Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՕՊ-ն ընդդեմ ՆԱՏՕ-ի է». Պարույր Հայրիկյան

Հունիս 14,2016 13:58

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ` Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դաշինքն ընդդեմ ՆԱՏՕ-ի է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հայրիկյանը հավաստիացրեց, որ ՌԴ-ն այսօր իրեն համարում է ՆԱՏՕ-ի հակակշիռ, ռազմական անվտանգության հենարան, այնինչ հակադրվել ՆԱՏՕ-ին, նշանակում է հակադրվել քաղաքակրթությանը. ՆԱՏՕ-ին հակադրվելն  ինքնասպանություն է:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե «մի ժամանակ Պուտինը` որպես շարքային չեկիստ, հայտարարություն արեց, որ ինքը մտածում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին»: Ըստ պարոն Հայրիկյանի` դա իսկապես կլիներ ՌԴ-ի փրկությունը, բայց ՆԱՏՕ-ն որոշ պահանջներ ներկայացրեց, այդ թվում նաև քաղաքակրթական:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե ՌԴ-ի հետ հույսեր կապել պետք չէ, քանի որ նա վարում է դաշնակցաժխտման, դաշնակցադավման քաղաքականություն. «Հետաքրքիր է, որ հատկապես նրանք, որոնք ազգային ինքնորոշման կարևորությունից են խոսում,  տխմարները երբեմն ինձ էլ են հակադարձում: Մինչդեռ երբ իրենց պապաները գոռում էին ռուսների  հետ ենք, ես ասում էի`ազգային ինքնորոշում»:

Պարոն Հայրիկյանը ՀՕՊ համաձայնագիրը մանրուք համարեց ու նշեց. «Այս համաձայնագիրը մի մանրուք է. սա հայ-ռուսական ընդհանուր հարաբերությունների մի մասն է, կվավերացվի, թե` ոչ, միևնույն է, Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ իր գործունեությունը համաձայնեցնում է: Ինչ-որ տունտունիկներ են խաղում, քանի որ սրանց համար իրավական հիմնավորումները էական չեն»:

Պարույր Հայրիկյանը մտահոգություն հայտնեց, թե համաձայնագրում չի խոսվում խաղաղության մասին. «Այստեղ խոսում ենք Ռուսաստանի ազդեցության գոտու, նրա շահերի, հետաքրքրությունների մասին, հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին, կարծես թե այդ պատերազմը հավիտյան պիտի գնա: Ոչ ոք չի խոսում խաղաղության, կայունության մարդու իրավունքների երաշխավորման մասին»:

Եզրափակելով՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, թե հայտնվել ենք հակահայկական միջավայրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930