«Մրցույթի հիմնական նպատակը մասնակիցների երևակայական աշխարհը ցույց տալն է: Ասում են` գեղարվեստն ու պոեզիան մեկ գծով են շարժվում: Այսինքն` գեղարվեստի միջոցով կարելի է տեսնել պոեզիան և հակառակը: Մասնակիցներն իրենց մոտեցումն են ցույց տվել, աշխատանքների միջոցով արտահայտել իրենց զգացմունքները: Միշտ ծաղիկներ կան նրանց համար, ովքեր ուզում են դրանք տեսնել: Մենք այս երեխաների աշխատանքների մեջ գտանք այդ ծաղիկների սերմերը, որոնք հնարավոր է` հետո ծաղկեն»,-այս մասին այսօր «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայի հայտարարված «Պատկերազարդումների մրցույթ» ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր-նախագահ Նատալի Ջրյանը:
Մրցույթին մասնակցում էին 11 ուսանող`5-ը Երևանի գեղարվեստի ակադեմիայից և 6-ը Գյումրու մասնաճյուղից:
Տիկին Ջրյանը նշեց, որ ուսանողներից պահանջվել է ստեղծագործել, իրենց պատկերացումները հանձնել թղթին Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» և Ուիլիամ Շեքսպիրի պիեսների հիման վրա. «Այս տարի լրանում է Շեքսպիրի մահվան 400-ամյակը, իսկ նախորդ տարի լրացավ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի 100-ամյակը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հիմա ամեն օր աշխարհի որևէ անկյունում բեմադրվում է Շեքսպիր: Ինչքան էլ կարդաս, քչփորես, ուսումնասիրես, ամեն անգամ նրա ստեղծագործություններում կգտնես քեզ համար մի նոր բան: Փորձել ենք`ինչքան հնարավոր է մոտեցնել երիտասարդներին գրականությանը»:
Ակումբի հիմնադիր-նախագահը չցանկացավ մասնակիցներից որևէ մեկի աշխատանքն առանձնացնել` հավելելով, որ նախատեսել էին առաջին, երկրորդ, երրորդ տեղերում հաղթողներ ճանաչել, սակայն բոլոր աշխատանքները եղել են յուրահատուկ իրենց ձևով, մոտեցմամբ, որոշեցին բոլորին տալ մրցանակներ և պատվոգրեր:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ