Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ մեկ ամիս առաջ կառավարության նիստին հնչեցրած պետական միջոցների խիստ խնայողության, ինչպես նաեւ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի խոստումները դեռ իրականացվել են պետական ապարատի աշխատակիցների ու ավտոպարկի որոշակի օպտիմալացման տարբերակով: Կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարում, որքան էլ այդ խոստումներն ամեն անգամ մատուցվեն տարբեր լույսի ներքո, միեւնույն է, փորձագետների կարծիքով, դեռ էական առաջընթաց չի գրանցվում: Ավելին, ըստ տարբեր միջազգային վարկանիշերի, ԱՊՀ տարածքում Հայաստանը մնում է ամենակոռումպացված եւ մենաշնորհայնացված երկրներից մեկը: Արդյոք ղարաբաղյան ճակատում ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո իշխանության ձեռնարկած քայլերն ու միջոցառումները համապատասխանո՞ւմ են հանրության պահանջներին, ինչպիսի՞ իրավիճակում է հայտնվել Հայաստանի տնտեսությունը, կդիմանա՞ այն նոր ռազմաքաղաքական ցնցումների, այս եւ այլ հարցերի շուրջ մեզ հետ զրույցում իր մտքերով կիսվեց 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
-Պարոն Ասատրյան, վարչապետը մայիսի 12-ի իր հայտնի ելույթում հիմնական երեք թիրախ նշեց՝ պետական ապարատի օպտիմալացում ու միջոցների տնտեսում, ինչպես նաեւ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար: Ի՞նչ եք կարծում, նշված թիրախները, ընդունվող որոշումները, որքանո՞վ են ադեկվատ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին ու առաջացած խնդիրներին:
-Նախ սկսենք թիրախներից: Ուրախ եմ, որ վերջապես խնդիրները տեղ հասան ու իշխանությունները զգացին դրանց կարեւորությունը: Իրականում այս հարցադրումները հրապարակում կային շատ վաղուց՝ թե գիտահետազոտական հոդվածներում եւ թե քաղաքական հայտարարություններում: Բանն այն է, որ իրավիճակն ուղղակի անտանելի է դարձել: Հայաստանում ձեւավորվել է մի համակարգ, որի էությունն ու բովանդակությունը կոռուպցիան է: Ընդ որում, կոռուպցիան դարձել է վերհամակարգային երեւույթ: Խոսքն ինչ- որ տեղերում չինովնիկների պաշտոնական չարաշահումների մասին չէ: Կոռուպցիան դարձել է այս իշխանության բովանդակությունը եւ հանդիսանում է իշխանության վերարտադրության կարեւորագույն նախապայման, որը զուգորդվում է բացասական այլ երեւույթներով: Օրինակ՝ ձեւավորված համակարգի առանցքային տարրերից է իշխանության ու բիզնեսի սերտաճումը, որի ներքո մենաշնորհների առկայությունը այլընտրանք չունեցող լրիվ բացատրելի երեւույթ է: Նրանք այս համակարգի օրգանական հատվածն են․ ընդ որում այն աստիճան փոխկապված, որ դժվար է գնահատել՝ կոռուպցիան է ծնում մենաշնորհները կամ պայմանավորում իշխանության եւ բիզնեսի սերտաճումը, թե հակառակը: Եթե թվարկած երեք հիմնախնդիրների շարքում ավելացնենք եւս երեքը՝ աղքատության բարձր մակարդակը, սոցիալական խոր բեւեռացումը եւ խոշորածավալ արտագաղթը, կստանանք համակարգի ամբողջական պատկերը, որովհետեւ յուրաքանչյուր թվարկած տարր պայմանավորում է մյուսի առկայությունը: Աղքատության բարձր մակարդակը եւ սոցիալական բեւեռացումը պայմանավորում են կոռուպցիան, կոռուպցիան՝ մենաշնորհների առկայությունը, որը անհնար կլիներ առանց բիզնեսի ու իշխանության սերտաճման, թվարկած բոլորը՝ արտագաղթը, որը դառնում է դժգոհությունների արտահայտման հիմնական եղանակ եւ ապահովում թվարկած նախորդների, կոռուպցիայից մինչ աղքատության բարձր մակարդակի վերարտադրությունը: Ստացվում է փակ շղթա:
Սա մի օրում չի ձեւավորվել, այլ տեւական ու գիտակցված ընտրության արդյունք է: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին խնդիր դրվեց եւ անթաքույց հայտարարվեց, որ քաղաքականության մեջ ընդգրկվեն բիզնեսում հաջողության հասած գործարարները: Բայց արի ու տես արվեց ավելին, քան պետք էր: Քոչարյանը գնաց նրան, որ ըստ էության մասնավորեցնում էր կուսակցությունները՝ կապելով այս կամ այն քաղաքական ուժը կոնկրետ խոշոր փողատեր անձանց ու ընտանիքների հետ: Քաղաքական գործիչները փոխարինվեցին խոշոր բիզնեսի ներկայացուցիչներով կամ դրվեցին դրանց վերահսկողության տակ: Արդյունքն այն է, ինչ որ ունենք, իսկ ապրիլյան ճգնաժամից հետո այս համակարգի բոլոր արատավոր կողմերը կարծես խոշորացույցով երեւացին: Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին եւս մեկ բան, որ հասարակությունը, ի զարմանս շատերի, պատրաստ է դիմագրավել փորձությունները, իսկ իշխանությունը սնանկ է ու դատարկ: Այժմ հասարակության շրջանում առաջացել են հարցեր, որոնց իշխանությունը փորձում է պատասխանել արատավոր երեւույթների դեմ պայքարի խոստումներով:
Կարդացեք նաև
-Կարծում եք սա ուղղակի հանրության պահանջներին պատասխանելու համար արված հայտարարություններ են ու դրանց չե՞ն հետեւի կոնկրետ քայլեր:
-Իշխանությունները մի օր այս ամենի մասին պետք է խոսեին, քանի որ մենք իսկապես համակարգային քայքայման վտանգի առաջ ենք կանգնած: Առայժմ հրապարակում դրված է բանակում տեղի ունեցածը, մինչդեռ հասկանում ենք, որ այլ օղակներում իրավիճակն ավելի բարդ ու վատ է: Ուղղակի բանակում, հատկապես ապրիլյան սթրեսից հետո, ճեղքերն ու արատավոր այլ երեւույթներն ավելի արտահայտիչ դարձան: Մյուս ոլորտներում, օրինակ՝ պետական ֆինանսների, տնտեսական, իրավապահ, դատական համակարգերում եւ այլուր, մեր կյանքի թերեւս բոլոր ոլորտներում, կորուստներն ու թերացումներն այդքան ցայտուն չեն, հասարակությունը կարծես հանդուրժում է դրանք: Դրանք կարող են դեռ մի երկու տասնամյակ իրենց լուրջ զգացնել չտալ, եթե հանկարծ շատ ուժեղ ցնցումներ չլինեն: Ուղղակի մինչ օրս երկիրը շարունակել է արյունահոսել՝ զարգացման հնարավորություններից զրկվելով, հեռանկարները կորցնելով ու կոնկրետ արտագաղթի տեսքով: Բայց արի ու տես, որ որեւէ պաշտոնյա այս խնդիրներով լուրջ մտահոգված չէ: Մինչդեռ արտագաղթը, աղքատությունն ու սոցիալական բեւեռացումն են լինելու որոշիչ որեւէ զարգացման համար: Եթե այս երեք հիմնախնդիրներն էլ ավելացվեն, ապա կասեմ, որ գոնե մտահոգությունները համարժեք են ստեղծված իրավիճակին: Այժմ մտահոգությունս այն է, որ իշխանությունը պահելու ցանկությունից դրդված են միայն խոսում այն խնդիրների մասին, որոնց տեղյակ է ՀՀ ցանկացած քաղաքացի:
-Խնդիրն այն է, որ անգամ հիմա, երբ իշխանություններին ասում, խնդրում կամ հորդորում են կոնկրետ, տեսանելի ու արագ քայլեր ձեռնարկել, օրինակ, մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, շատ հաճախ հանդիպում ենք ամեն ինչ ԼՂ հակամարտությամբ ծածկելու հայրենասիրական պաթոսին կամ բարոյախոսություններին: Այսինքն՝ մի կողմից նշում են թիրախներ, բայց, երբ ստանում են հստակ գործողություններ կատարելու պահանջ, հայրենասիրական պաթոսով փորձում են հեռու պահել իրենց այդ քայլերից: Դուք նման տպավորություն ստանում ե՞ք:
-Առաջին տպավորությունս հենց դա է: Այս խնդիրների լուծման համար առաջին նախապայմանը քաղաքական կամքն է, ինչն իշխող քաղաքական ուժը դեռեւս չի էլ դրսեւորել: Ունեցել ենք ակտիվ զարգացման շրջան, ինչպես նաեւ ճգնաժամեր, սակայն կամքի բացակայությունը մշտապես ուղեկցել է այս գործընթացներին: Շատ ժամանակ թվում է, թե այս զարգացումները, թե՛ դրական, թե՛ բացասական, ի հեճուկս են տեղի ունեցել: Իշխանությունը մեծ հաշվով կապ չի ունեցել ո՛չ տնտեսական աճի, ո՛չ էլ անկման հետ: Իրական կարգախոսը եւ փաստացի դրսեւորումը միշտ էլ եղել են գոյատեւելը, «յոլա տանելը», իսկ նպատակը՝ իշխանությունը պահելը, ցանկացած գնով վերարտադրվելը: Ընտրությունից ընտրություն ապրելու մարմաջն իսկապես շատ խորն է նստած: Այժմ իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է կամք կամ ձգտում դրսեւորել: Սա կարող է լինել մի դեպքում, երբ սթափ հայացք նետվի իրավիճակին, որն իշխող ուժն ի վիճակի չէ անել: ՀՀԿ-ն դարձել է իշխանական համակարգի կցորդը: Խորհրդային համակարգում կոմկուսն էր այդպիսին: Կար անբովանդակ ու անդեմ վարչարարության մի ուժ, որին անդամագրվում էին վերարտադրությունը երաշխավորելու համար: Հիմա մենք հասել ենք այդ վիճակին: Տեսեք, երկրում տեղի են ունենում տարբեր կարեւոր իրադարձություններ: Արդյոք այդ քաղաքական ուժը պարտավոր չէ՞ հայտարարությամբ հանդես գալ, դիրքորոշում հայտնել: Խոսքը նախագահի կամ վարչապետի հայտարարությունների մասին չէ: Նրանք խոսում են որպես նախագահ եւ վարչապետ: Այդ ուժը մի բան պե՞տք է ասի, թե՞ չէ: Եթե չի ասում, ուրեմն գոյություն չունի: Երբ վարչապետը, նախագահն ու կուսակցությունը նույնացվում են, ապա մենք կանգնած ենք կուսակցապետության ստեղծման վտանգի առջեւ, որի հետեւանքն իրավիճակի, այդ թվում վերը նշված արատների մշտապես կրկնումն ու վերարտադրությունն է: Ուստի, այսուհետեւ քաղաքական դաշտը սեփականաշնորհած իշխանությունը միայն իր վերարտադրության խնդիրն է դնելու եւ լուծելու:
-Դուք նշեցիք քաղաքական ու տնտեսական իշխանությունների խորը սերտաճվածության մասին, որը կարծես թե «ապահարզանի» նշաններ ցույց չի տալիս: Այս պարագայում ինչպե՞ս է վարչաքաղաքական մենաշնորհ ունեցող ուժը, որի կցորդն է տնտեսությունը, պայքարելու կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ:
-Այս համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարն անհամատեղելի են: Ինքն իր դեմ չի կարող պայքարել: Եկեք պարզ խոսենք: Մենք ունենք քաղաքական մարմին՝ Ազային ժողով, որտեղ կենտրոնացված են թե՛ խոշոր գործարարների մեծ մասը, թե՛ մենաշնորհային դիրք ունեցողները: Այս խնդրի լուծման համար հեծանիվ պետք չէ մոգոնել: Ուղղակի պետք է կատարվի Սահմանադրության պահանջը եւ այդ մարդիկ դուրս բերվեն խորհրդարանից: Նման խնդիր դրված է, նախագահը կամ վարչապետը նման դիրքորոշում հայտնել են, Դուք նման միտում տեսնո՞ւմ եք: Ո՛չ: Ավարտվեց այստեղ ամեն ինչ: Վերանանք անհատներից: Իսկապես մեղք են այն գործարարները, որոնք հպարտությամբ պետք է ապրեին մեր երկրում, քննարկեին բիզնեսի ու տնտեսության զարգացման խնդիրները, քանի որ նրանք են տնտեսությունն առաջ տանում, հարկեր վճարում, սակայն ամեն օր պետք է խաբեն, թաքնվեն, զոքանչներին իրենց բիզնես հաջողությունները վերագրեն, իսկ փաստորեն ամեն օր խախտեն օրենքը, քաղաքական հարցերում խեղճանան, չուլ դառնան յուրաքանչյուր լրագրողի առաջ եւ զրկեն երկիրը զարգացման որեւէ հնարավորությունից: Սա է իրողությունը: Բացի բոլոր հարկերից ու պարտավորություններից, նրանց վրա դրված է մշտապես խոնարհված լինելու պարտավորությունը: Սրա վտանգն էլ այն է, որ այդ անձինք էլ քաղաքական իշխանության նման բավարարվում են եղածով: Ձգտումներ չեն լինելու, գործելու են այնքան, որքան իրենց հնարավորություն է տրված: Նրանց համար էլ գերխնդիր է դառնում այս համակարգի վերարտադրության ապահովումը, որպեսզի պահպանվի ստատուս-քվոն եւ ապահովվի իրենց վերարտադրությունը: Կրկին փակ շղթա:
-Պարոն Ասատրյան, կարող ե՞նք ասել, որ Հայաստանի էլիտաներն իրական փոփոխությունների չեն գնում, ձգտում են պահպանել ստատուս-քվոն, քանի որ վախենում են վաղվա օրից՝ ապագայից:
-Նախ չկա ապագայի տեսլականը: Չեն տեսնում ապագան, որ մի բան էլ վախենան: Նրանք ապագան տեսնում են այնպես, ինչպես ներկան, դրա համար էլ պահպանում են ներկան: Ձգտումներ չկան: Մեր իշխանության բովանդակությունը ցավոք սա է: Ձգտումներ ու տեսլականներ չունեցող ուժերն են իշխում Հայաստանում: Ամեն ինչ իջեցվել է կենդանական բնազդների մակարդակի, այն է՝ եղածը պահպանելու մարմաջին: Կենդանական աշխարհի ամենապարզունակ ներկայացուցիչներն են այդպես վարվում՝ ցանկացած գնով կենակցում, որ վերարտադրությունն ապահովեն: Մեր իրողությունը սա է:
-Տեսե՛ք, փոքրանում են տնտեսության ծավալները, իսկ դա նշանակում է, որ փոքրանում է իշխանության «բլիթը», որի շուրջ կոնսենսուսի են գալիս իշխող տարբեր խմբեր: Այս գործընթացի որպես ակնհայտ դրսեւորում կարելի է համարել Դաշնակցության բավականին դժվարությամբ ու տեւական քննարկումներից հետո մուտքն իշխող կոալիցիա: Ժամանակին չորս քաղաքական ուժ էր կոալիցիայում եւ կարծես բոլորը բավարաված էին: Այժմ երկուսն են եւ դժվարությամբ են կիսում իշխանության լծակներն ու բարիքները: Կարո՞ղ ենք ասել, որ իշխանության «բլիթի» փոքրացումը հնարավոր է հանգեցնի իշխող ուժի պառակտման:
-Կարծում եմ իշխանության «բլիթի» բաժանման ներկայիս տարբերակը, հենց վերը նշված ճգնաժամի արտահայտությունն էր: Եկեք անկեղծ խոսենք: Չեմ կարծում, որ Դաշնակցությունը հանրության շրջանում այդքան մեծ հեղինակություն ու որակյալ ծրագրեր ուներ, որ օրհասական խնդիր էր իրենց հետ կոալիցիա կազմելը: Սակայն մի բան պարզ է, որ իշխող ուժը ոչ մի բան չուներ առաջարկելու եւ փորձ արեց իշխանության կազմը թարմացնելով պատրանքներ առաջացնել: Եթե չլինեին ապրիլյան իրադարձությունները, հասարակությանը կներկայացվեր քաղաքական զարգացման նոր մոդելը եւ հրապարակում արված հարցադրումներից որեւէ մեկը չէր լինի: Իհարկե, բովանդակային առումով բան չէր փոխվելու: Սակայն ապրիլը վերագնահատեց այս վիճակը եւ պորտֆելներ ստացած անձինք իրենց զբաղեցրած պաշտոններին ճիշտ հակադարձ գահավիժեցին իրենց սկզբունքայնության, գիտելիքների ու ձգտումների մակարդակից եւ դարձան բոլորի պես: Ուղղակի զարմանալի և ապշեցուցիչ է այդ փոփոխությունը:
-Քայլերից մեկը, որ պատրաստվում է իշխանությունն ապրիլյան իրադարձություններից հետո կատարել, ինչպես իրենք են նշում, ապօրինի հարստացման պատասխանատավության քրեականացումն է: Արդեն իսկ նոր օրենսդրական նախաձեռնություն կա: Նախ, ի՞նչ է սա ընդհանրապես եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ գործարար աշխարհի համար:
-Նախ, այստեղ ոչ մի նոր բան չեմ տեսնում: Մեր օրենսդրության մեջ կան ապօրինի հարստացման քրեական հետապնդման մասին դրույթներ: Ուղղակի այլ բան է, որ օրենքները չեն աշխատում: Չեմ կարծում որ այստեղ օրենսդրական շտկումների կարիք կա հատկապես այն դեպքում, երբ գոյություն ունեցող մեխանիզմները չեն աշխատում: Մտածել, որ ամեն ինչ կշտկվի ինչ-որ փոփոխության դեպքում, ճիշտ չէ: Ուղղակի մեխանիզմներն աշխատացրեք: Օրինակ՝ կան ակնհայտ դեպքեր: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, որտեղ բաց նշվում է, թե ինչ հարստությունների են տիրապետում, թեպետ գրեթե միշտ պետական պաշտոններ են զբաղեցրել: Անգամ եղան դեպքեր, որ դիմեցին դատախազություն, սակայն մերժում ստացան: Այդ հայտարարագրերից ուղղակի կոռուպցիայի մասին վկայությունների ձեռնարկ կարելի է կազմել: Սա առնվազն նշանակում է, որ օրենքն այդ հարցերում բացակայում է կամ չի աշխատում: Թեպետ կա դատախազություն կամ հատուկ այլ մարմիններ, որոնք մասնագիտացված պետք է զբաղվեն այդ հարցերով: Առկա են նաեւ այլ խնդիրներ, որոնց մասին անգամ ակնարկ չկա․ մեզանում ընդհանուր իրավիճակի անկման պատճառներից մեկը նաեւ պաշտոնյաների բարոյալքումն է: Նրանք հիմա անթաքույց հայտարարագրում կամ ներկայացնում են այն, ինչը մի տասը տարի առաջ կամաչեին կամ կխուսափեին ներկայացնել: Նրանք վստահ են, որ չեն պատժվի: Անպատժելիությունը դարձել է կյանքի նորմ: Հավանաբար նպատակն է համակարգի ներսում նրանց ավելի կառավարելի դարձնել: Այս ամենը գիտի եւ տեսնում է ՀՀ ցանկացած քաղաքացի, բավական է դուրս գալ փողոց եւ այդ ամենն ուղղակի մեր աչքերի առաջ է: Բայց չեն տեսնում պաշտոններ ստանձնածները:
-Ասում են՝ առաջնագծում ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո հանրության շրջանում իրավիճակ ու տրամադրություններ են փոխվել: Դուք զգո՞ւմ եք այդ փոփոխությունները:
-Մի բան հստակ է, հասարակությունը տեսավ իր ակտիվ լինելու պահանջը: Երիտասարդությունը զգաց, որ իր կարիքը կա: Դրսեւորումների մեջ էական բան չի փոխվել, բայց հանրության շրջանում մոտեցումներ են փոխվել ու այլ մթնոլորտ է: Իսկ սա իր արդյունքը դեռ կտա:
-Պարոն Ասատրյան, եթե այս անգամ էլ տրվեն ուղղակի խոստումներ ու չարվեն հետեւություններ, քայլեր, ապա Հայաստանը որպես տնտեսություն, եւս մեկ ապրիլյան ցնցումի կամ սթրեսի կդիմանա՞: Այդ պոտենցիալը կա՞:
-Մեր տնտեսությունն այնքան փոքր ու խեղճ է, որ դեռ շատ ցնցումների կդիմանա: Մենք այս տեսանկյունից շատ խոցելի չենք: Խորը տնտեսական ճգնաժամ Հայաստանում չի լինի, քանի տնտեսությունը չունի այդ խորությունը: Մենք լուրջ եւ զարգացող տնտեսություն չունենք, որ մեծ կորուստներ ունենանք: Ավելին՝ գնալով այն դեռ փոքրանում է: Մեծ կորուստները հատուկ են մեծ տնտեսություններին: Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի տնտեսությունում անգամ, երբ նշվում են աճի տոկոսներ, շատ հեռու է զարգացում կոչվելուց: Մենք ունենք ծավալուն արտագաղթ, մեծ գործազրկություն եւ աղքատության ահագնացող ծավալներ: Հայաստանում աղքատությունն այնքան մեծ ծավալի է, որ բնակչության բնական վերարտադրությունն է խաթարված: Խաթարված է կրթությունը: Աստեղից էլ ծագում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական խնդիրներ, քանի որ աղքատ մարդը մտածում է հանապազօրյա հացի, ոչ թե վեհ քաղաքական գաղափարների ու իշխանությունների հաշվետվողականության կամ նախաձեռնության ու զարգացման մասին: Անհրաժեշտ է միասնական ու ամբողջական միջոցառումների ծրագիր, որն ընդունի հասարակությունը: Դրա ներքո պետք են հստակ ու ռադիկալ լուծումներ, որոնց արդյունքները տեսանելի կդառնան միայն առժամանակ հետո: Իրականում կոռուպցիոն այս սխեմաները կարող են կարճատեւ ժամանակահատվածում արդյունք ապահովել, բայց ի վերջո տանում են ճահճացման: Իսկ հստակ ու անգամ վիրահատական հակակոռուպցիոն միջոցառումները, գուցե, սկզբնական ժամանակահատվածում անգամ խնդիրներ ստեղծեն, բայց երկարատեւ հեռանկարում ապահովելու են զարգացում:
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:
Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:
Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:
Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected],
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm