Չնայած Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ չկան, սակայն պարզվում է մաքսային փաստաթղթերով մենք այդ երկիր արտահանում ենք կատարել, այդ երկրից ներմուծում էլ ենք կատարել:
2015 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանում է կատարվել: Առաջին հայացքից միայն զարմանք է առաջացնում, որ Հայաստանից Ադրբեջան արտահանում է կատարվել: Սակայն, երբ ծանոթանում ենք արտահանված ապրանքի կոդին, ու պարզում, թե ինչ ապրանքներ ենք արտահանել այդ երկիր, ոչ թե զարմանք, այլ մի տեսակ ռազմահայրենասիրական զգացմունքներ են առաջանում, թվում է, թե պետական դավաճանություն է բացահայտվել: Ընդ որում, այն ինչ արտահանվել է, սոցցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել:
Բանն այն է, որ արտահանված ապրանքի կոդի տակ՝ 9306 թվանշմամբ հետեւյալ ապրանքներն են՝« ռումբ, հրթիռ, եւ նման միջոց մարտական գործողության, դրանց մասեր, փամփուշտ եւ այլ զինամթերք»:
Կարդացեք նաև
Այդ «զինամթերքներն» Ադրբեջան է արտահանել Հայաստանի հրաձգության հավաքականի թիմը: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան վստահեցրին պետական եկամուտների կոմիտեից: 2015 թվականին Բաքվում օլիմպիական խաղերին մասնակցել է նաեւ հրաձգության մեր հավաքականը եւ նրանք իրենց սպորտային «ռազմամթերքն են» արտահանել:
Ադրբեջանից Հայաստան նաեւ ներմուծում է տեղի ունեցել: Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցանիշների, 2014 թվականին Հայաստան է ներմուծվել գորգ:
ՊԵԿ-ից վստահեցրին, որ Հայաստանից Ադրբեջան կամ հակառակ ուղղությամբ ուղղակի արտահանում եւ ներմուծում չի կատարվում: Ինչ վերաբերում է ներմուծված գորգին, ապա, ըստ ՊԵԿ-ի, կոմիտեում նշվում է ապրանքի ծագման երկիրը, այսինքն, գորգն արտադրված է Արդրբեջանում, բայց այն ներմուծվել է այլ երկրից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ի՞նչ տարբերություն, Ադրբեջան, թե՞ Թուրքիա: Թուրքիայի հետ առեւտուրը հո կա: Իսկ որտեղ փող, այնտեղ Հայրենիք չիք: Համենայն դեպս Հայաստանում այդպես է: