Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական տոնակատարություններ Ռումինիայի Գեռլա քաղաքում

Հունիս 14,2016 20:35

Հունիսի 11-ին հայերի կողմից դեռևս 16-րդ դարի սկզբներին հիմնադրված պատմական Արմենոպոլիս` Գեռլա, քաղաքում (Ռումինիայի Կլուժ նահանգ), անցկացվեցին Քաղաքի օրերը, որոնք համընկնում են Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին և ուղեկցվում հայկական ավանդական տոնակատարություններով: Հայկական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն՝ 2012թ. Գեռլայի և Իջևանի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Գեռլա էին ժամանել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս.Հակոբյանը, ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին և տարածքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը, Ռումինիայի տարբեր քաղաքներից ու հարևան երկրներից, այդ թվում Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր:

Առաջին պաշտոնական միջոցառումը տեղի ունեցավ Գեռլայի քաղաքապետարանում, որտեղ գործող քաղաքապետ Մարիուս Սաբոն և քաղաքի նորընտիր ղեկավար Իոան Նեսելեանը հանդիպում ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական Իզոր, գերմանական Ֆորքայմ և Իսրայելի Կիրիատ Մոցկին քաղաքների պատվիրակությունների հետ:

Գեռլայի և նրա հետ եղբայրացած քաղաքների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված քննարկումների համատեքստում ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ քաղաքի նոր ղեկավարությունը շարունակելու է Գեռլայի և Իջևանի միջև եղբայրական կապերի զարգացման ավանդույթները: Դեսպանի խոսքով՝ Կլուժ նահանգի և Գեռլա քաղաքի հետ բարեկամական, մշակութային և գործարար հարաբերությունների խորացումը ապակենտրոնացված համագործակցության մակարդակում գործնականից բացի նաև խորհրդանշական իմաստ ունի. Տրանսիլվանիայի այս մասում հայկական դարավոր ներկայությունը և հարուստ պատմական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե ակադեմիական-համալսարանական, թե հանրության լայն շրջանակներում: Արդեն երկրորդ տարին է, ինչ Կլուժի Բաբեշ Բոյայ համալսարանում գործում է Հայագիտության ինստիտուտը, Բաբեշ Բոյայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Նույն օրը Գեռլայի՝ աշխարհում ամենամեծ հայ կաթողիկե տաճարը համարվող Սուրբ Երրորդության տաճարում (1776թ.) մատուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ` Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի պատվո ներկայությամբ: Պատարագին հայերի կողքին ներկա էին Կլուժի նահանգային և Գեռլայի քաղաքային իշխանությունների ղեկավարները, գերմանական, ֆրանսիական և իսրայելական եղբայրացած քաղաքների պատվիրակությունները, մոտ հազարի հասնող հավատացյալներ։

Պատարագից հետո Գեռլայի Հայոց թաղական խորհրդում դեսպան Համլետ Գասպարյանը և ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդամներին հանձնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրերը: Այնուհետև կայացավ Քրիստոֆ Սոնգոթի «Գեռլա-Արմենոպոլիս քաղաքի մենագրություն» հիմնարար աշխատության 5-րդ հատորի հունգարերենից ռումիներեն թարգմանության շնորհանդեսը, ներկայացվեց Անդրեա Տանասեի «Մեր կողքի հայերը» լուսանկարչական պատկերագիրքը:

Երեկոյան Գեռլայի Հայոց Մշակույթի տան սրահներում բացվեց ցուցահանդես, ուր առանձին բաժիններով ներկայացված էին Սիմո Ջուլիայի հայկական տարազների հավաքածուն, ինչպես նաև Դուհա Լասլոյի հայ-հունգարական զարդանախշերի և հայկական մանրանկարչության մոտիվներով արված փայտե հազվագյուտ փորագրաքանդակները: Ներկա էր նաև ծաղկազարդարման արվեստի մասնագետ, Մոսկովյան միջազգային ֆլորիստիկ դիզայնի դպրոցի տնօրեն Արայիկ Գալստյանը, որի գործերի ցուցահանդեսը հաջորդ օրը բացվեց Կլուժի Արվեստի թանգարանում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930