«Կասեցում» շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանն այսօր մասնավորեցրեց ձեռներեցների դժգոհությունները:
Ըստ նրա, Հարկային նոր օրենսգրքով, երբ ձեռներեցը ստուգումների արդյունքում խախտման համար տուգանվի, ձեռներեցը պարտավոր է վճարել տուգանքը, նույնիսկ եթե դիմել է հայցով դատարան: «Շատ արտոնություններ են տրված ՊԵԿ-ի աշխատակիցներին, նման մեծ շռայլություն չպետք է թույլ տալ,-«Դիալոգ» ակումբում ասաց Սամսոն Գրիգորյանը,- մենք գիտենք՝ ոնց են ՊԵԿ աշխատակիցներն ամեն առավոտ իրար գլխի հավաքվում ու որոշում տուգանել տնտեսվարողին: Մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարել, սրանք ամպագորգոռ բառեր են, ձեռներեցից այնքան թղթեր են պահանջվում ներկրման ժամանակ, որ տնտեսվարողը այդքան թուղթ ձեռքբերելիս ահռելի մեծ գումարներ է վճարում ու մեծ ժամանակ վատնում, այսօր ունենք այն իրավիճակը, որ պահանջում են անհարկի թղթեր»:
Ձեռներեց Հարություն Կարապետյանն էլ շարունակեց. «Ստիպում են գործարարին, թե պետք է գնաս ԱԱԾ թուղթ բերես, հետո թղթեր են ուզում տրանսպորտի, պաշտպանության նախարարություններից, դուրս է գալիս, որ մեր մաքսայինը ոչ մի բանից չի հասկանում: Քանի օր է՝ մեր ապրանքները մաքսայինում են»:
Սամսոն Գրիգորյանն էլ հեռախոսի լիցքավորիչի օրինակով բացատրեց խնդիրը. «Լիցքավորիչը մաքսազերծելու համար պահանջում են ռազմական նշանակության թուղթ, որ համոզվեն՝ այն ռազմական նշանակություն չունի, հինգ օր կորցրինք միայն դրա վրա»:
Կարդացեք նաև
Իսկ ձեռներեցների թվարկած խնդիրները նոր չեն, պարզապես այն ժամանակ զարտուղի ճանապարհով էին աշխատում, ինչը այսքան խնդիրներ չէր առաջացնում. «Մինչեւ հիմա մանր բիզնեսն արվում էր միջնորդների օգնությամբ, զարտուղի ճանապարհով ներկրվում էին, բայց կառավարության ղեկավարի հայտարարությունից հետո փորձում ենք անել առանց միջնորդների ու կանգնում ենք ապառաժների առաջ, չենք կարողանում հաղթահարել:
Պահանջվող թղթերի մեծ մասն էլ հարկավոր չեն լինում: Կոմեդիայի է արդեն վերածվում: Մեր ընկերները, որոնք օրինական ճանապարհով չեն իրականացնում ներկրումը, մի քանի օրում մաքսազերծում են, վաճառում իրենց ապրանքները, նորն են ներկրում, իսկ մենք դեռ սպասում ենք մեր հին ապրանքին:
Եթե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, պետք է ամեն ինչ մաքսիմալ պարզեցնենք, բայց եթե արհեստական դժվարություններ ենք ստեղծում, ապա կաշառք էլ կլինի, միջնորդներ էլ կգտնեն, որ իրենց գործը կազմակերպեն:
Մի ստեղնաշար ներկրելու համար քսան օր պետք է վազեմ, որ ապացուցեմ, որ դա ատոմային ռումբ չէ… այս կերպ հնարավոր չէ, կանգնեցնում են բիզնեսը, չեն թողնում, որ այն զարգանա: Չենք դառնում ստեղծող ու արտադրող, մնում ենք առեւտրական»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ