեղ ձևով:

-Ինչպե՞ս:

-Դե, նախ թույլ չտալ նման քարոզչություն: Մենք հասկանում ենք, որ շատ հաճախ նման բան ասվում է նույնիսկ շատ բարձր մակարդակներով, ոչ պաշտոնական, բայց ասվում է: Պետք չէ թույլ տալ նման բան: Հակառակ դեպքում մենք կթուլանանք: Մենք շատ կթուլանանք, որովհետև մարդիկ ուժեղանում են երբ ման են գալիս, թե ինչն է մեզ միավորում, այլ ոչ թե ինչն է մեզ բաժանում: Ի՞նչն է բաժանում: Որ նա ծնվել է Տավուշո՞ւմ, որ նա ծնվել է Ստեփանակերտո՞ւմ, մեկը՝ Շուշիո՞ւմ, մյուսը՝ Գավառո՞ւմ: Ապուշություն: Ամենավատ բաները, օրինակ, այդ տեղայնացումը, որ կար սովետական բանակում, մենք տեղափոխեցինք մեր բանակ: Այլանդակություն է, պրիմիտիվություն է: Ինչքան մենք անտեսենք կրթությունը, ինչքան մեր կրթությունը կրի ձևական բնույթ, որովհետև վերջիվերջո հո օրենքներով չե՞ս կարող դա արգելել: Կրթության հարց է: Իսկ մեզ մոտ կրթությունը ցավոք սրտի, կրում է ձևական բնույթ: Մեր կրթության առջև դրված չեն կրթական խնդիրներ: Մեր կրթության առջև դրված են ընտրակեղծիքների խնդիրներ, սա շատ կարևոր է: Մեր մշակույթը պետք է լինի հումանիստական: Իսկ ի՞նչ է նշանակում հումանիստական: Նշանակում է, որ դիմացինի մեջ մարդ տեսնես, որ մարդը լինի այն կենտրոնը, որը արժանի է ուսումնասիրման: Մենք հաճախակի մարդուն անտեսում ենք, մեզ համար ավելի կարևոր է երևույթը: Չկա արվեստ առանց մարդ: Երևույթը մի բան է, որը արվեստից դուրս է: Երևույթը կարող է լինել ֆոն, բայց հիմնական խնդիրը, ուսումնասիրման առարկան մարդն է, մարդն է հետաքրքիր: Երևույթը կարելի է դատապարտել, ողջունել, բայց մարդուն պետք է ուսումնասիրել, հասկանալ և այդ ժամանակ ստեղծվում են կամուրջներ, մենք զբաղված են նրանով, որ այրում ենք կամուրջները: Ման ենք գալիս ոչ թե այն, ինչ մեզ միավորում է, այլ այն, ինչ մեզ բաժանում է: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ մենք մարդ ենք, և մեր գործողությունները շատ հաճախակի կրում են անձնական խմորումների արդյունք:

-Ապրիլյան դեպքերից հետո անընդհատ խոսվում է ստացած դասերի մասին: Ի՞նչ եք կարծում ստացե՞լ ենք դասեր ու դրանք յուրացվե՞լ են:

-Ես կարծում եմ, որ վերլուծություն, ոչ թե տնտեսական, ռազմական, այլ մտքի տեսակետից տեղի չունեցավ: Իմ կարծիքն է: Շատ հավանական է, որ սխալվում եմ: Ինչպիսի՞ Հայաստան էր Սովետական միությունը՝ կար մի իշխանություն, որը բացարձակապես մտահոգված չէր երկրի անվտանգության հարցերով և կառուցվում էր ինչ-որ բան, և չէր կառուցվում, հիմնականում գողացվում էր: Ի՞նչ կատարվեց հետո, հիմա: Զարմանալիորեն այդ մտածողությունը շարունակվեց նաև հիմա, և սեփական երկրի անվտանգությունը սկսեցին կապել ավելի շատ երրորդ երկրի հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Սովետական միությունը մնար մինչև 2016 թվականը , գուցե նա հենց այսպիսի տեսք էլ ունենա՞ր: Ազատությունը սիրուն բառ չէ, ազատությունը կարևոր բառ է, որովհետև նա իր հետ միասին զուգահեռ բերում է պատասխանատվություն հասկացությունը: Չի լինում ազատություն առանց պատասխանատվության: Պատասխանատու կարող է լինել միայն ազատ մարդը, ստրուկը ոչ մի ձև պատասխանատու չի կարող լինել: Բոլոր դեպքերում երկրի առաջնային հարցը սեփական ժողովրդի և երկրի անվտանգությունն ապահովելն է: Արդյոք դա կարելի՞ է անել միայն զենք ձեռք բերելո՞վ, իհարկե, ոչ: Բա տնտեսությո՞ւնը, բա հարաբերություննե՞րը և ամենակարևորը այն, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս երկրի տերը: Չէ՞ որ մարդիկ այստեղից փախչում են ոչ այնքան սոցիալական վիճակից, որքան անարդարությունից: Մենք տեսնում ենք, որ գնում են բազմաթիվ մարդիկ, ովքեր սոցիալական պրոբլեմներ չունեն: Կարծում եմ՝ համենայնդեպս այն մակարդակով, որով ես կուզենայի լսել, այդ վերլուծությունները տեղի չունեցան: Անցան ինչ-որ ամպագորգոռ հայտարարությունների, թե պարտվել ենք, չենք պարտվել, կորուստը մեծ է, փոքր է: Ի՞նչ անենք: Կարելի է փոխել որոշ պաշտոնյաների: Բայց համակարգը փոխվե՞լ է: Կասկածում եմ: Կասկածում եմ, որովհետև կոռուպցիան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի վրա չի սահմանափակվում ու բարձրանում է շատ վերևներ: Վերլուծության կարիք կա, և հույս ունեմ, որ մի բան պարզ դարձավ՝ մեր անվտանգությունը երրորդ կողմը երբեք չի ապահովի: Մեր անվտանգությունը մեր խնդիրն է: Այ հիմա եկեք մտածենք՝ ինչպես ենք անում. միայն շատ զենք առնելո՞վ: Չէ: Բանակը պետք է ամբողջովին փոխվի, պետք է դառնա ինտելեկտուալ բանակ:

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930