Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Բերդավանը միանում Կողբին. պարզաբանում է Վաչե Տերտերյանը (Տեսանյութ)

Հունիս 15,2016 14:23

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքի մի քանի հարյուր բնակիչներ իրեն են դիմել՝ ներկայացնելով, որ իրենց ձայնը չի լսվել խոշորացման հետ կապված, եւ շատ լուրջ մտահոգություններ ունեն, որ իրենց համայնքը միացվում է Կողբ համայնքի հետ, ոչ թե Նոյեմբերյանի: Նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ բնակիչների կարծիքը չի լսվել, եւ ո՞րն է պատճառը, որ խոշորացման գործընթացը տեղի է ունենում առանց տեղական հանրաքվեի:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ իրենք Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան շատ լավ հիշում են եւ չեն խախտում, որովհետեւ խարտիայում ասվում է, որ պետք է լսել համայնքների ձայնը, որտեղ հնարավոր է օրենսդրական իրացման պարագաներում նաեւ հանրաքվեների միջոցով. «Մենք դա արել ենք նախկին 3 խոշորացվող համայնքների պարագայում, ինչը չենք արել հիմա, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովը լսում է համայնքների կարծիքը: Մենք համայնքների կարծիքը լսել ենք, Դուք հայտարարեցիք համայնքների բնակիչների Ձեզ ուղղված գրության մասին, ինչը համայնքների կարծիքը կամ համայնքների բնակիչների կարծիքը լսելու մի լրացուցիչ խողովակ է»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ Բերդավան համայնքում ապրում են մի քանի հազար բնակիչ. «Ձեր նշած համայնքն ունի մոտ 3,5 հազար բնակիչ, համայնքը, որին նա միանում է՝ Կողբը, ունի 4,5 հազար բնակիչ, դա արդեն 8 հազար բնակիչ է անում: Եվ եթե հաշվի առնենք այն բազմամարդ հանրույթը, որը այս երկու համայնքներում հայտնի պատճառներով մշտական կամ գրեթե մշտական բնակությամբ բնակվում է, ես նկատի ունեմ զորամասը, որ այնտեղ կա, ապա մենք ունենում ենք շուրջ 10 հազար կամ 10 հազարին մոտ բնակչություն կամ հանրույթ, որը տեղական ինքնակառավարման ծառայություններ մատուցելու տեսանկյունից բավարար եւ օպտիմալ չափաքանակ է: Միայն այս հիմնավորումը կարող է լինել այդ փաստի հիմքում, որ մենք չենք միացրել Նոյեմբերյանին, որովհետեւ այս դեպքում մենք կունենայինք ավելի մեծ եւ անհամաչափելի տարածք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930