Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի օրվա կապակցությամբ, նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ հղում կատարելով Sputnik միջազգային լրատվական գործակալությանը։
Շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ Էրդողանը մասնավորապես գրել է. «Ռուսաստանի օրվա կապակցությամբ, Թուրքիայի ժողովրդի անունից, շնորհավորում եմ ռուս ժողովրդին։ Բացի այդ, ցանկանում եմ, որ մոտ ապագայում ռուս-թուրքական հարաբերությունները արժանի մակարդակի հասնեն»։
Ուշագրավ է, որ նույն առիթով Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևին նամակ է հասցեագրել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը. «Հույս ունեմ, որ մեր պետությունների միջև համագործակցությունն ու հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն մեր ժողովուրդների ընդհանուր շահերի համար անհրաժեշտ մակարդակի։ Ձեր միջոցով առողջություն և բարգավաճում եմ մաղթում ամբողջ ռուս ժողովրդին»։