«Եթե դուք զգում եք, որեւէ մեկ անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից սկիզբը չի դրվում: Բայց պատասխան չտալն էլ…Գիտեք, բավականին լռում ենք, բավականին պատասխաններ չենք տալիս, ժպտում ենք, հետո կանչում բացատրում ենք, բայց վերջիվերջո այդքան լռելն էլ հանրությունը կարող է այլ ձեւով ընկալել, որ ուրեմն համաձայն ենք»,- այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այսպես արդարացրեց Վարդան Այվազյանին, որը պատգամավորներից մեկին անվանել էր «քաղաքական բիճ, ճուտ, ջերմոցի վարունգ»:
Aravot.am-ի հարցին՝ այսինքն, ճի՞շտ էր Վարդան Այվազյանի արձագանքը պատգամավորին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նա երրորդ դեմքով արձագանքեց: Իսկ նախորդինը ճի՞շտ էր»:
Մեր դիտարկմանը, որ համենայնդեպս «քաղաքական բիճ, վարունգ…», այդ բառապաշարով իրեն չէին քննադատել՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դրանք քաղաքականության մեջ օգտագործվող բառեր են, միշտ օգտագործվում են: Ավելի սարսափելի բառեր են լինում քաղաքական դաշտում, գիտեք, ծեծկռտուքներ եւ այլն: Մինչեւ քաղաքական գործիչ լինելը բոլորը սովորական մահկանացուներ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ