Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժե մեկ փոխնախարարը

Հունիս 15,2016 17:00

Կրճատումների հերթը հասնում է մարզպետներին եւ փոխմարզպետներին
Այս տարվա հունիսի 3-ի «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից» հրապարակմամբ ՀՀ կառավարությանն առաջարկել էինք պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որեւէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 19 նախարարի 60 տեղակալից մի քանիսին, քանի որ սա նշանակում է նաեւ օգնական-քարտուղարուհու, վարորդի, ծառայողական մեքենայի կրճատում: Չեմ պնդի, որ կառավարությունում անսացին «Առավոտի» ձայնին, սակայն այս հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է հինգ փոխնախարար` երեքը գյուղնախարարությունում, մեկական` տարածքային կառավարման եւ զարգացման եւ էկոնոմիկայի նախարարություններում: Հասկանալի է, որ այս ցանկն այսքանով չի սահմանափակվի:

Փոխնախարարը ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, պետության հաշվին ծառայողական մեքենա ունի` վարորդով, եւ օգնական-քարտուղարուհի: Ուրեմն մեկ փոխնախարարը մեկ ամսում պետության գրպանը թեթեւացնում է մոտ 1 միլիոն դրամով, եթե գործուղում գնա` ավելի շատ: Պարզ թվաբանությամբ կստանանք, որ մեկ փոխնախարարը տարեկան մի 15 միլիոն է «նստում» պետության վրա: 60 փոխնախարարը` 900 միլիոն: Հինգ փոխնախարարի կրճատումը պետության ծախսերը կթեթեւացնի մի 75 միլիոնով: Եթե այս կրճատումները շարունակվեն, ու ընդհանուր առմամբ 18 նախարարությունների կտրվածքով փոխնախարարների կրճատումները կազմեն, ասենք, 18, ապա պարզ թվաբանությամբ միայն աշխատավարձային ֆոնդից բյուջեն տարեկան կտրվածքով կխնայի 150-180 մլն դրամ:

Պարզ է, որ փոխնախարարների կրճատմամբ միայն աշխատավարձ չէ, որ խնայվում է` ծառայողական մեքենա, վարորդ, գործավարուհի, օգնական, գրասենյակային ծախսեր, տարբեր միջոցառումների ծախսեր, որոնք ոչ ոքի ոչինչ չեն տալիս` բացի տվյալ փոխնախարարի փառասիրության բավարարումից: Կոպիտ հաշվարկներն արդեն ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով կլորիկ գումար հնարավոր է տնտեսել: Դեռեւս 1.5 տարի առաջ վարչապետը հանձնարարական էր տվել, որ այն գերատեսչություններում, որտեղ կան բաց հաստիքներ, ու եթե դրանք առաջին անհրաժեշտության չեն՝ վարչության պետեր, մամուլի խոսնակներ եւ այլն, չհամալրվեն: Մի քանի գերատեսչություններում, ի դեպ, մամուլի խոսնակների հաստիքներն այդպես էլ չհամալրվեցին: Սա նշանակում է, որ հաստիքների ֆինանսավորումը վերադարձվում է բյուջե: Եղել է նաեւ տարվա կեսից իրականացվող որոշ ծրագրերից հրաժարում: Այդ գումարները նույնպես վերադարձվել են բյուջե: Կարելի է չարախնդալ ու ասել, թե դրանք այն գումարները չեն, որոնք, այսպես ասած, «յարա են լավացնում»: Բայց լավատես լինենք` ձնագնդիի էֆեկտն ինչ-որ պահից ինքնըստինքյան էլ կարող է սկսվել: Ամենակարեւորը՝ մեկնարկը տրված է:

Մեր իրականությունը մի ցավ էլ ունի. կան փոխնախարարներ, որոնց չեն կրճատի ոչ թե որ լավ մասնագետ են, այլ որ ամուր «մեջք» ունեն: Օրինակներ. տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը պետական որոշ պաշտոններ զբաղեցնելուց հետո հիմա քաղաքաշինության փոխնախարար է, ԱԺ «կառուցողական» նախագահ Գալուստ Սահակյանի որդին առողջապահության փոխնախարար է, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորորդին էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար է: Եվ այլն: Բնական եւ տրամաբանական կլինի, որ կրճատվեն ոչ միայն տարեց, այլ նաեւ «մեջք ունեցող» փոխնախարարներ, ու այս բարեփոխումները ճանապարհ հարթեն նաեւ երիտասարդ մասնագետների համար: Կառավարությունում ի նկատի պետք է առնեն նաեւ սերնդափոխության հարցը: Բայց որպես սերնդափոխության հիմք լավ կլինի, որ դրվեն մասնագիտական կարողությունները:

Ուռճացված աշխատակազմի կրճատումը չպետք է սկսվի ու ավարտվի փոխնախարարներով: Կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծախսերի արդյունավետության բարձրացման մասին մայիսի 12-ին հայտարարելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ ասել է, որ կաշխատեն «դանդաղ շտապիր» սկզբունքով: Ենթադրաբար, հին ու մաշված ավտոմեքենաների վաճառքից հետո կանցնեն նոր ու ծախսատար մեքենաներին: Ենթադրաբար նախարարների տեղակալների քանակը «օպտիմալացնելուց» հետո կանցնեն պետական այլ օղակների` մասնավորաբար, մարզպետարաններին: 2753 քառ.կմ տարածքով` 114 համայնքով Արագածոտնի մարզի ղեկավարը երկու տեղակալ ունի, իսկ 2096 քառ.կմ մակերեսով` 97 համայնքով Արարատի մարզում երեք փոխմարզպետ կա: ՀՀ հին Սահմանադրությամբ արձանագրված էր, որ մարզպետները իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2015-ի դեկտեմբերին բարեփոխված Սահմանադրությամբ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենք պիտի ընդունվի` կառավարության առաջարկով: Եթե կառավարությունը այստեղ հիշի պետական ծախսերը կրճատելու իր խոստման մասին, կարող է մեծապես կրճատել թե մարզպետարանների ծախսերը, թե հենց մարզպետարանների թիվը: Գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգելու համար հսկա աշխատակազմ պետք չէ` ինչպես հիմա: Բազմիցս է գրվել, որ մարզերում պետական միջոցներով իրականացվող ծրագրերում, մասնավորաբար՝ շինարարությունում, մրցույթում շահում են մարզպետի ազգականները, իսկ նրանց աշխատանքի որակը չի տպավորում: Այնպես որ՝ մարզպետների ու մարզպետարանների կրճատումը հաստատ չի վնասի մարզերին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ շուտով այս ուղտն իրենց դուռն էլ կչոքի:

Ուռճացված աշխատակազմեր կան նաեւ տարատեսակ հիմնադրամներում: 2011 թվականին Սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը հասավ նրան, որ մոտ 80 տոկոսով կրճատվեցին հիմնադրամի աշխատակազմին տրվող պետական փողերը: Հիմնադրամը ամեն տարի փող էր ստանում, բայց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ: Եթե այս տրամաբանությամբ կրճատվեն անիմաստ աշխատակազմերը, կամ մեկի համար նախատեսված գործի համար երեք հոգի աշխատանքի չընդունեն` պետության հոգսը կթեթեւանա: Դեռ 2014-ին Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր պետական գերատեսչություններին վարչության պետից ցածր թափուր հաստիքները չհամալրել: Դատելով իրերի այսօրվա դրությունից՝ շատ հաստիքներ ձեւական են եղել, եւ պետական կառույցը աշխատել է նաեւ թափուր հաստիքներով: Պետական միջոցներ տնտեսվել են, սակայն դեռ ոչ այնքան, որ վիճակը գոհացնի: Հակառակ դեպքում փոխնախարարներին չէին հասնի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Առաձին թեմա է պետական պաշտոնյաների օգնական-խորհրդական-ռեֆերենտների չպատճառաբանված առատությունը: Սրան արդեն անդրադարձել ենք «Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ» հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930