Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակառակ Արմեն Մուրադյանի պնդումների՝ պետությունը վիրավոր զինվորների կողքին չէր

Հունիս 15,2016 16:30

Արման Լազգիյանին հնարավոր է ցողունային բջիջներ ներարկեն.
գոնե հիմա պետությունը այս ծախսերը կհոգա՞

«Պետությունը մեր կողքին չի եղել»,- ասում են ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի հարազատները: Հիմա Արմանն ու Ռուբենը բուժում են ստանում Գերմանիայում, այս երկիր տեղափոխվելու եւ բուժսպասարկում ստանալու ծախսերը եղել են բացառապես բարերարների միջոցներով: Այս բարերարներից էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ու ամեն անգամ, երբ տղաների հարազատները հարցազրույց են տալիս, խորին շնորհակալություն են հայտնում այս պաշտոնյաներին եւ այն շարքային քաղաքացիներին, որոնք ֆինանսապես աջակցել են: Մինչդեռ վիրավոր զինվորների հարազատներին սթրեսի ենթարկելու (իսկ որդուն փրկելու համար մոտ 100 հազար եվրոյի չափ դրամահավաք անելն իսկապես սթրես է) ու դռնեդուռ գցելու փոխարեն՝ կառավարությունը սուսուփուս, առանց աչքը թարթելու պարտավոր էր պետական բյուջեից գումար տրամադրել տղաների բուժման համար:

Կառավարության ապրիլի 21-ի նիստին վիրավոր զինծառայողների համար արտերկրում բուժման եւ կեցության, ճանապարհածախսի կարգը հաստատելու մասին որոշում ընդունվեց:

4i verevi nkar
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ օրվա նիստին հայտարարեց, որ այդ ծախսերը կառավարությունը վերցնում է իր վրա: Այս որոշումը Արման Լազգիյանի հորը՝ Միքայել Լազգիյանին, այնքան էլ չէր ուրախացրել. մեզ հետ զրույցում նա ասում է, որ առաջին իսկ օրվանից ինքն այն կարծիքին է եղել, որ այդ որոշումը վտանգավոր է:
Երբ Արմանի եւ Ռուբենի ծնողները որոշեցին, որ իրենց որդիներին ցանկանում են տեղափոխել Գերմանիա բուժման, եւ նրանց խնդրով մտահոգված անձինք մատնացույց էին անում կառավարության որոշումը, սակայն կառավարության անդամները սկսեցին այնպիսի հիմնավորումներ բերել, որ տղաների՝ պետության հաշվին արտերկիր տեղափոխելու հույսը վերջնականապես մարեց:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեզ հետ զրույցում «Առավոտի»՝ 11.05.2016-ի «Նախարարը խոստանում է վիրավոր զինվորներին արտերկիր տեղափոխել, եթե մեզ մոտ բուժման հնարավորությունը սպառվի» հրապարակման մեջ ասել էր. «Այսօր արվում է առավելագույնը, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Հայաստանից դուրս կարվի: Եթե Կարմիր խաչի վերականգնողական հիվանդանոցում բուժվելիս իրենք ասեն, որ դա բավարար չէ, ուզում ենք այլ տեսակի բուժում, եթե մեր կլինիկաներում հնարավորություն չկա, իսկ դրսում դա կա, կառավարությունը կօգնի: Մենք մասնագիտական հարաբերություններ չենք պարզում, տղաների առողջության հարցն է, եւ եթե մեզ մոտ տեխնոլոգիաները բավարար չլինեն, իհարկե, կնախընտրենք արտերկիրը»:

Իսկ մեզ մոտ տեխնոլոգիաները, պարզվում է, բավարար չէին. Արման Լազգիյանի հայրը «Առավոտի» հարցին՝ այն, ինչ անում են Գերմանիայում, արդյոք հնարավոր չէ՞ր անել Հայաստանում, ասում է. «Միանշանակ, Գերմանիայում ավելի լավ է: Գերմանիայում 2 տարբեր օրեր տարբեր պրոֆեսորներ ուղղակի ճչում էին, ասում էին՝ ձեր բժիշկները հրաշքներ են գործել, որովհետեւ մեզ վիրահատական որեւէ միջոցառում չեն թողել: Մեր բժիշկները սրտացավ են, ու որակների մասին էլ լավը պիտի ասեմ, բայց ժողովրդական լեզվով ասած՝ խեղճ լինեն մեր բժիշկները, «չագուչով» ու տապոռով են բժշկություն անում: Մերոնք, որ մտնում էին գործիքով թոքն ու ստամոքսը ստուգելու՝ բավականաչափ ցավ էին առաջացնում, բայց Գերմանիայում մինչեւ աղիներն էլ ամեն օր մտել են, Արմանը ցավի զգացողություն չի ունեցել»: Արմանի ինքնազգացողությունը Գերմանիայի կլինիկա տեղափոխվելուց օրեր անց լավացել է, 2-րդ օրվանից ինքնուրույն է սկսել ուտել, թոքերը, ինչպես հայրն է ասում՝ չորացել են, դրենաժները հեռացրել են, պառկելախոցերն էլ ինքն իրեն բուժվել են, հավանաբար դրանց վիրահատման կարիքն էլ չի լինի: Արմանին սպասվում է վերականգնողական փուլը, նա ողնաշարի շատ լուրջ վնասվածք ունի: Միքայել Լազգիյանը հենց սկզբից էլ չի ցանկացել Արմանի վերականգնողական բուժումը Հայաստանի Կարմիր խաչում կազմակերպել, որովհետեւ վստահ էր՝ Գերմանիայում ավելի լավ արդյունքներ կլինեն:
Ինչո՞ւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Արմանի եւ Ռուբենի բուժումը չփորձեց կազմակերպել կառավարության որոշման վրա հիմնվելով եւ միջամտեց, որ անհատների միջոցով գումար հավաքվի, ի դեպ, նախարարն իր միջոցներից եւս տրամադրել է: Մեր պաշտոնական հարցերին նախարարը մշտապես պնդել է, որ մեզ մոտ էլ է հնարավոր նույն բուժումը ստանալ:

Իրականում, հնարավոր չէ: Մի կողմից՝ եթե նախարարը տղաներին արտերկիր բուժվելու ուղարկեր կառավարության որոշման հիման վրա, նա, որպես նախարար, ստիպված խոստովանելու էր, որ Հայաստանում առողջապահական ոլորտում խնդիրներ կան, բավարար բուժտեխնիկա չկա՝ չնայած մասնագետները բարձրակարգ են: Մյուս կողմից էլ՝ եթե այդ որոշումը տարածվում է Արմանի եւ Ռուբենի դեպքերի վրա, ապա, բնականաբար, էլի մի քանի վիրավոր զինծառայողների ծնողներ պետք է պահանջեին իրենց զավակներին էլ արտերկրում բուժել, ու ծախսերն էլ պարտավոր պիտի լիներ հոգալ կառավարությունը: Իսկ այդ գումարները կարող էին հասնել 1 միլիոն եվրոյի եւ ավելիի, քանի որ բուժումը միանգամյա չէ, դա կարող է տարիներ տեւել: Եվ փաստորեն կառավարությունը խուսափեց այդ հոգսը պետական բյուջեի վրա գցել, քանի որ պարբերաբար պնդում են՝ բյուջեն սուղ է, փող չկա:

Արման Լազգիյանը, Ռուբեն Առաքելյանը, Էրիկ Բաբայանը ու էլի ծանր վիրավորումներ ստացած մի քանի զինվորներ բուժվում էին ու հիմա էլ կան բուժվողներ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ապրիլյան պատերազմի օրերին, երբ տղաներին տեղափոխել էին հիվանդանոց, Արմեն Մուրադյանը պարբերաբար հայտարարում էր, որ զինվորների բուժումը նախարարության հսկողության տակ է, տղաները պետության հոգածության տակ են, մեր զինվորների բուժումը պետության հաշվին է: Բայց, պարզվում է, ինչպես վիրավոր զինվորների ծնողներն են ասում՝ պետությունն իրենց կողքին չի եղել:

«Չեմ պարզել, թե բուժումը ում հաշվին էր, չեմ կասկածում նախարարի խոսքերի վրա, նա միշտ, անգամ գիշերվա կեսին փորձել է աջակից լինել մեզ: Արմանը 49 օր բուժվել է, որեւէ մեկը մեզանից 10 դրամ չի ուզել, թե հիմա բուժումը ում հաշվին է, ինձ չի հետաքրքրել, դա ինձ ոչինչ չէր տա»,- ասում է Միքայել Լազգիյանը:
Հասկանալու համար՝ գոնե Հայաստանում բուժվելու ընթացքում պետությունը այս զինվորների կողքին եղե՞լ, թե՞ ոչ, «Առավոտը» առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե որքան գումար են հատկացրել «Էրեբունիում» բուժվող զինծառայողների համար, այսինքն՝ գոնե այս դեպքում պետպատվեր հատկացվե՞լ է, թե՞ ոչ: Նախարարությունից մեզ վստահեցրին՝ «Զինծառայող Արման Լազգիյանին բուժօգնություն մատուցած բժշկական կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով դեռեւս որեւէ փաստաթուղթ ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացվել»:

Ընդ որում, մեր հարցումը միայն Լազգիյանի բուժման մասին չէր, նաեւ՝ այլ զինվորների:

Իսկ «Էրեբունի» բուժկենտրոնից մեր հարցմանն ի պատասխան վստահեցրին՝ «Արման Լազգիյանի բուժման համար ընդհանուր ծախսվել է 5 միլիոն 320 հազար դրամ, այդ թվում՝ դեղեր, բուժպարագաներ՝ 1.643.540 դրամ, արյան բաղադրամասեր՝ 24 պարկ՝ 288 հազար դրամ, լաբորատոր գործիքային ծախսեր՝ 1.148.600 դրամ, վիրահատություններ՝ 1.485.000 դրամ եւ 255 հազար եւ 500 հազար դրամ»: Մյուս զինծառայողների բուժման ծախսերն ավելի քիչ են, քան Արմանինը: «Էրեբունիից» հավաստիացրին, որ Լազգիյանի եւ մյուս զինծառայողների բուժման ծախսերը բուժկենտրոնի տնօրինությունը վերցրել է իր վրա, եւ օգտագործվել ու օգտագործվում են լավագույն դեղամիջոցներն ու պարագաները:
Փաստորեն, այն, որ նախարար Մուրադյանն ասում էր, թե զինվորների բուժումը պետությունը հոգում է, մեղմ ասած, ընդամենը խոսքեր էին:

Արմանի հայրն ասում է՝ որդու հետագա բուժման համար կրկին բավականին մեծ գումար է հարկավոր, ու մտահոգված է՝ գոնե հիմա պետությունն իր զինվորի կողքին կլինի՞: «Մոտ 90 հազար եվրո է հարկավոր: Վերջնական պատասխանն առաջիկայում կասեն, բայց գիտեմ, որ հնարավոր է լավ արդյունք ստանալ բուժման հարցում: Եթե որոշվի ցողունային բջիջներ ներարկել, գլխից իջնող իմպուլսները հաղորդվելու են ներքեւի հատված, վերջույթները շարժվելու են: Մի դիմում եմ գրելու՝ պարոն վարչապետ, պարոն նախարար, պետությունը Արման Լազգիյանի համար մի բան ունի՞ անելու, թե՞ ոչ»,- կառավարությանն է դիմում Միքայել Լազգիյանը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930