Վերահրատարակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության ավագ մեկնաբան, հեռուստալրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» ժողովածուն:
Աշխատությունն ընդգրկում է Մերձավոր Արևելքի հետգաղութային շրջանը՝ հասնելով մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը: Հեղինակը սահմանափակվել է այս ժամանակահատվածով, քանի որ փաստական, գիտական նյութի պակասն օբյեկտիվ դատողություններ, կանխատեսումներ անելու հնարավորություն առայժմ չի տալիս:
«Այն, ինչ կա 2011 թվականից մինչ օրս, ամբողջությամբ տեղավորվում է հրապարակախոսության ժանրի մեջ: Այսինքն՝ կան իրողություններ, փաստեր, բայց բավարար փաստաթղթային, գիտական հենք չկա, որպեսզի կարողանանք այդ ամբողջի վերաբերյալ ընդհանրական գնահատական տալ»,- «Բյուրոկրատ» գրախանութում գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը:
Ժողովածուն ընդգրկում է թեմատիկ դասախոսություններ Մերձավոր Արևելքի պետությունների ներքաղաքական գործընթացների, տարածաշրջանի վրա միջազգային դերակատարների ազդեցության, քաղաքական հովանավորչության, իսլամի քաղաքականացման և այլնի վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Մինչև 2011 թվականն այս թեման «եփում էի» իմ մեջ՝ մոտ մեկուկես տասնամյակ անընդհատ հետևողական լինելով: Ընդամենը պետք էր մեկ կայծ, որը պայմանականորեն կոչենք «արաբական գարուն», ինչից հետո այդ ամենը հանձնվեց թղթին»,- նշեց հեղինակը:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ աշխատության 8 գլուխներն այնպես են դասավորված, որ, օրինակ, 8-րդ գլուխն անհնար կլինի հասկանալ՝ առանց առաջինը կարդալու:
Նոր աշխատության մասին խոսելը դեռ վաղ է. «Գիտական հոդված գրելիս, ընդհանրապես գիտական գործունեություն իրականացնելիս չեմ սիրում աճպարարությամբ զբաղվել, ոչ էլ աշխատում եմ տպաքանակի կամ շոուի էլեմենտի վրա: Սա գիտություն է, որն ունի մեթոդոլոգիա, ունի լուրջ հիմքեր, որոնք պետք է պահել: Ես չէի ուզի գրել մի բան, որի համար մի քանի տարի հետո կամաչեի: Կսպասեմ իրադարձությունների զարգացմանը: Աստված տա, որ անվտանգության առումով մեր տարածաշրջանում ամեն ինչ լավ լինի, և երկրորդ գիրքը չի ուշանա»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ