Նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ սկսվեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ հանդիպումից, որի ժամանակ մարզի ղեկավարը շրջայցին անձամբ միանալու ցանկություն հայտնեց, որպեսզի ինքն էլ ավելի մոտիկից ծանոթանա իրավիճակին, առկա խնդիրներին եւ նախարարի հետ քննարկումներն ավելի գործնական լինեն:
Շրջայցի ավարտին Aravot.am-ը պարոն Գյոզալյանին խնդրեց ամփոփել տպավորությունները:
«Հարյուր օր է, որ ստանձնել եմ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Մարզն ունի 114 համայնք, 129 դպրոց: Այս ընթացքում հասցրել եմ լինել դրանց մեծ մասում: Սակայն նախարարի այցը եւս մի լավ առիթ էր կրկին այցելել հատկապես գյուղական դպրոցներ», – ասաց մարզպետը: Հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ հատկապես գյուղական համայնքներում ընդհանուր տպավորությունը մեծամասամբ դրական չէր, մարզպետը պատասխանեց. «Կան ծայրահեղ վատ վիճակում գտնվող դպրոցներ, կան նաեւ լավերը, կան նաեւ շատ լավերը՝ հատկապես քաղաքի մակարդակով: Այդ բոլորն ինքներդ տեսաք: Իհարկե, խնդիրները շատ են եւ դրանք անհրաժեշտ է կարգավորել: Բայց դա ժամանակի եւ ֆինանսական ներդրումների հարց է: Շատ բաներ արվել են, անելիքներն էլ դեռ շատ են: Պետությունը միանգամից նյութական մեծ միջոցներ հատկացնելու հնարավորություն չունի: Դրա համար խնդիրները հնարավոր է լուծել քայլ առ քայլ»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե շենքային եւ գույքային խնդիրները լուծելու համար հսկայական ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ եւ եթե պետությունն այդ հնարավորությունները չունի, ինչպե՞ս պետք է կարգավորվի հարցը: «Պետությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն բան անում է ու շարունակելու է անել պետբյուջեից: Բայց դպրոցներ կան, որտեղ մասնակի նորոգումներ են անհրաժեշտ: Այստեղ կարելի է եւ պետք է ներգրավել նաեւ դոնոր, բարեգործական կազմակերպություններ եւ անհատներ: Դրանցով զբաղվելու ենք»:
Մարզպետը կարեւորեց նաեւ տնօրենների եւ ուսուցիչների կազմակերպական որակները, իրենց գործին սրտացավ ու ստեղծագործական մոտեցումները, որոնց շնորհիվ կարելի է սուղ միջոցներով համեմատաբար դրական արդյունքների հասնելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ