Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին The New York Times-ի նամակ խմբագրին բաժնում ողջունել է վերջինիս հունիսի 3-ին հրապարակված «Այո, դա Ցեղասպանություն է» խորագրով խմբագրականը:
Խմբագրականը գրվել էր ի պատասխան հունիսի 2-ին Գերմանիայի Ազգային ժողովի կողմից ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի, որտեղ հայտարարվում է, որ 1915 թ. օսմանյան թուրքերի կողմից հայերի համակարգված կոտորածը ցեղասպանություն էր:
Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ համայնքը ողջունել են Հայոց ցեղասպանությունը հաստատող Գերմանիայում գրեթե միաձայն քվեարկությունը:
Արդունին գրել է.
Կարդացեք նաև
«Այո, դա ցեղասպանություն է» խմբագրականն (հունիսի 3) ընդգծել էր Թուրքիայի մարտավարության անհեթեթությունն ի պատասխան Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներին և ճնշող մեծամասնությամբ այն Ճանաչող բանաձևի ընդունմանը:
Մարդկության դեմ անցյալի հանցագործությունների վրա լույս սփռելը միտված չէ Թուրքիային նվաստացնելու, այլ ինքնին կարևոր է անցյալից դասեր քաղելու և ապագա ցեղասպանությունները կանխելուն նպաստելու առումով:
Թուրքիան տասնամյակներ անընդմեջ ցեղասպանությունը հերքող իր արշավը շարունակելու փոխարեն հնարավորություն ունի սովորել Գերմանիայի օրինակից: Գերմանիան պատշաճ կերպով ճանաչել է Հոլոքոսթը և այդ առումով ավելի լավ երկիր է: Թուրքիան կարող է նույնն անել Հայոց ցեղասպանության դեպքում: