Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմֆոնիստ Մլքեյանը լրացրեց մանկական օպերաների «բացը»

Հունիս 15,2016 15:30

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը օրերս Ազգային օպերային թատրոնում ներկայացրեց կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերան՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Թեեւ այն երեկոյան ներկայացում էր, սակայն դահլիճը լեփ-լեցուն էր մանուկներով: Իսկ երեք գործողությամբ ներկայացումից հետո (ռեժիսոր՝ Արման Մազմանյան) մեծահասակներն ու մասնագետները պարզապես հիացմունքի խոսքեր չէին գտնում արտահայտվելու: Ռոբերտ Մլքեյանը հիշյալ օպերան իրականացրել էր ոչ թե Պետական կամերային երգչախմբի, այլ Գյումրիի «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի» (ղեկավար՝ Մեծավորուհի Քույր Արուսյակ Սաջոնյան)՝ իր ղեկավարած «Տիրամայր Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի ուժերով:

13417642_10154187065302412_42877708766328914_n

Գլխավոր դերերգերում հանդես եկան նույն երգչախմբի սաները. Կկու՝ Աննա Ավդալյան (սոպրանո), Աղվես՝ Մարինա Թորոսյան (սոպրանո), Ագռավ՝ Մոնիկա Մանուչարովա՝ (սոպրանո) եւ Շուն՝ Մելինե Գալոյան (կոնտրալտո): Պարերի բեմականացումը Դիաննա Մացոյանինն է, զգեստների դիզայնը՝ Միշա Պողոսյանինը:
«Առավոտի» հետ զրույցում, թե հիմա էլ ինքն է «ներխուժում» օպերային դաշտ, որը Հայաստանում ինչ-որ իմաստով «մենաշնորհային» է, Ռոբերտ Մլքեյանը ժպտալով նշեց. «Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք: Իսկ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի նման օպերա ո՞վ գիտե Հայաստանում…»: Հետո էլ մանրամասնեց. «Ես սիմֆոնիստ եմ, գործունեությունս էլ վոկալ սիմֆոնիկ ժանրում է՝ կանտատներ, օրատորիաներ, ռեքվիեմներ… Ընդամենը փորձեցի մանկական օպերա բեմ հանել: Նույնիսկ չգիտեմ՝ անդրադարձս օպերային արվեստին շարունակություն կունենա՞, թե՞ ոչ: Իսկ «Չարի վերջի» գաղափարը Գյումրիի «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի» ղեկավար, Մեծավորուհի Քույր Արուսյակինն է: Նա բնակվելով ԱՄՆ-ում, ժամանակին հանդես է եկել մանկական երգչախմբում, ավելին՝ մասնակցել «Չարի վերջի» ներկայացումներին եւ հետագայում երազել է մի օր այս օպերան հասցնել հայաստանցի երեխաներին: Ի դեպ, երկու տարի առաջ կրթահամալիրին պատկանող ծաղկաձորյան ճամբարում մենք դաշնամուրի նվագակցությամբ (կոնցերտմայստեր՝ Նաիրա Ալեքսանյան) ներկայացրել ենք օպերան»:

13413533_10154187064692412_7212551914727167023_n

Տեսարաններ «Չարի վերջը» օպերային բեմադրությունից:

Շուրջ 10 տարի ղեկավարելով Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, Ռոբերտ Մլքեյանը վերջինիս քանիցս ներկայացրել է նաեւ եվրոպական երկրներում: Անցյալ տարի էլ Վատիկանում այս կոլեկտիվը երեք երգչախմբերի թվում մասնակցել է Հռոմի պապի մատուցած պատարագին: Առաջիկայում՝ հունիսի 25-ին, Գյումրիի հրապարակում կայանալիք Հռոմի պապի մատուցելիք պատարագին մասնակցություն կունենա նաեւ այս երգչախումբը:

Անդրադառնալով Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» օպերային, նշենք, որ այս մեծակտավ ստեղծագործությունը Երեւանում բեմադրվել է մեկ անգամ՝ 1936թ., Լուսաշխի տան պետական թատրոնում, իսկ մանկական բազմաժանր ստեղծագործություններով հայտնի Ազատ Մանուկյանին են պատկանում նաեւ «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի), «Սասունցի մանուկ Դավիթը» (ըստ Վ. Մանվելյանի), «Համառ գորտը» եւ «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի):
Հավելենք, որ Ազգային օպերային թատրոնում ժամանակին բեմադրվել են մանկական օպերաներ, այդ թվում՝ Կյուիի «Կոշկավոր կատուն», Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Արեւի ցոլքերում», Յուրի Գեւորգյանի «Խարույկը», Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը», Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» եւ այլն: Թատրոնի վաղամեռիկ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի երազանքն էր տասնամյակների ընդմիջումից հետո իրականացնել որեւէ մանկական օպերա: Այս մասին խոսում էին մասնագետները «Չարի վերջը» ներկայացումից հետո, եւ միմյանց հուսադրում, թե նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ հավանաբար կմտածի նաեւ մանուկների մասին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930