Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտեղ է թաղված շան գլուխը

Հունիս 15,2016 14:30

Բաց նամակ Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին

Հարգե՛լի ռեկտոր, շուտով լրանալու է Ձեր պաշտոնավարման ժամկետը, սակայն այդպես էլ չանցաք Զեր վերահսկողական բուն պարտականությունների կատարմանը՝ վստահելով դրանք ուսումնական աշխատանքների գծով Ձեր բարեկամ ու ընկեր պրոռեկտորներին։ 10.07.2013թ. Ձեզ հասցեագրած անձնական նամակում գրել էի, որ ինձ համար անձնական եւ ազգային արժանապատվությունը բարձր է ամեն ինչից, այդ թվում՝ աշխատատեղից եւ դրույքից։ Սա նշանակում է, որ արժանապատվության համար պայքարը շարունակվելու է։ Այնպես, որ իշխող կուսակցությանն առընթեր դատական ատյանների վճիռն ու որոշումն ինձ համար առ ոչինչ են, քանզի դրանք բացարձակապես կապ չունեն ո՛չ արդարադատության եւ ո՛չ էլ ժողովրդավարության հետ։ ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության (այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության) ամբիոնի ապօրինի վարիչ Լյուբա Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ. մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ, որոնց պատճառների ու հետեւանքների մասին բազմիցս անդրադարձել է մամուլը: Ավելորդ չեմ համարում կանգ առնել նրա ապօրինությունների որոշ դրվագների վրա նույնպես։ Այսպես. նա իր տնտեսագետ ընկերուհիներին հատկացնում էր 1,5 կամ 1,025, իսկ ինձ՝ 0,75 կամ 0,25 դրույք, իսկ հեռակա ուսուցումում, որտեղ վճարը շատ ցածր էր՝ հակառակը։ 2011թ. դիմեցի Զեզ՝ բարձրացնելով Լ.Մեհրաբյանի լեգիտիմության եւ օրինազանցության հարցերը։

Ցնցված էի, երբ կարդացի Ձեր ստորագրությամբ, բայց Լ. Մեհրաբյանի կազմած պատասխանի անպատշաճ տեքստը։ 2012-2013 ուստարում նա փորձեց հեռակա ուսուցման ողջ բեռնվածությունը (370 ժամ) ինձ պարտադրել: Նա ինձ հայտնել է, որ ՀՊՏՀ-ում տնտեսական պատմությունը դասավանդվում է գրագողության արդյունք հանդիսացող ձեռնարկներով, բայց կանխելու փոխարեն՝ խրախուսել է այն։ 2010-2011 ուստարում Լ.Մեհրաբյանը պարտադրել է ինձ, առանց վճարման, 0,25 դրույքից ավելի ժամեր պարապել, այդ ժամաքանակի մեջ ընդգրկելով իր կրտսեր ընկերուհու 1,5 դրույքից մեկ խումբ՝ նրան լավություն անելու նպատակով։ Երեւանի Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պահանջով ՀՊՏՀ-ն դատարան է ուղարկել Լ. Մեհրաբյանի կազմած նաեւ կեղծ փաստաթղթեր։ Օրինակ՝ 2012-2013 ուստարում նա հեռակա ուսուցումում իր ավագ ընկերուհու՝ Լ.Պետրոսյանի օգտին գրանցել է 59 ժամ, իր կրտսեր ընկերուհու՝ Ա. Անանյանի ստվերային (չպարապած) ժամերից, իսկ վերջինիս՝ իմ 37 ստվերային ժամերը։ Բանն այն է, որ հեռակա ուսուցումում սեմինարների ժամանակ տնտեսական պատմության հոսքերը պիտի պարտադիր բաժանվեին խմբերի, բայց Լ. Մեհրաբյանի հրահանգով չեն բաժանվել։ Նա Լ.Պետրոսյանին հատկացրել է 1, բայց դատարան է ներկայացրել 0,5 դրույք։ Նրա բոլոր ապօրինությունները միշտ էլ արժանացել են Ձեզ փոխարինող, բայց խորհրդավոր պատճառներով Լ. Մեհրաբյանին ենթարկվող պրոռեկտորներ Պ. Քալանթարյանի եւ Մ.Հարությունյանի պաշտպանությանը։

Պարո՛ն ռեկտոր, եթե դուք չվայելեիք Հ. Աբրահամյանի հովանավորչությունը, ապա նշված եւ ինձ ոչ հասու ստվերային ֆինանսական այլ խախտումները, հավանաբար, որոնց պատճառով Ձեր գլխավոր հաշվապահը եւ Ձեր որդին հրաժարական են տվել, ջրի երես դուրս կգային եւ այժմ գոնե կկանխեին Ձեր ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվելու հնարավորությունը։ Օգտվելով ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԿԳ նախկին նախարարի հովանավորչությունից, իմ ազատամիտ հայացքների համար, հաստիքը կրճատվելու կեղծ հիմնավորմամբ, 2013 թ. նոյեմբերին ինձ ազատել եք աշխատանքից եւ որպես ՀՀԿ խորհրդի անդամ պարտադրել եք ՀՀ դատական ատյաններին՝ կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով ինձ մասնագիտական գործունեությունից։ Պարո՛ն Կ. Աթոյան, փաստորեն ձեր անգործության ու տնավարության, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի, ով ՀՊՏՀ խորհրդի նախագահն է, անտարբերության պատճառներով ՀՊՏՀ-ում խրախուսվում են՝ անօրինականությունն ու կեղծիքը, գրագողությունն ու կոռուպցիան։ Ինքնավարության քողի ներքո ՀՊՏՀ-ում ուսանողի ու շարքային դասախոսի հաշվին ստեղծել եք ուռճացված ու ցեղայնացված ուսումնագիտական ու վարչական ապարատ, այսինքն՝ իրականացնում եք ՀՊՏՀ բյուջեի քողարկված (հաստիքային) կողոպուտ։ Մի՞թե այս վարքագիծը «տնտեսագետ» հանրապետականին վայել է, կամ՝ մի՞թե «տնտեսագետ» գործատուն աշխատանքից կազատի իր բարեխիղճ աշխատողին այն բանի համար, որ նա ունի արժանապատվություն, սեփական տեսակետ եւ ներկայացրել է դասավանդման նոր ծրագրի նախագիծ։ Դրա համար էլ մեր երկիրը երկիր չի դառնում։ Դրա համար էլ մեզ հեգնում են՝ թե՛ Արեւմուտքը եւ թե՛ Ռուսաստանը, քանզի մեր կոմպրադորների երեսից Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ ումից ի՞նչ ես պահանջում, եթե ՀՀ նախագահը եւ նրա պարտադրանքով ստեղծված ու ընդունված սահմանադրությունը լեգիտիմ չեն, ինչո՞ւ պիտի ՀՊՏՀ իրավագիտության ու քաղաքագիտության, այն էլ արհեստածին, ամբիոնի վարիչը լեգիտիմ ու օրինապահ լինի, ռեկտորը՝ ազնիվ ու օբյեկտիվ, իսկ Հայաստանն էլ ինքնիշխան։ Մեր ժողովրդի իմաստնությամբ արտահայտված՝ «ահա թե որտեղ է թաղված շան գլուխը», մինչդեռ ես միամտաբար այն փնտրում էի ՀՀ կառավարությունում եւ դատարաններում։

Հարգելի՛ Կ. Աթոյան, այնուհանդերձ, դատելով սույն նամակում բերված եւ մամուլում արդեն հրապարակված փաստերի վերլուծությունից, ակնհայտ է դառնում, որ 2011-2015թթ. Զեր գլխավորությամբ են իրականացվել իմ նկատմամբ կիրառված հակասահմանադրական բոլոր, այդ թվում՝ դատական գործընթացները, որոնց պատճառով կորցրել եմ հավատս, տուժել է ընտանիքս, վատթարացել է առողջությունս, կասեցվել է գիտամանկավարժական գործունեությունս (ի դեպ, ՀՊՏՀ-ում շատերն են տուժել Ձեր վոլյունտարիզմից)։ Հայաստանում խորացող գաղութային եւ միապետական ռեժիմների, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի Ձեզ հովանավորելու պայմաններում ինձ ոչինչ չի մնում անել, քան Ձեզանից պահանջել՝ հրապարակավ ներողություն խնդրել։ Լիահույս եմ, որ Դուք, որպես մարդ, քաղաքացի, մտավորական եւ հատկապես Նժդեհի գաղափարները դավանող կուսակցության խորհրդի անդամ, ազգը բարոյալքումից փրկելու ճանապարհին կկատարեք բարոյական այդ կարեւոր ու համարձակ քայլը՝ նախադեպ ստեղծելով մյուս իրավախախտ ու ապազգային հանրապետականների համար։
Զեր ողջամիտ պատասխանին սպասող՝ պատմագիտության թեկնածու
ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Ա. Պատրաստ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետը:

 

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930