Ազգային ժողովում հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հարցը հանել քվեարկությունից. «Ըստ էության, օրենսգիրքը Ազգային ժողով է ներկայացվել «Իրավական ակտերի մասին» 27-ի 1 եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածի խախտումներով, որովհետեւ ազդեցության գնահատականները, եզրակացությունները չկան նախագծի հետ ներկայացված:
2 ազդեցության գնահատման եզրակացություն է ներկայացված տեղեկանքով, մեկը այլ օրենքով փոփոխության կարիք չկա, մյուսը, որ ծախսեր չի առաջացնում, բայց փոքր եւ միջին բիզնեսի, տնտեսության, սոցիալական, հակակոռուպցիոն ուղղություններով ազդեցության գնահատման փորձաքննություններ արված չեն եւ տեղեկանքներ կցված չեն: Այսինքն՝ նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, եւ մենք հիմա դնելու ենք քվեարկության»:
Առաջարկին միացան Հեղինե Բիշարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ օրենքի խախտում չկա, եւ 15-20 հանդիպումների ընթացքում պատգամավորները իրենց կարծիքները կարող են հայտնել, եւ հետագայում հարկային օրենսգիրքը կընդունվի երկրորդ ընթերցմամբ:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենց մտահոգությունները սկզբունքային են. «Այնպես չէ, որ հիմա առաջին ընթերցումով դուք ընդունեք, հետո վրան աշխատեք: Այդ աշխատանք 10 օր, 15 օր, դա կամուֆլյաժ է, 2 հատ ստորակետ կարող ենք փոխել: Մենք ընդունում ենք մի օրենսգիրք, որ առնվազն 90 միլիարդ դրամով ավելացնում է հարկային բեռը հարկ վճարողների վրա, դրա համար ես ուզում եմ զգուշացնել՝ կարող էր կառավարությունը այս անգամ մարդ գտնվել եւ ասել՝ չէ՛, եկեք սկզբից փոփոխություններն անենք, սկզբունքային այդ թվում, հետո նոր դնենք առաջին ընթերցման: Այնպես որ առաջին ընթերցման ընդունման փաստը նշանակում է, որ լուրջ աշխատանք օրենսգրքի վրա այլեւս չի արվելու»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո իրենք մանրակրկիտ կքննարկեն օրենսգրքի նախագիծը. «Ես համոզված եմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ այս կրքերը, բորբոքումները արդեն բավականին հանդարտված կլինեն, եւ մենք կունենանք նույն արդյունքը, ինչ ընտրական օրենսգրքի ժամանակ»:
Քվեարկություն կատարվեց, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 68, դեմ 21, ձեռնպահ 18 ձայներով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ