Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շշնջաց վարչապետը Գյումրիում թոշակները բարձրացնելու պահանջ ներկայացնող պապիկի ականջին (տեսանյութ)

Հունիս 14,2016 18:15

Այսօր բավական ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով Գյումրիում էր կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ երկու դաշնակցական նախարարների՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի, կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ուղեկցությամբ:

Վարչապետը նախ եղավ Գյումրու Արվեստների ակադեմիայում, ուսումնասիրեց շենքային պայմանները, այնուհետ ուղեւորվեց Գյումրու մանկավարժական ինստիտուտ, ծանոթացավ այս բուհի շենքային պայմաններին: Ինչպես հետագայում պարզաբանեց, Գյումրիում կան մի քանի բուհեր, իսկ ուսանողները քիչ են, ուստիեւ քննարկվելու է բուհերի ապագայի հարցը:

Varchapet_Gyumri_1

Երբ վարչապետը դուրս էր գալիս Գյումրու մանկավարժական ինստիտուտից, կառույցի դիմաց նրան կանգնեցրեց մի տարեց տղամարդ՝ հորդորելով բարձրացնել թոշակները, քանի որ այլեւս անհնարին է այդպես ապրել: Վարչապետը ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, սակայն պապիկը շարունակեց. «Այս հարցն անպայման տեղ հասցրու, Սերժ Սարգսյանին փոխանցի, ժողովուրդը մեղք է, սոված են, ահա ես սոված եմ, լուրջ բան եմ ասում ՝մտածեք»:

Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ շշնջաց նա պապիկի ականջին, ինչպե՞ս է լուծելու տարեց տղամարդու խնդիրը: Վարչապետն ասաց, որ ինքը այդ մարդու հետ հանդիպել է անցած տարի մարզպետարանի շենքի մոտ ու քննարկել են նույն հարցը, ու նա գոհ է մնացել: Ըստ Հովիկ Աբրահամյանի, ինքը պապիկին այդ մասին հիշեցրեց: «Ես իրեն ասացի, որ մենք հիմա զբաղված ենք մեր քառօրյա պատերազմի հետեւանքներով, փորձում ենք այն բոլոր թերությունները, որոնք բացահայտվեց, վերացնել: Նաեւ ֆինասական միջոցներ ենք ուղղում այդ խնդիրների համար, թոշակների հարցին կանդրադառնանք, երբ որ կքննարկվի 2017 թվականի բյուջեն, դա եմ ասել», -ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը շրջագայեց նաեւ Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի շենք, որտեղ ընթանում է շինարարություն ու որը հանձնված է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին: Նա պատրաստվում է 400 աշխատատեղ ստեղծել Գյումրիում՝ տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություն հիմնել: Հովիկ Աբրահամյանը մոտ մեկ ժամ փակ քննարկում անցկացրեց Շիրակի մարզպետարանում, այնուհետ ուղեւորվեց Ախուրյան՝ ջրամբարը տեսնելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930