ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրիում հայտարարեց, որ բոլոր գերատեսչություններում շարունակելու են կադրերի ու ծառայողական մեքենաների կրճատումները:
«Անցած կառավարության նիստին մենք կառավարության աշխատակազմի 16 մեքենա կրճատեցինք, դրանից մեկ ամիս առաջ 9-ն էինք կրճատել: Բոլոր կառույցներում, բոլոր ինստիտուտներում կրճատումներ են գնում, նույն Ազգային ժողովում, նույն նախարարություններում: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որ մենք սկսել ենք, հիմնավորված է ու արդար է, ազնիվ է: Եվ այն խոսակցությունների հետ համաձայն չեմ, համամիտ չեմ, ովքեր որ տարածում են, որ կրճատել ենք այն մեքենաները, որոնք որ պիտանի չեն: Կան դրանց մեջ շատ քիչ, չնչին տոկոս, նույնիսկ 5 տոկոսի չափով չկա: Մնացածը բոլորը գործող մեքենաներ են եղել, եւ հիմա մենք դա օտարելու ենք պետական գույքի կառավարման վարչության միջոցով՝ մրցույթ հայտարարելով»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով հաստիքներ կրճատմանը՝ նա ասաց, որ շարունակական է լինելու օպտիմիզացիան: «Մենք նաեւ իջնելու ենք ներքեւ ու կրճատելու ենք այն բոլոր կառույցներում մարդկանց, որոնք որ մեծ արդյունավետություն չեն ցուցաբերում մեր արդյունքների վրա: Խոսքը տվյալ նախարարության կամ գերատեսչության աշխատակիցների մասին է: Ամեն դեպքում անարդար մոտեցում չի լինելու, բոլոր կրճատումները պետք է լինեն հիմնավորված: Եվ ոչ թե կապ ունի գումարի հետ, հակառակը՝ մեծ հաշվով մարդիկ, որոնք որ աշխատում են ու իրենք չունեն արդյունք տալու որակի առումով, մենք փորձելու ենք կրճատել, լավ աշխատողներ դուրս չեն մնա: Բոլոր լավ աշխատողները, լավ մասնագետներն անպայման աշխատանք կունենան», – ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ