Երեկ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել են իրենց վերջնական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Ի թիվս այլ դիտարկումների, վերջնական եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն անդրադարձել են քվեարկածների ցուցակների հրապարակման վիճելի խնդրին, որն ընդդիմության գլխավոր պահանջներից էր: Եզրակացության մեջ ասվում է, որ պետք է լինի ընտրացուցակների «իմաստալից հասանելիություն»:
Քննարկումների փուլում իշխանական կողմը հրաժարվեց ցուցակների հրապարակումից`ասելով, որ դրանց գաղտնիության ապահովումը նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է: Ապա մի շարք ամրագրումներ արվեցին, որոնք հնարավորություն են տալիս ընդդիմադիրներին`առավելագույնս ծանոթանալ այդ ցուցակներին:
Վերջնական եզրակացության մեջ ամրագրված «իմաստալից հասանելիությունն» ա՞յն է, ինչը ենթադրել եւ ամրագրել են նախագծի հեղինակները`դեռ հասկանալի չէ: Aravot.am-ին դեռ չի հաջողվել նախագծի հեղինակների հետ զրուցել այս առիթով:
Մինչդեռ, «4+4+4» ձեւաչափի մասնակից «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը համոզված է` հունիսի 1-ին ընդունված նախագիծը չի ապահովում պատշաճ հասանելիություն. «Բայց հուսով ենք, որ կկատարվեն փոփոխություններ, որոնք կբավարարեն այդ պահանջը»:
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան ժամը 19-ին կայանալու է «4+4+4» ձեւաչափի հերթական քննարկումը: «Մեզ հրավիրել են բանակցությունների, կա իշխանությունների նախնական առաջարկ, որի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մենք էլ ունենք մերը, դրանք նույնն են, հին պահանջներն են`գումարած դիտորդների եւ ԶԼՄ-ների սահմանափակումների վերացումը: Մենք մնում ենք մեր պահանջներին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը` հավելելով, որ իրենք հասկանում են, որ այն, ինչ առաջարկում է իշխանությունը, դա նվազագույն շեմն է. «Բայց մենք ավելին ենք պահանջելու»:
Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ նախնական առաջարկ է արել իշխանական կողմը. «Կոռեկտ չի, նաեւ բանակցային էթիկետից չի բխում, որ ասեմ: Բայց հետաքրքիր եւ բովանդակային առաջարկ է, ձեւական չի»:
Հարցին`առաջարկը վերաբերում է միասնական փաստաթղթով քվեարկությա՞նը, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Նաեւ»:
Հիշեցնենք, երեկ արդեն անդրադարձել էինք այն թեմային, որ ԸՕ-ի շուրջ միասնական կարծիք ձեւավորելու գործում էական դերակատարում է ունենում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միասնական մոտեցում, ըստ մեր տեղեկությունների, կա միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով քվեարկություն կազմակերպելու եւ մատնահետքերի բազա ստեղծելու հարցում։
Համաձայնությունների ամրագրումից հետո, ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստ կհրավիրվի, Ընտրական օրենսգրքում կարվեն համապատասխան փոփոխությունները: Այնուհետ դոնոր կազմակերպությունները, մասնավորապես ԵՄ-ն, կտրամադրեն նույնականացման քարտերի եւ մատնահետքերի բազա ստեղծելու համար անհրաժեշտ գումարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ