Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաճանաչ «Բուրգի» երկրորդ երեսը

Հունիս 15,2016 16:00

Փառանձեմ Հակոբյանն ասում է. «Մինչ տղայիս զավակը ծառայում էր Արցախում,
«Վանոյի Արտակն» իր հանցախմբով վայելում էր ընտանիքիցս գողացած միջոցները»:

10 տարվա ազատազրկման դատապարտված, մահացու հիվանդությամբ իր պատիժը «Դատապարտյալների հիվանդանոցում» կրող Արթուր Անդրեասյանի մորը՝ Փառանձեմ Հակոբյանին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, ուր շարունակվում է «Անալիտիկ» կայքի խմբագրի, գլխավոր տնօրենի եւ օրերս կալանավորված Արտակ Գալստյանի գործով նախաքննությունը:

«Առավոտի» հետ զրույցում Փ.Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ իրեն ՀՔԾ են հրավիրել «Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի գործով:
Զրուցակիցս ասում է, որ ամենաթողությունն ու անպատժելիությունը «Ֆինանսական բուրգի» գործով «տուժող» ճանաչված «Վանոյի Արտակին» հասցրեց խարդախությունից ավելի կատարելագործված բանսարկուի, վարկաբեկողի, շորթողի կարգավիճակի:

Ըստ ամբաստանյալի մոր, երբ լսել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը «Ֆինանսական բուրգի» գործի մասին, լսելով, որ Արտակ Գալստյանի վերաբերյալ հետաքննություն է գնում, դիմել է Հատուկ քննչական ծառայությանը:

«Ինձ հրավիրեցին ՀՔԾ, նրանց տրամադրության տակ կար նաեւ լրատվամիջոցների հրապարակումները, որոնք առնչվել էին որդուս գործի լուսաբանմանը: Ես տվեցի ցուցմունք, տրամադրեցի դատաքննությանն առնչվող ապացույցներից, փաստաթղթեր, որոնք հիմնավորում էին պատվիրատու կայքերի տարածած հերյուրանքները»,- ասում է Փ.Հակոբյանը:

«Առավոտին» ամբաստանյալի մայրը հայտնեց, որ այս տարվա փետրվարին Արտակ Գալստյանն իրեն հանդիպման էր կանչել:

«Նա ցանկանում էր, որ ես օգնեմ իրեն Մուշեղ Սաֆարյանի դեմ դատական գործընթացների ժամանակ: Մ. Սաֆարյանը «Ամադեղա» ՍՊԸ-ին պատկանող Ջրաբեր համայնքի ավազի հանքի 50 տոկոսի բաժնետերն էր: Արտակն ասաց, թե քանի որ տղադ չմիացավ իրեն՝ Նազարյանների եւ Բաբակեխյաններին ոչնչացնելու համար, այդ կարգավիճակում է: Հիմա դու անցիր իմ կողմը, ասաց: Եթե ես աջակցեի, իմ հարցին, թե ինչ կլինի, Արտակն ասաց՝ որդիդ դուրս կգա, նստածով կբավարարվեն: Ես գիտեի, որ նրա խոսքին հավատալ չի կարելի, դա էին ապացուցում որդուս նկատմամբ այս խեղաթյուրումները, անօրինական թղթերը, որոնք իրեն հաջողվում էր: Սկզբնական շրջանում ինքն էր վարում քննությունը քննչականում, հեռախոսով ձայնագրություններ էր անում, այդ մասին դուք ձեր դատարանից արված ռեպորտաժներում անդրադարձել եք: Այդ ձայնագրություններում տղայիս ձայնը անվերծանելի էր, իրենը՝ հստակ: Նրանը կեղծ հավաքագրելն էր մարդկանց, հանցակից դարձնելը: 2013թ. մարտի 17-ին նա մեղադրվել է վաշխառության հոդվածով»,- հայտնում է տիկին Փառանձեմը: Այստեղ, հիշեցնենք, որ խոսքը ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների՝ Ներսիկ Նազարյանի եւ Կարեն Բաբակեխյանի մասին էր, որոնք «Ֆինանսական բուրգի» գործով տուժողներ էին ճանաչվել: Նկատենք, որ դատարանը դատավճռում գրել էր. «Դատաքննությամբ չհիմնավորվեցին այն ցուցմունքները, որ ամբաստանյալը հափշտակություններ է կատարել՝ օգտվելով իր մտերիմներ Նազարյանների եւ Բաբակեխյանների հովանավորությունից, եւ որ նրանց պարտք է եղել խոշոր գումարներ, որոնց համար վճարել է խոշոր տոկոսագումարներ»:

Իսկ Մուշեղ Սաֆարյանի դեմ հետեւեց հրապարակումը «հայտնի» կայքում:
Նկատենք, որ ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ Մ. Սաֆարյանի հետ Արթուրը բացել է ավազի հանք, մինչ այդ նա զբաղվել է բուքմեյքերական գործունեությամբ: Իր բիզնեսում գումարներ ներդնելու համար հայտնվում է Արտակը:
Ավազի հանքը շահագործվում է, պահեստավորվում է հումքը, Արթուրը կատարում է ներդրումներ, վճարում տոկոսներ, փաստացի չստանալով եկամուտներ:
Հետագայում ավազի հանքն անցնում է Արտակի կնոջը՝ Վեներային, առանց Արթուրին տեղեկացնելու, վաճառվում է հանքանյութը, ապա՝ հանքը: Թե որքան գումարով, չեն ասում Արթուրին: Գնորդը, ըստ դատարանում հնչածի, ներկայացրել էր Արտակը:

Ի դեպ, քրեական գործի նյութերում դրվել էր փոխառության մի պայմանագիր, նաեւ եռակողմ փոխադարձ համաձայնագիր Արթուր Անդրեասյանի եւ Արտակի կնոջ՝ Վեներա Գալստյանի միջեւ, համաձայն որի՝ Ջրաբեր համայնքի ավազահանքում ներդրումներ կատարելու նպատակով Ա. Անդրեասյանին 01.04.2012թ.-ին տրվել է 250 000 եվրո եւ 80 000 դոլար:

ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի 23.04.2013թ. թիվ 13-0334Պ եզրակացության համաձայն, հիմնավորվել էր, որ նշյալ փաստաթղթերի գրառումներն ու ստորագրությունները կատարվել են միեւնույն ներկանյութով, դրանք կեղծ են:

ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքում Արթուրի պաշտպանը ուշադրություն է հրավիրել այս հանգամանքի վրա. «Ա. Անդրեասյանի կողմից դատարան ներկայացված Արտակ Գալստյանի գրությունը կազմել է անձամբ Արտակը, նա դատարանում ընդունեց այդ: Փաստաթղթով հիմնավորվում է, որ Արթուրը Արտակից վերցրել է 600 000 դոլար 2 տոկոսադրույքով, որի դիմաց մինչ քրեական գործ հարուցելը, պարտաճանաչ վճարել է 12 000 դոլար, բացի այդ, Արտակը նշեց, որ Արթուրին, բացի այդ տոկոսով տրված գումարները, ընդհանուր տվել է 80 000 դոլար, առանց տոկոսի, եւ որից 40 000 դոլարն էլ տուժող Գեւորգ Թադեւոսյանի գումարն էր, որը պետք է տար Արտակը: Նա Արթուրի վերադարձրած ընդհանուր պարտք գումարներից չէր հանել վերադարձրած գումարները»:

«Գլխավոր դատախազությանն իմ եւ որդուս բողոք-հայտարարություններին, դատարանում ապացուցված Արտակ Գալստյանի կողմից կատարված հանցագործությունների, խարդախությունների վերաբերյալ եթե տրվեին իրավական գնահատականներ, եթե գործեին օրենքն ու Սահմանադրությունը, կատարվեր արդարադատություն, կապացուցվեր որդուս անմեղությունը, եւ որդիս՝ Արթուր Անդրեասյանը չէր դատապարտվի սպանության հոդվածին հավասարազոր 10 տարվա ազատազրկման: Տղայիս, ում համար հարկավոր է ամենօրյա բժշկական խնամք ու վերահսկողություն: Որդուս հիվանդությունը համընկնում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 20-րդ կետին, ամեն վայրկյան վտանգված է նրա կյանքը: Դատարանը ուշադրություն չդարձնելով գլխավոր դատախազության գրությանը, որտեղ վերլուծելով բողոքներիցս հերթականը, հանգել էր եզրակացության, որ դատարանը լիազորված է քրեական գործ հարուցել՝ Քրեական օրենսգրով սահմանված կարգով, միջնորդությամբ դիմելով դատախազությանը»,-ասում է Փ.Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Արթուր Անդրեասյանի առողջական ներկա վիճակին, ամբաստանյալի մայրը հայտնեց, որ. «Լինելով գլխավոր դատախազի մոտ՝ անձնական հանդիպման ժամանակ, ներկայացրել եմ փաստաթղթեր ոդուս ծանր վիճակի մասին: Վիճակը կրկնակի, եռակի ծանրացավ բանտային պայմանների ժամանակ: Խոստացավ, որ կմիջնորդի երկրորդ կամ լրացուցիչ փորձաքննության համար: Առաջին անգամ փորձաքննություն չէր եղել եւ որդուս հետ հանդիպելով արձանագրել էին՝ ուղղակի կարող է տանել դատվածությունը բժիշկների հսկողությամբ: «Դատապարտյալների հիվանդանոցում» Արթուրը շատ ժամանակ պառկած է, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, բայց բժիշկներն այցելում են նրան հարազատի նման»:

Ըստ «Իրավունք եւ առողջություն» ՍՊԸ տնօրենին ուղղված փաստաբանի գրության, Արթուր Անդրեասյանի մոտ առկա է գլխուղեղի ձախ հետին ուղեղային զարկերակի անեւրիզմա, զարկերակի լուսանցքի լայնացում: Իսկ ըստ հայտնի բժիշկ Ֆանարջյանի, հիվանդությունը բնույթով համարվում է ծանր հիվանդություն, որոնք ամեն վայրկյան կարող են պատճառ դառնալ ներուղեղային արյունազեղման՝ մահվան ելքով, եւ պահանջում են բուժում ստացիոնար պայմաններում:

ruz1

ruz3 ruz4

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի
Հ.Գ.- Փ.Հակոբյանը տեղեկացրեց, որ դիմել է նաեւ հանրապետության նախագահին, իսկ իր տղայի եւ նրա պաշտպանի՝ Մնացական Սարգսյանի բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ չի քննել:

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930