Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 14-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատաքննությունը:
Որպես վկա ցուցմունք տվեց նաեւ Դմիտրի Սավչենկոն: Հարցաքննությունից պարզ դարձավ, որ նա որպես տաքսու վարորդ դեպքի օրը փոխադրել է գործով երեք մեղադրյալներին, սակայն չկարողացավ հիշել նրանց արտաքին նկարագիրը:
-Դուք վարորդ եք, չէ՞, մարդ եք փոխադրել չէ՞: Վարորդը մարդ պետք է տանի, հո անասուն չի՞ տանելու: Ձեզ ի՞նչ է հայտնի այդ դեպքի մասին,-հարցրեց դատավորը:
-Փոխադրել եմ երեք հոգու` «Օպել» մակնիշի իմ ավտոմեքենայով,-պատասխանեց վկան, որը պնդում էր` շատ բան չի հիշում:
Կարդացեք նաև
Սավչենկոյի դեպքում եւս հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, քանի նա չվերհիշեց մանրամասները: «Մեկի ջինսե շալվարի ծնկի հատվածում պատռվածք կար: Նրանց ձեռքին ոչինչ չի եղել, նրանք միմյանց անուններով չէին դիմում»,-ասված է Սավչենկոյի ցուցմունքում:
Հաջորդիվ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ըստ համապատասխան ծանուցագրերի` այս գործով որոշ վկաներ ՀՀ-ում չեն, մեկն էլ Ռուսաստանում է: Դատավորը նկատեց, որ ապրիլյան դեպքերից հետո ոստիկանությունից հաճախ են ստացվում ծանուցագրեր, թե վկաների հարազատների խոսքով` վերջիններս Ղարաբաղում են: «Որ բոլորը Ղարաբաղում են, բա մեր զինվորներն ի՞նչ են անում: Այն ժամանակ բոլորը Ռուսաստանում էին, հիմա Ռուսաստանը դարձել է Ղարաբաղ»,-նկատեց դատավորը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 21-ին, ժամը 12:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ