Քաղաքացի Հակոբ Դեխնավին այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից՝ պատճառաբանելով, որ վերջինիս հետ չի կարողացել հանդիպել, չի բռնացրել նույնիսկ հեռախոսազանգերով:
«Հեռախոսազանգերիս չի պատասխանել: Ցանկանում եմ պաշտպանվել ինքնուրույն, տասը օր շարունակ զանգել եմ նրան, որ հանդիպենք, քննարկենք այս գործը, մինչեւ տասներորդ օրը չեմ կարողացել նույնիսկ հեռախոսազանգերով նրան գտնել, դիմել եմ նրանց կազմակերպությանը, որ հետ վերցնեմ իմ փաստաթղթերը ու ինձ պաշտպանելու համար ինքնուրույն աշխատեմ»,- դատարանում դժգոհեց Դեխնավին:
Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել անցած տարի դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին՝ ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Հանրային պաշտպանն էլ Դեխնավիի դիմումի համաձայն հրաժարվեց փաստաբանական ծառայությունից, բայց իր վերջին խոսքում վստահեցրեց, որ իր նախկին պաշտպանյալը ստում է, թե չի կարողացել իրեն «բռնացնել». «Իրականությանը չեն համապատասխանում իմ նախկին պաշտպանյալի ասածները, թե հեռախոսազանգերի միջոցով չի կարողացել հետս կապվել, այդ ամենը սուտ է, կան համապատասխան զանգեր, որոնք գրանցված են, տեսանկարահանող սարք կա հանրային պաշտպանի գրասենյակում, որը ֆիքսել է, որ հանդիպել ու քննարկել ենք: Իսկ նրա պնդումը, թե ես չեմ հասցրել ծանոթանալ գործին, պաշտպանի խնդիրն է՝ քանի օրում նա կհասցնի ծանոթանալ գործերին»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Դեխնավին չէր կողմնորոշվում՝ դատական նիստը շարունակել առանց պաշտպանի, թե հետաձգել: Նա նաեւ մեկ նշում էր, թե ինքնուրույն է իրեն պաշտպանելու, մեկ էլ ասում էր, թե հաջորդ նիստին իր նոր պաշտպանի հետ կներկայանա: Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց հուլիսի 6-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ