Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետբյուջեն փակենք, բյուջեի անունն էլ դնենք պարտքի վերադարձման գրասենյակ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հունիս 14,2016 17:23

Այսօր ԱԺ-ում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նոր վարկային համաձայնագիր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերանորոգման համար: Վարկային համաձայնագիրը ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ է ստորագրվել, նախատեսվում է տրամադրել 51 մլն եվրո՝ մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման եւ արդիականացման նպատակով:

Վերանորոգվելու է մոտ 90 կմ ճանապարհ, իրականացվելու են նաեւ կարեւոր ենթակառուցվածքների վերանորոգումներ: 3 թունելներ ունենք, որոնք խորհրդային ժամանակներից են եւ չեն համապատասխանում հիմնական ցուցիչներին՝ ոչ բարձրութունը, ոչ լայնությունը թույլ չի տալիս, որ միաժամանակ երթեւեկեն հակառակ ուղղություններով երկու ավտոմեքենաներ, 12 կամուրջներ ունենք, որոնք իրենց սպառել են ինչպես տեխնիկապես, այնպես էլ բարոյապես: Դրանք կհիմնանորոգվեն:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Դեկտեմբերին Հյուսիս-հարավի Արտաշատ-Երեւան հատվածը պետք է շահագործվեր: Բայց շահագործումից մի որոշ ժամանակ անց դրա մի երթեւեկելի հատվածը փակված է: Ի՞նչ է պատճառը»:

Փոխնախարարը պատասխանեց, որ պայմանագրով ենթադրվում էր ավարտել շինարարական աշխատանքները, մեկնարկել թեսթային ավարտական աշխատանքները, ինչը իրականացվեց: Նա ասաց, որ փորձարկման ժամանակ ճաքեր են գտել, շինարարական կազմակերպությունը իր հաշվին վերացրել է թերությունները, այսօրվանից արդեն բացել են ճանապարհը:

Նիկոլ Փաշինյանը անեկդոտ հիշեց. «Ասում է՝ տան տանիքը կապեցի, արհեստավորն էլ նենց լավ մարդ էր, վերջում մի քիչ ժեշտ էր ավելացել, մի 30 հատ վեդրո սարքեց, ասեց՝ որտեղ կկաթի՝ կդնեք»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ դժգոհեց, որ վերջին տարիներին ոչ մի ճանապարհաշինություն ՀՀ-ում չի եղել պետբյուջեի հաշվին, բոլորը վարկով են անում. «Գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում, որ մենք 26 տարվա պետություն ենք, ոչ մի խնդիր չի առաջանում՝ ճանապարհ պիտի սարքենք՝ վարկ պիտի վերցնենք, լույսերը քաշենք՝ վարկ պիտի վերցնենք, բա զենք առնենք՝ վարկ պիտի վերցնենք, հա բա մեզ որտեղի՞ց էդքան փող: Մենք 26 տարվա պետություն ենք, դուք ինչո՞վ էիք զբաղված: Հենա պետբյուջեն փակենք, բյուջեի անունն էլ դնենք պարտքի վերադարձման գրասենյակ»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ՀՀ-ն միակը չէ, որ ենթակառուցվածքների համար օգտագործում է էժան վարկեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930