2016թ. հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկած Եվրո-2016-ի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ընթացող ֆուտբոլային հանդիպումներին զուգահեռ քննարկվում են նաև Ֆրանսիա մեկնած ռուս երկրպագուների պահվածքը, ինչն արդեն մի քանի անգամ հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ռուս երկրպագուների մասին ծավալուն անդրադարձ է կատարել հանրահայտ The Endependent-ը:
Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի մեկնարկի առաջին իսկ օրերից ռուս երկրպագուները հայտնվեցին աղմկոտ մի շարք իրադարձությունների կենտրոնում։ Ֆրանսիա ժամանած ռուսները մի քանի անգամ ծեծկռտուքի բռնվեցին անգլիացի երկրպագուների հետ։ Ռուսաստան-Անգլիա (ավարտվել է ոչ ոքի՝ 1-1,-խմբ.) հանդիպման ավարտին նույնպես մթնոլորտը լարվեց, իսկ ՈՒԵՖԱ-ն զգուշացրեց, որ ռուս երկրպագուների նմանատիպ պահվածքի շարունակման պարագայում կարող են որոշ պատժամիջոցներ կիրառվել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ և հետո Մարսելում տեղի ունեցած ծեծկռտուքների պատճառով ֆրանսիական իշխանությունները Ռուսաստանի Դաշնության 29 քաղաքացու են արտաքսել երկրից, ևս 6-ին արգելել են մուտք գործել Ֆրանսիա, քանի որ տեղեկություններ կային, թե այդ 6-ը երկրպագուների շարժման պարագլուխներ էին և կարող էին նոր անկարգությունների հրահրման պատճառ դառնալ։
Նշվում է, որ տեղի ունեցած բախումների և ծեծկռտուքների տեսանյութերն ու լուսանկարները տարածվում են ռուսական լրատվամիջոցներում:
Կարդացեք նաև
Աղբյուրը նշում է, որ ռուս երկրպագուների մասնակցությամբ նոր բախումներ են հնարավոր նաև ֆրանսիական Լիլում, որտեղ այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին Ռուսաստանի ազգային հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովակիայի հավաքականի հետ։