«Երիտասարդներն այսօր հասկացված ու լսելի լինելու կարիք ունեն: Նրանք հաճախ կարող են տանը խոսել իրենց երազանքների ու մտահղացումների մասին, իսկ ծնողները չլսեն կամ խենթություն համարեն դրանք»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա համոզված է, որ եթե երիտասարդը հանդես է գալիս անգամ խենթ մտահղացմամբ, դրա մեջ էլ կարելի է գտնել ինչ-որ դրական, նպաստավոր բան. «Գուցե հնարավոր է բացասականը կամ երիտասարդական անփորձության հետևանքով ձևավորված մոտեցումները մաքրել ու թողնել այն, ինչն իրականում ընկած է դրա հիմքում: Պետք է փորձել երիտասարդի մեջ տեսնել այն ազնիվ զգացումները, որոնք գուցե ներկայացվում են նրա խենթությամբ, անփորձությամբ, շատ հարցերից անտեղյակությամբ, բայց պետք է նաև հաշվի առնել այն, որ նա դեռ երկար ճանապարհ ունի քայլելու:
Այսօրվա երիտասարդի համար շատ կարևոր է, որ մենք իր հետ ուղղակի փորձենք քայլել՝ ոչ բարձրից նայենք (տես՝ ես ավելի իմաստուն եմ ու ավելի լավ գիտեմ՝ քո կյանքն ինչպես է պետք դասավորել), ոչ էլ անտարբերության մատնենք: Պետք է ուղղակի նրա հետ քայլել իր կյանքի ճանապարհը՝ սիրով, հասկանալով ու գուրգուրելով»,- ասաց Տեր Եսային:
Նրա փոխանցմամբ՝ հավատացյալ շատ երիտասարդներ կան, որոնք եկեղեցի գալու, հոգևորականի հետ խոսելու, հոգևոր զրույցների կարիք ունեն, բայց շատերի համար կարևոր է նաև, որ իրենց էլ արտահայտվելու հնարավորություն տրվի. «Մեկ բան է երիտասարդին եկեղեցի հրավիրելը, մեկ ուրիշ բան՝ նրան եկեղեցում պահելը»,- ընդգծեց քահանան:
Կարդացեք նաև
Երիտասարդին եկեղեցում պահելու ամենակարևոր պայմանը, ըստ նրա, կրթական համապատասխան ծրագրերի իրականացումն է. «Այնպիսի ծրագրերի, որոնք նրան կհետաքրքրեն, որտեղ նա կկարողանա արտահայտվել, իր կարծիքը հայտնել: Այլ խոսքով ասած՝ լսելի լինել: Հայ առաքելական եկեղեցին տարբեր ծրագրերով փորձում է այդ հարցը լուծել, երիտասարդին իր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն տալ»,- ասաց Տեր Եսային:
Նրա տեղեկացմամբ՝ այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից մեկն էլ առաջիկայում է նախատեսված. «Կոչվում է «Ազգությամբ՝ հայ, ինքնությամբ՝ քրիստոնյա»: Արարատյան հայրապետական թեմն ու Երիտասարդական ակումբների դաշնությունն (FYCA) են կազմակերպում: Բացի հոգևոր թեմաներով դասախոսություն-քննարկումներից, կլինեն նաև «Երիտասարդը դիվանագիտության մեջ», «Երիտասարդի դերը Արցախյան պատերազմի ընթացքում», «Երիտասարդի դերը սոցցանցերում» և այլ թեմաներով դասախոսություն-քննարկումներ»,- մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատուն:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ