Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ ոճային ըմբիշներն սկսել են Ռիոյի նախապատրաստության վճռական փուլը

Հունիս 15,2016 15:00

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու է չորս ներկայացուցչով. 57 կգ՝ Գառնիկ Մնացականյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 97՝ Գեորգի Կետոեւ, 125՝ Լեւան Բերիանիձե:
Վարկանիշային մրցաշարերի ավարտից հետո մեր ընտրանին մեկ ամիս օրը երեք անգամ կենտրոնացված մարզումներ է անցկացրել Երեւանում, իսկ ներկայումս մոտ 33-34 հոգանոց կազմով մեկնել է Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքի: Յուրաքանչյուր քաշային կարգում հավաքին մասնակցում է 3-ից 4 ըմբիշ: «Առավոտը» զրուցել է գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

– Պարոն Բաղդադյան: Փաստորեն, հիմա մեկնարկել է օլիմպիական խաղերի նախապատրաստության եզրափակիչ, վճռորոշ փուլը: Ինչպե՞ս է անցնելու մնացած մեկուկես ամսից քիչ ավելի ժամանակը:

– Ծաղկաձորյան հավաքին կհաջորդի Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի 21-րդ միջազգային մրցաշարը, որին շատ մեծ նշանակություն ենք տալիս որպես Խաղերի նախապատրաստության կարեւոր փուլ: Վարկանիշային մրցաշարերից հետո ուղեգիր նվաճած մարզիկները եւ հավաքականի մյուս անդամներն արդեն բավական երկար ժամանակ գոտեմարտեր չեն անցկացրել: Հնարավոր է՝ այդ մրցաշարին միայն Դավիթ Սաֆարյանը չմասնակցի ու ասեմ, թե ինչու: Հիշում եք, թե նա որքան դժվարությամբ արժանացավ ուղեգրի: Իրար հետեւից երեք մրցաշարերում քաշ գցելը ծանր է ու լիարժեքորեն վերականգնվել է հարկավոր: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ Դավթի տարիքն ու փորձը, հնարավոր է, որ նա Վանաձորում հանդես չգա:

Հուլիսի 2-ից 16-ը Կիսլովոդսկում համատեղ հավաք ենք ունենալու Ռուսաստանի հավաքականի հետ: Պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, որից հետո կվերադառնանք Երեւան: 5-6 օր հանգստանալուց հետո կմեկնենք Վրաստան ու նրանց ընտրանու հետ 13-օրյա հավաք կանցկացնենք: Այնուհետեւ կգանք տուն եւ օգոստոսի սկզբներին օլիմպիական պատվիրակությունը երկու էտապով կմեկնի Բրազիլիա:

– Ինչո՞ւ երկու էտապով:

– Կլիմայափոխվելու եւ իրենց մրցման օրը լավագույն մարզավիճակում գտնվելու համար: Օգոստոսի 9-ին կմեկնեն 57 եւ 125 կգ քաշային ըմբիշները մարզչի եւ բժշկի հետ, իսկ 65 եւ 97 կգ քաշայինները կմեկնեն օգոստոսի 11-ին: Ասեմ նաեւ, որ Գառնիկ Մնացականյանն ու Լեւան Բերիանիձեն Ռիոյում պայքարի մեջ ներգրավվելու են օգոստոսի 19-ին, իսկ Դավիթ Սաֆարյանն ու Գեորգի Կետոեւը՝ հաջորդ օրը:

– Ծաղկաձորյան հավաքի հրավիրվել են յուրաքանչյուր քաշային կարգում 3-4 ըմբիշներ: Նրանք ընդամենն օգնո՞ւմ են օլիմպականներին, թե՞, հնարավոր է, Ռիո մեկնողների մեջ փոփոխություններ լինեն:

– Դժվար թե այս ընթացքում հայտնվեն այնպիսիք, որոնք մինչեւ օլիմպիական խաղեր իրենց ավելի լավ դրսեւորեն կամ ավելի լավ մարզավիճակ ունենան, քան Ռիոյի ուղեգիր նվաճածները: Փորձն է այդպես ցույց տալիս: Բոլոր ըմբիշներին էլ քառամյա այս շրջափուլում իրենց լիարժեքորեն դրսեւորելու բազմաթիվ հնարավորություններն են ընձեռվել հատկապես մինչեւ դեկտեմբեր հավաքականում առաջնային տեղեր ունենալու համար: Միեւնույն ժամանակ, բոլոր ըմբիշներին էլ նախապես հայտարարվել է, որ օլիմպիական խաղեր մեկնելիս շեշտը դրվելու է այն մարզիկների վրա, որոնք վարկանիշ նվաճել են սեփական քրտինքով: Ծաղկաձորյան հավաքին շատ մարզիկներ հրավիրելու մասին: Ճիշտ է, տարվա գլխավոր իրադարձությունն օլիմպիական խաղերն են եւ այսօր մեր գյխավոր ուշադրությունը կենտրոնացած է այստեղ, բայց Ռիոյից հետո կյանքն ըմբշամարտում շարունակվելու է, սկսվելու է նոր քառամյա շրջափուլ, լինելու են աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, խոշորագույն մրցաշարեր: Ֆեդերացիայի եւ մարզիչների աշխատանքը մշտական է, շարունակական ու վերջ չունի:

– Ավանդական վերջին հարցը, որին որպես կանոն չեք պատասխանում: Ռիոյում մեր ազատ ոճայիններից ի՞նչ ակնկալիքներ ունանանք:

– Մրցագորգը կպատասխանի: Օլիմպիական խաղերում թույլ մրցակիցներ չեն լինում: Մասնակցում են միայն լավագույնները, որոնք դա ապացուցել են: Գրեթե բոլորն էլ հավասար ուժեր են: Մեր ըմբիշնե՞րը: Իհարկե, պայքարելու են մեդալների համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930