Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց միջադեպի պատճառով, դատարանը միանգամից երկու քաղաքացու հեռացրեց նիստերի դահլիճից: Միջադեպը բուռն էր փոխադարձ վիրավորանքներով:
Միջադեպը սկսվեց նրանից, որ Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը գործի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանում էր՝ չեմ հիշում:
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ հեգնեց. «Խեղճ տղային այնպես են ծեծել, որ հիշողությունը կորցրել է»:
Կարդացեք նաև
Նա դատական նիստին միջամտեց՝ դատավորին հորդորելով Խաչատրյանի փոխարեն Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի հարցերին չպատասխանել. «Էդ կապիտանը լեզու չունի, մեկ դուք եք պատասխանում, մեկ դատախազը»:
Ազատամարտիկին միացան դատական նիստի մյուս մասնակիցները՝ կապիտանի տղամարդկային արժանիքներին ուղղված վիրավորանքներով:
Ի դեպ, կապիտան Գեղամ Խաչատրյանը չլռեց՝ վիրավորանքներին պատասխանելով՝ «պապադ է»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ