Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը «դու»-ով խոսելու համար ներողություն է խնդրել «Վագա ֆարմ»-ի տնօրենից. սպասենք 10 օր

Հունիս 15,2016 14:42

«Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը վիրավորված չէ ՀՀ պաշտպանության փոխնախարար, Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի` ՊՆ կարիքների համար ապրանք մատակարարողների հետ
հրավիրված քննարկման ժամանակ իր հասցեին հնչեցրած դիտողությունների և իր հետ «դու»-ով խոսելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Վահե Վարսանյանը փոխանցեց. «Փոխնախարարը հրապարակային ներողություն է խնդրել ինձնից»:

Հիշեցնենք, որ Վահե Վարսանյանի հորդորները անտեսելով` պարոն Հակոբյանը շարունակում էր նրա հետ «դու»-ով խոսել, իսկ երբ պարոն Վարսանյանն օգտագործեց «հա ջան» արտահայտությունը, փոխնախարարը վրդովվեց. «Այդ բառն ինձ համար շատ վիրավորական է, ու կարող է կոպիտ պատասխան տրվել…ես քեզ հայրություն չեմ ճանաչել»:

Վահե Վարսանյանը ՊՆ քննարկման էր գնացել երկու հիմնական խնդրով, որ չհիմնավորված կերպով իր ընկերությունը չներառեն «սեւ ցուցակի» մեջ, ինչն անհնարին է դարձնում կազմակերպության հետագա մասնակցությունը գնումների գործընթացին։ Երկրորդ խնդիրն այն է, որ ՊՆ-ն հրաժարվել էր վճարել Վարսանյանի ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց։

Մեզ հետ զրույցում պարոն Վարսանյանն ասաց, որ փոխնախարարը խոստացել է լուծել այս խնդիրները. «10 օր սպասենք, տեսնենք` ոնց են իրադարձությունները զարգանում»:

Պարզաբանելով «սև ցուցակում» հայտնվելու խնդիրը`«Վագա ֆարմ»-ի տնօրենը նշեց. «Սև ցուցակում ներառում է գնումների գործակալությունը: Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու է ՊՆ դեպարտամենտը դիմել գնումների գործակալություն: Սակայն քննարկման ժամանակին մեզ ասացին, որ դեպարտամենտը կդիմի գնումների գործակալություն, որ իրենց միջնորդությունն անվավեր ճանաչվի»:

Մեր այն դիտարկմանը`ՊՆ փոխնախարարին վայե՞լ էր նման տոնայնությամբ գործարարների հետ խոսելը, Վահե Վարսանյանը հորդորեց այդ խնդրով դիմել Մովսես Հակոբյանին:

Հարցին`վիրավորված չէ՞ նման վերաբերմունքից, պարոն Վարսանյանը պատասխանեց. «Փոխնախարարը ներողություն է խնդրել իր`«դու» ով խոսելու համար, հարցը սպառվել է»:

Վճարումների մասին պարոն Վահե Վարսանյանը տեղեկացրեց, որ պետք է սպասել 10 օր, քանի որ փոխնախարարը խոստացել է հարցը լուծել:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930