Ամերիկայի հայկական համագումարը (The Armenian Assembly of America) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ։
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամերիկայի հայկական համագումարը և ԱՄՆ-ի բոլոր հայերը սգում են Օրլանդոյի կոտորածին զոհ գնացածների համար։ Մենք աղոթում ենք տուժածների, նրանց ընտանիքների և ընկերների համար։
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտում է բարբարոսական գործողությունները, որոնք տեղի են ունեցել համատարած անհանդուրժողականության, ատելության և դաժանության հողի վրա, որոնք կատարել է հանցագործը և նրանց, որոնք մտածում են նրա պես։
Մի քանի ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» ընդունակ է ցեղասպանություն իրագործել Սիրիայում և Իրաքում՝ հայերին ներառելով այն խմբի մեջ, որոնք սպառնալիքի տակ են։ Որպես հայեր մենք լավ գիտենք թիրախ լինելու և սպանվելու վախը, ինչպես Օսմանյան կայսրությունում էր՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, 1980-ականների վերջին՝ Ադրբեջանում, և այսօր էլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով»։