Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գործն «արգելակվում»

Հունիս 15,2016 10:00

Հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է առաջանում՝ «տո լա՛վ է»: Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թումանյանի երկերից` համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանություններով, եւ դպրոցականների` գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են: Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել ամեն ինչ:

Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ: Պարզապես, երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան` վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է: Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը. երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու: Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի` գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ:

 

Հիմա մեկ այլ հերոսի` ոչ Նժդեհի մասշտաբի, բայց դարձյալ հայրենիքին ռազմական մեծ ծառայություններ մատուցած զինվորական Սամվել Բաբայանի մասին: Կարո՞ղ է նա այս պահին օգտակար լինել Արցախի անվտանգության առումով: Իհարկե, կարող է, բայց ինչպե՞ս: Բնականաբար, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում` դժվար է, չէ՞, ենթադրել, որ 21-րդ դարում հնարավոր է պատերազմին մասնակցել ինքնուրույն գործող պարտիզանական ջոկատով: Բայց գեներալի կողմնակիցները եւ մասամբ ինքը` Սամվել Բաբայանը, իր քաղաքական անփորձության պատճառով նրա հայրենիք գալը մատուցեցին որպես քաղաքական իրադարձություն: Քաղաքականից էլ «վերան»` հեսա եկավ մի մարդ, որը կփրկի հայ ազգը, իշխանափոխություն կանի Հայաստանում եւ Արցախում, հենց որ նա հայտնվի Ստեփանակերտում, բոլոր թուրքերը կփախնեն եւ այլն: Եվ այստեղ սկսեց «արգելակումը», որովհետեւ Սամվել Բաբայանը հաստատ Սպինոզան չի, քաղաքական գործիչ չի, գումարած դրան` արցախցիները հիշում են թե նրա հերոսությունները եւ թե «հետհերոսական» շրջանը, որը նույնքան փառավոր չէր:

Ահա եւ ստացվում է, որ ավելորդ վերամբարձ բառերը, չափազանցված սպասելիքները, քաղաքական հավակնություններն ու շահարկումները, ինչպես նաեւ կողմերի բարի կամքի պակասը խափանեցին (հուսով եմ՝ առայժմ) հնարավոր համագործակցությունը, որը Հայաստանին եւ Արցախին կարող էր օգուտ բերել:
Մի խոսքով՝ եթե կա լավ մարդ կամ դրական երեւույթ, պետք է գնահատել: Բայց գնահատել օբյեկտիվորեն, առանց չափազանցությունների, առանց կաղապարված բառերի: Հակառակ դեպքում գործը խափանվելու է, «արգելակվելու» է` նախեւառաջ մեր ուղեղում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930