Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Նախատեսված է, որ Վրաստանի վարչապետի՝ Գերմանիա կատարելիք այցի ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և Եվրամիության համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ուշագրավ է, որ Վրաստանի իշխանությունները հույս ունեին, թե արդեն ամռանը Եվրամիությունը պետք է առանց վիզայի ռեժիմ սահմաներ Եվրոպա մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար, բայց այս գործընթացը տապալվեց վերջին պահին՝ Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով։
Նախատեսվում է, որ Գերմանիա կատարելիք այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտի, արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնամայերի և այլոց հետ։
Վրաստան-ԵՄ հարաբերություններից զատ նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն վրաց-գերմանական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։ Սպասվում է, որ վարչապետ Կվիրիակշվիլին դասախոսություն կկարդա նաև բեռլինյան համալսարաններից մեկում։