Այս պահին ԱԺ-ում գործարարների, տնտեսագետների հետ փակ դռների հետեւում քննարկվում է Հարկային նոր օրենսգիրքը:
Քննարկմանը մասնակցում է նաեւ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, որը երեկ ԱԺ-ում ընդդիմադիրին հատուկ ելույթ ունեցավ ու քննադատեց կառավարության բերած օրենսգիրքը: Չնայած դրան, Հակոբ Հակոբյանն այսօր կողմ քվեարկեց նախագծին:
Մեր հարցին՝ երեկ լուրջ մտահոգություններ ունեիք, այսօր ինչո՞ւ կողմ քվեարկեցիք՝ նա պատասխանեց. «Ես իմ մտահոգությունները, իհարկե, կարողացա բաց արտահայտել, հիմա կողմ քվեարկեցի՝ ասելով հետեւյալը՝ այո, համամիտ եմ սկզբունքներին, բայց էս բոլորը պետք է փոխվի: Օրենսգրքի փիլիսոփայությանը ես կողմ եմ, կան բավական դրույթներ, որոնք ճիշտ են, բայց կան, որոնք սխալ են: Հիմա ի՞նչ պետք է անեն՝ սխա՞լն ուղղեն, թե՞ ընդհանրապես հրաժարվեն ճշտից»:
Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ քիչ առաջ մի կարեւոր հարցի շուրջ համաձայնության են եկել. «Օրինակ, հարկատուի եւ ստուգող մարմինների անհամաձայնությունների դեպքում առաջնությունն է որոշվում, սա շատ կոնցեպտուալ խնդիր է: Եթե օրենսգրքում կան հակասություններ, այս հակասությունների համար գործատուն չպետք է պատասխան տա»:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ-ականների մի մասը չի քվեարկել, ի՞նչն է պատճառը՝ նա պատասխանեց. «Մարդիկ իրավունք չունե՞ն իրենց կարծիքն արտահայտելու: Մեկը բարձրաձայնում է, մյուսները՝ ոչ»:
Մեր արձագանքին, որ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ քաղաքական որոշում կա՝ խմբակցությունը պետք է կողմ քվեարկեր՝ նա պատասխանեց. «Իհարկե, քաղաքական որոշումը միշտ կա»:
Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունն այսքան վատ օրենսգիրք բերել, նա պատասխանեց. «Գիտեք, ես էսօր նայել եմ, կարողացել եմ ուշադիր նայել կառավարության մոտեցումները, որոնք որ ճիշտ են եւ էս օրենսգրքին չեն համապատասխանում»:
Մեր հարցին՝ երեկ չէի՞ք նայել, որ այդպես խոսում էիք՝ նա պատասխանեց. «Էսօր եմ ստացել էս փաստաթղթերը»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ ասացիք, որ օրենսգրքի փիլիսոփայությունը հավանում եք, բայց այդ փիլիսոփայությունն այն չէ՞, որ ինչպես Գուրգեն Արսենյանն ասաց՝ տնտեսվարողները ոնց որ հանցագործներ լինեն, իրենք էլ՝ վերակացուներ՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ինչի ես չե՞մ արտահայտում էն միտքը, որ էդ հարկատուին ինչի՞ եք սպանում, ինչի՞ եք մորթում, ինչի՞ չեք հարգում, իհարկե»:
Մեր հարցին՝ բա էլ էդ փիլիսոփայության լավը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Ինչի մինչեւ հիմա ավելի լավ էր, քան թե սա՞: Մինչեւ հիմա շատ ավելի վատ էր, քան թե սա է եկել: Այսինքն, չարիքներից ո՞րն են ընտրում՝ փոքրագո՞ւյնը, թե՞ առավելագույնը: Երեկ ամբիոնից բացահայտ ասել եմ՝ բացասականը հանել եւ փոխել դրականի հետ՝ կստացվի շատ ճիշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ